Շարունակություն
Որոշ պետությունների շահագրգռվածությունը հայերին իրենց բնօրրանից արտաքսելու մեջ:
Առաջին Աշխարհամարտի տարիներին Ռուսաստանը մի քանի անգամ փոխեց իր քաղաքականությունը կովկասյան ռազմաճակատում: Ռուսական արքունիքում մրցակցում էին երկու տեսակետ: Ըստ մեկի, պետք է Բուլղարիայի օրինակով ստեղծվեր Ռուսաստանին արբանյակ պետություն` ՙանկախ՚ Հայաստան և դառնար Ռուսաստանի հենակետը տարածաշրջանում: Ըստ մյուսի` Հայաստանը պետք է իսպառ հայաթափվեր և բնակեցվեր կոզակներով և ռուսական աղանդավորներով` մոլոկաններով, դուխոբորներով և այլն: Ըստ այդմ, մեկ մի տեսակետն էր դառնում առաջատար և իրականացվող, մեկ էլ մյուսը: Երբ արքունիքում հաղթում էր հայաթափության տեսակետը ռազմաճակատում տեղի էր ունենում հետևյալը: Ռուսական բանակը հայ կամավորական ջակատների և բնակչության աջակցությամբ գրոհով ետ էր շպրտում թուրքերին իրենց դիրքերից, մի քանի օր հայերը ցնծում էին և հանկարծ առանց բնակչությանը տեղակացնելու ռուսական զորքը դավաճանաբար ետ էր քաշվում և անպաշտպան բնակչությանը գցում էին կատաղած թուրքի երախը:
Ինչ էր տեղի ունենում հետո մեզ քաջ հայտնի է...
Հիմա նույնն է: ԱՄՆ նախկին պետքարտուղար Զ. Բժեզինսկու հանրահայտ ՙՇախմատային մեծ խաղատախտակ՚ գրքում բերված է իբր թուրքալեզու ժողովուրդների տարածվածության քարտեզը:
Ինչպես տեսնում ենք այս քարտեզում չի նշված Թաթարստանը, Բաշկորկստանը և ռուսաստանյան թուրքալեղու այլ տարածքները: Սա խոսում միայն մի բանի մասին, որ քարտեզում պատկերված է Զ. Բժեզինսկու երազած ՙթուրքական մեծ պարիսպը՚, որը հիմա ԱՄՆ-ը կառուցում է փոփոխական հաջողությամբ: Դրա նպատակն է կտրել հարավային երկրների հետ Ռուսաստանի հաղորդակցության ցամաքային ուղիները: Եվրոպայի ուղղությամբ այդ պատը երկարացվեց Ալբանիայի և Կոսովոյի հաշվին: Հեշտ է նկատել, որ Հայաստանը իր դիրքով այդ պատը զգալիորեն բարակացնում է: Հաշվի առնենք, որ Պարսկահայքում և Պարսկական (իսկական) Ադրբեջանում բնակչությունը թուրքալեզու լինելով, իրանական` արիական ծագում ունի և իր մտածելակերպով ու հոգեկերտվածքով էապես տարբերվում է Ադրբեջան կոչվող հանրապետության թուրք բնակչությունից: Բացի դա, Իրանը ամուր պետություն է և նմանատիպ խաղերը այնտեղ չեն անցնում: Ուրեմն ստացվում է, որ Հայաստանը ՙթուրքական մեծ պարիսպ՚-ի մեջ Ռուսաստանի և Իրանի համար դարբասի դեր է խաղում: Ինչպես դա ցույց է տրված նկարում աջից:
Ինքնին հասկանալի է, որ ԱՄՆ-ը պետք է ձգտի փակել այդ դարբասը: Առաջին կոպիտ փորձը չստացվեց: Պոլ Գոբլի տարածքների փոխանակման ծրագիրն էր: Տարբերակները հետևյալն էին` Մեղրին տրվում էր Ադրբեջանին, Ղարաբաղը` Հայաստանին, Լաչինի միջանցքը Հայաստանին, Մեղրիում երկաթուղին` Ադրբեջանին և այսպես մի քանի այլևայլ տարբերակներով: Ոչինչ չստացվեց, քանի որ ժողովուրդը դեմ էր, ժողովրդի կամային հատկանիշները այլ էին:
