Հատված անավարտ պիեսից
Անո- Բարև, տիկին Արուսյակ:
Արուս -Բարև, Անո ջան: Ներս արի: Նստիր:
Անո -Օֆ, սարսափելի շոգ է:
Արուս -Վա՞տ է, ի՞նչ է: Մեր Կիրովականից շոգը կտրվել է, անձրև, անձրև, ինչքա՞ն կարելի է: Մի քիչ էլ թող մեզ արև հասնի էլի:
Անո -Տանը նստած լավ է, բայց դուրս գալ չի լինում:
Արուս -Դու էլ դուրս մի արի:
Անո -Է, դրա հետ տանը մնա՞լ է լինում:
Արուս -Դե հիմա եկել ես, նստիր, հովը կընկնի, կգնաս: Ես էլ մենակ եմ:
Անո -Չէ, մի րոպեով եմ եկել, գործեր ունեմ, պիտի գնամ, ուղղակի անցնում էի, ասացի` մի հատ մտնեմ, տեսնեմ` տիկին Արուսը ինչ է անում:
Արուս -Ի՞նչ պիտի անեմ, քարտ եմ առել, ուզում եմ` զանգեմ, տղայիս հետ խոսամ, բայց ես սրանց ձևերից բան չեմ հասկանում:
Անո -Տիկին Արուս ջան, հիմա շտապում եմ, բայց հետ դառնալիս կարող եմ նորից անցնել քեզ մոտ, կզանգենք:
Արուս -Չէ, ազիզ, Նանոյին ասել եմ, գալու է, կզանգենք, բայց դու էլի անպայման կգաս:
Անո -Դե, տեսնեմ: Նանոյից ի՞նչ կա:
Արուս -Ի՞նչ պիտի լինի, ամուսինը մի փչացածի մեկն է:
Անո -Ինքն էլ պակասը չի, ամուսինը հետը` սիրեկան է պահում:
Արուս -Ինչ որ է, իրենց դարդը մեզ չեն տվել:
Անո -Չէ, ինձ պես:
Արուս -Հա, քոնն էլ պիտանի չի:
Անո -Բայց ես սիրեկան չեմ պահում: (հառաչում է)
Արուս -Հիմա ի՞նչ ես ասում, մի հատ սուրճ չդնե՞մ:
Անո -Չէ, տիկին Արուս, ուղղակի այն դեղերը, որ խոստացել էի, բերել եմ:
Արուս -Ի՞նչ դեղեր:
Անո -Այն, որ ասում էի այն անգամ:
Արուս -Բայց ես չուզեցի:
Անո- Այս է, տիկին Արուսյակ ջան, այս դեղերը (հանում է պայուսակից):
Արուս- Այդ ի՞նչ դեղեր են:
Անո -Տաբլետոկ է:
Արուս -Մեղա քեզ, ի՞նչ տաբլետոկ:
Անո -Ընտիր դեղ է, ճնշումի դեմ, քեզ համար եմ բերել:
Արուս -Բայց ես ճնշում չունեմ:
Անո -Տարօրինակ է, քո տարիքի կինը պարզապես պարտավոր է ճնշում ունենալ, հատը 100 դրամ:
Արուս -Ես ճնշում չունեմ:
Անո -12 հատ է, թանկ չի, տես, թե ինչ էլ խոշոր են:
Արուս -Հա էլի, ախչի, ոնց որ ծիրանի կորիզ լինեն:
Անո -Գույնն էլ:
Արուս -Զզվելի գույն է:
Անո -Ինչու՞, ծիրանի կորիզի գույնը զզվելի՞ է, մեր հայկական ծիրանի:
Արուս -Որպես ծիրանի կորիզի գույն զզվելի չէ, բայց որպես այս դեղի գույն մի տեսակ չի նայվում:
Անո -Ընտիր դեղ է, հիմա վերցնու՞մ ես:
Արուս -Ինչի՞ս է պետք:
Անո -Ճնշումի համար է:
Արուս -Հա, բայց ես ճնշում չունեմ:
Անո -Հիմա չունես, վաղը կունենաս:
Արուս -Երբ կունենամ, այն ժամանակ էլ կառնեմ, թոշակառու կին եմ, գիտես` փողը թափա՞ծ է:
Անո -Քեզ ի՞նչ է եղել, որդիներդ…
Արուս -Որդիներիս ցավը տանեմ…
Անո -Հիմա վերցնու՞մ ես, թե չէ:
Արուս -Չէ, էլի, ախչի, վերցնեմ` ի՞նչ անեմ:
Անո -Ասում եմ, էլի, ճնշումի համար է:
Արուս -Դե, թող մնան, երբ պետք լինի…
Անո -Ուշ կլինի:
Արուս -Ինչի՞ց պետք է ուշ լինի:
Անո -Ժամկետը կանցնի:
Արուս -Մեղա, այդ դեղից այդ տասներկու հա՞տն է, էլ չի՞ արտադրվում:
Անո -Արտադրվելը արտադրվում է, բայց մեզ մոտ չկա:
Արուս -Բա քեզ որտեղի՞ց:
Անո -Ֆիլիպիններից:
Արուս -Ի՞նչ Ֆիլիպիններ:
Անո -Ֆիլիպինյան կղզիները չգիտե՞ս:
Արուս -Ո՞վ է բերել:
Անո -Ես, անձամբ, շատ էր, խմել եմ, այս 12 հատն է մնացել:
Արուս -Ախչի, ի՞նչ ես խոսում, ես քեզ այս տասը տարի է ճանաչում եմ, դու Կիրովականից դուրս չես եկել, ի՞նչ Ֆիլիպինյան կղզիներ:
Անո -Հա, ժամանակները ոնց փչացան: 15 տարի առաջ ենք գնացել, ամուսնուս հետ:
Արուս (թերահավատորեն) -Ամուսինդ քեզ Ֆիլիպիններ է տարել:
Անո -Դե այն ժամանակ այսպես չէր խմում, ավելի շուտ խմում էր, բայց լավ բաներ էլ ուներ:
Արուս -Ի՞նչ լավ բան պիտի ունենար, տեսնում եմ, էլի:
Անո -Փող:
Տիկին Արուսյակ, ինձ մի բաժակ ջուր տուր:
Տիկին Արուսը գնում է, խոհանոցից բաժակով ջուր բերում, Անոն ուզում է` դեղը խմի:
Արուս -Ախչի, այդ ի՞նչ ես անում:
Անո -Խմում եմ:
Արուս -Ի՞նչն ես խմում:
Անո -Տաբլետոկը:
Արուս -Դու ճնշում ունե՞ս:
Անո -Չէ, բայց հո չեմ թողնի` կորչի:
Արուս -Ախչի, ժամկետն անցած կլինի, կթունավորվես, կմեռնես:
Անո -Բան էլ չկա, շատ էր, լրիվ խմել եմ… (խմում է, դեմքը զզվանքով ծամածռում է) Թու, դառն է…
Արուս -15 տարվա դեղ է, ի՞նչ ես ուզում:
Անո -Փորձիր մի հատ:
Արուս -Լավ է, չեմ ուզում:
Անո -Հյուրասիրում եմ:
Արուս -Չէ, իմ դեղը ասպիրինն է:
Անո -Ինչի՞ համար ես խմում:
Արուս -Վայ, այնքան լավ դեղ է:
Անո -Հա, բայց դու կոնկրետ ինչի՞ դեմ ես խմում:
Արուս -Այդպես կոնկրետ չգիտեմ, բայց ինձ շատ է օգնում:
Էջանիշներ