Չգիտեմ` ինչքանով ա համապատասխանում իրականությանը:
«Սա իսկական ֆաշիզմ է». Հայ դեռահասները պատմել են ոստիկանությունում իրենց արկածների մասին
Հայ դեռահասները, որոնց բերման էին ենթարկել Երեւանի ոստիկանության կենտրոնական բաժին, այսօր՝ նոյեմբերի 19-ին (ի դեպ, Երեխաներին բռնություններից պաշտպանելու օրն է) մամուլի ասուլիս էին հրավիրել՝ պատմելու, թե ինչ է տեղի ուենցալ նախօրեին եւ ինչպես են ոստիկանները նվաստացրել անմեղ երեխաներին:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ աղջիկներից մեկը որոշել է ընկերուհուն հուշանվեր նվիրել՝ գանգի տեսքով, եւ այն հանձնել է հանդիպման ժամանակ: Ընկերուհին, բնականաբար, սկսել է նայել նվերը: Եւ այդպես, դանդաղ քայլքով աղջիկները զբոսնել են Մանկական երկաթուղով: Սակայն մանկական երկաթուղու աշխատակիցները լարվածության մեջ են ընկել այն փաստից, որ ջինսերով եւ պիրսինգով երիտասարդների խումբը զբոսնում է «սուր կտրող-ծակող գործիքով»: Զգոն մի քաղաքացի անմիջապես զանգել է ոստիկանություն, եւ իրավապահներն անմիջապես ժամանել են դեպքի վայր:
Ինչպես մամուլի ասուլիսում պատմել է Երեւանի պետհամալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի Կարինան, երբ աղջիկները տեսել են տղամարդկանց, բարդություններից խուսափելու համար նվերը փորձել է թաքցնել, սակայն արդեն ուշ էր:
Կարինայի խոսքով, ոստիկաններն իրենց բավական ագրեսիվ են պահել, սկսել են պարզել, թե ինչ կա աղջիկների պայուսակներում: «Ոչինչ չէր մնում, քան ցույց տալ հուշանվերը»,- նշել է աղջիկը: Վարդագույն գլխարկով աղջկա հավաստիացումները, թե դա ընդամենը հուշանվեր է, ոստիկանին չեն գոհացրել եւ նա այն պահել է աղջկա փորի մոտ ու թափահարելով ասել. «Որ սենց անեմ, կմտնի՞»: Դրանից հետո երիտասարդներին բռնի ուժով նստեցրել են մեքենան: Միջադեպի մյուս մասնակցի՝ Ծոմակի խոսքով, ոստիկանների ձեռքն են ընկել նաեւ երկու պատահական անցորդներ, որոնք եւս ազատ ոճով էին հագնված: Մեկը ճղած ջինսեր էր հագել, մյուսը եղել է երկար մազերով: Հավանաբար, զգոն ոստիկանները մտածել են, թե նման դրսեւորումները պետք է «պատժել օրենքի ողջ խստությամբ»: Մի խոսքով, ոստիկանությունում են հայտնվել նաեւ պատահական անցորդները:
Իսկ ի՞նչ է եղել հետո:
Հետո սկսվեց իսկական սարսափը:
«Ոստիկանները մեզ համոզում էին, թե մենք էմո սուբմշակույթի կրողներ են, ձայն էին բարձրացնում մեզ վրա, հայհոյում, ստիպում խոստովանել այն, ինչ չենք արել եւ չենք հանդիսանում»,- ասաց Կարինան՝ հավելելով, որ առաջարկել է ոստիկաններին այցելել այն խանութը, որտեղից գնել է հուշանվերը: Ինչ վերաբերում է վարդագույն-սեւ հագուստին, աղջիկն ասաց. «Ոստիկանները, տեսնելով գույների համադրությունը, հարձակվեցին մեզ վրա եւ բղավում էին. «Դուք էմոներ եք»:
Ծոմակի խոսքով, ոստիկանները ստիպել են իրենց իսկ հորինած բացատրականը գրել: «Այն բանից հետո, երբ ես հրաժարվեցի վկայություն տալ, նրանք զայրացան»,- ասել է աղջիկը եւ նշել, թե ոստիկաններն ուղղակի անհեթեթ հարցեր են տվել, արդյոք իրենք Եհովայի վկանե՞ր են, աղանդավորնե՞ր են, կամ այլ «հիմարություններ»:
«Ընդհանրապես մեր երկրում զարմանալի իրավիճակ է: Այստեղ պիրսինգ կամ տատու արածներին սատանիստներ են անվանում: Նույնը «էմո»-ների դեպքում: Մարդկանց պարզապես դուր է գալիս այդ ոճը, դուր է գալիս վարդագույն հագուստ կրել: Աբսուրդ է, բայց այդ նույն պատճառով դու կարող ես բառի բուն իմաստով զոհ գնալ, ոչ միայն հասարակության, այլեւ ոստիկանության ձեռքով»,- ասել է Ծոմակը:
Նրա խոսքով, ոստիկաններն իրենց չեն ծեծել, բայց բղավել են, իսկ Բելլային՝ «Արմինֆո» գործակալության ղեկավարի դստեր մազերից են քաշել: Ոստիկանությունում սպառնալիքներից ու դիտողություններից հետո թույլատրել են զանգահարել ծնողներին: Աղջիկները նշեցին, որ իրանցի պատահական անցորդին «դեսպանատուն» բառը լսելուց հետո արագ բաց են թողել, իսկ երկրորդ տղային ծեծի են ենթարկել, քանի որ բղավոցներ էին լսվում: Կարինայի ընկերուհիներն ասացին, որ աղջիկն իսկական շոկ է ապրել: Ուսանողուհին առ այսօր ահաբեկված է:
«Դա սովորական ֆաշիզմ է: Մարդկանց բռնում են մազերի սխալ գույնի համար»,- նշել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը: Նրա խոսքով, այժմ ինքը, որպես ծնող ստիպված է վախենալ իր երեխաների համար, որոնք «բոլորի պես չեն հագնվում»:
Այս ողջ պատմության մեջ ուշագրավ է Զարուհի Ղուկասյանի՝ ձերբակալված դեռահասներից մեկի մոր պատմածը: Նա, մասնավորապես, հայտնել է, որ մեկ շաբաթ առաջ իրենց տուն է ժամանել անչափահասների հարցերով տեսուչ Խաչիկ Ավագյանն ու փորձել համոզել ծնողներին, որ Բելլան «էմո» է: Ոստիկանն անգամ սպառնացել է, որ եթե ծնողները միջոցներ չձեռնարկեն, «այդ պատմությունը վատ ավարտ» կունենա: Միգուցե, պատահական չէ՞, որ մեկ շաբաթ անց երիտասարդներին, այդ թվում՝ Բելլային բերման են ենթարկել ոստիկանություն:
Աղբյուր`
NEWS.am
Էս ոստիկանների կատարյալ ապուշությունն ու անմարդկային վերաբերմունքը զզվանք են առաջացնում:

Էջանիշներ