Որոշվեց իրականացնել պահեստային, շատ ծանր պլանը: Ըստ այդ պլանի Հայաստանը Թուրքիայի և թուրքերի համար դառնալու է ՙթափանցիկ՚: Դրա համար հայ-թուրքական հաշտեցում է հարկավոր, որպեսզի իմաստ ունենա ռուսական ռազմական բազան հանեն Հայաստանից: Դրա համար պետք է մոռացվեն Սևրի պայմանագիրն ու Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը: Դրա համար հայերը պետք է հրաժարվեն իրենց ՀԱՅՐԵՆԻՔԻ մեծ մասից, որպեսզի դարբասը չլայնանա: Դրա համար հայերի մեջ պետք է արմատավորել այն խեղկատակությունը թե շուտով պետությունները կդադարեն գոյություն ունենալ, ազգերը կվերանան և աշխարհը կկառավարվի տնտեսական հսկա կորպորացիաների կողմից: Այնպես որ ինչ կարիք կա հուզվելու` Հայրենիքը, ազգը, և նման այլ հասկացությունները կեղծ քաղաքական կատեգորիաներ են:
Ի՞նչ կլինի այդպիսի ընթացքի դեպքում, բոլորս արդեն կարող ենք հստակ պատկերացնել ...
ՀԻՄԻ Է՞Լ ԼՌԵՆՔ ...
Բայց ի՞նչ անենք…
Այս հարցի առջև մեր ազգը բազմիցս է կանգնել և այդպես էլ ընդհանուր կարծիքի չենք եկել: Հիշում եք ՙՄուսա լեռան 40 օրը՚: ժողովրդի մի մասը հոգևորականի հորդորներով ընտրեց Դեր Զոր տանող ճանապարհը: Իսկ մյուս մասը գնաց Բագրատյանի հետ դեպի Մուսա լեռ:
Հիմա նույնն է: Նորից երկու ճանապարհ ունենք:
Մեկը տանում է դեպի Դեր Զոր: Դա հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն է: Դա մեր թշնամիների կամքին լիովին հնազանդվելու ուղին է: Այդ ճանապարհը մեզ քաջ հայտնի է, մենք մեկ անգամ չէ որ անցել ենք այն: Թե ի՞նչ է մեզ սպասում այդ ճանապարհին և մանավանդ վերջում կարծում եմ ոչ մեկի համար առանձնահատուկ գաղտնիք չէ:
Մյուսը տանում է Մուսա լեռ: Դա հայ-թուրքական արձանագրություններին ՈՉ ասելն է: Դա ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆՆ ՕՐ հռչակելն է: Դա ՄԱԿ-ի ԱԽ-ին համապատասխան հայցով դիմելն է, պահանջելով կատարել Սևրի պայմանագրով որոշված Վուդրո Վիլսոնի ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ: Դա ՀԱՅ ԴԱՏ-ի ուղին է: Դա դիմադրության և պայքարի ուղին է: Այդ ճանապարհն էլ մեզ քաջ հայտնի է: Այդ ճամփով էլ մենք մեկ անգամ չէ որ անցել ենք: Ու փորձը` մեր պատմական փորձը, մեզ ցույց է տվել, որ բացարձակապես բոլոր այն դեպքերում, երբ մենք տեր ենք կանգնել մեր իրավունքներին, երբ մենք դիմադրություն ենք կազմակերպել` զինված թե անզեն, մենք հաղթել ենք և ապրել, թեկուզև զոհողությունների գնով:
Երրորդը չկա…
Ու եթե մուսալեռցիները կարող էին հարգել մեկմեկու կարծիքը և ասել. ՙԳնացեք ձեր ընտրած ճանապարհով, Աստված ձեզ օգնական՚, ապա
հիմա ուրիշ է: Իրավիճակն այնպիսին է, որ մենք ստիպված ենք ազգովի ընտրություն կատարել. ԼԻՆԵԼ թե ՉԼԻՆԵԼՈՒ միջև:
Վաչագան Վահրադյան
Էջանիշներ