ՄՈԼՈՐԱԿԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 90%-Ն ՕԳՏՎՈՒՄ Է ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԻՑ, ԻՍԿ 25%-Ը ԻՆՏԵՐՆԵՏԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Երկրագնդի բնակիչների ավելի քան 90 տոկոսը տվյալ պահին բջջային հեռախոսներից օգտվելու հնարավորություն ունեն, իսկ 25 տոկոսն ինտերնետի հասանելիություն, ասվում է Էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) նոր զեկույցում։
Ինչպես հաղորդում է «Փրայմ-Թասս»-ը, այդ փաստաթուղթը ներկայացվել է միջազգային խորհրդաժողովի մասնակիցների քննարկմանը: Խորհրդաժողովը նվիրված է տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացմանը և անցկացվում է Հայդարաբադե քաղաքում (Հնդկաստան)՝ ԷՄՄ հովանու ներքո։
Զեկույցում գնահատականն է տրվում մինչև 2015թ.-ը գլոբալ տեղեկատվական հանրության ստեղծման գործում ձեռք բերված առաջընթացին։
«2003թ.-ից սկսած, երբ բարձր մակարդակով կազմակերպվել էր Տեղեկատվական հանրության հարցերին վերաբերող առաջին համաշխարհային հանդիպումը, Ինտերնետից օգտվողների քանակն ավելի քան երկու անգամ ավելացավ, և ներկայում աշխարհի բնակչության ավելի քան 25 տոկոսն օգտվում է Ինտերնետից»,- հայտնել է ԷՄՄ գլխավոր քարտուղար Համադուն Թուրեն։
Ըստ նրա, բջջային հեռախոսների օգտագործումը հեղափոխության կհանգեցնի հաղորդակցության ոլորտում։ «Օրինակ, աշխարհի առավել մեծ թվով բնակչություն ունեցող երկու երկրներում՝ Հնդկաստանում և Չինաստանումը, բջջային կապի տեխնոլոգիան գյուղերի 90 տոկոսի համար հաղորդակցական ծառայությունների հիմնական ծառայություններ է ապահովում»,- նշել է Թուրեն։
«Զարգացող երկրներից շատերում ֆիքսված հեռախոսակապի գծեր կան հիմնականում քաղաքային մասերում։ Դրա հետ մեկտեղ, ներկայում, գյուղական համայնքի ընտանիքների կեսը բջջային հեռախոս ունի»,- ավելացրել է ԷՄՄ գլխավոր քարտուղարը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ այսօր մարդկանց համար Ինտերնետի հասանելիության հնարավորության ընդլայնման համար լրացուցիչ ծառայություններ են պահանջվում։ Ընդհանուր առմամբ, աշխարհի բնակչության 75 տոկոսը հեռուստացույց ունի, իսկ Ինտերնետից օգտվում է միայն 25 տոկոսը։ Ընդ որում զարգացող երկրներում համաշխարհային ոստայնի հասանելիությամբ ապահովված է ընտանիքների ընդամենը 12 տոկոսը։
Ինչպես հիշեցնում են ՄԱԿ-ի մամուլի ծառայությունից, Էլեկտրակապի միջազգային միությունը կոչ է արել ներդնել բոլոր ջանքերը, որպեսզի 2015թ.-ին աշխարհի բնակչության կեսն ապահովված լինի լայնաշերտ ինտերնետի հասանելիությամբ։
Էջանիշներ