Չեմ հասկանում, թե ոնց կարելի ա մի քաղաք սիրել, բայց էդ քաղաքի բնակիչներին չսիրել: Եթե բնությունն ես սիրում, ապա բնությունը քաղաքի հետ կապ չունի: Ու առավել շատ տարօրինակ ա էն, որ մարդը չի սիրում սեփական քաղաքի բնակիչներին: Էդ համարյա նույնն ա, որ մարդ չսիրի իր ազգությունը: Այնուամենայնիվ, կուզեի իմանալ, թե հատկապես ինչու չես սիրում գորիսեցիներին: Աչքիս ես իմ կապանցի հալով գորիսեցիներին ավելի լավ եմ վերաբերվում, քան դու
Հիմա խոսեմ իմ ծննդավայրի՝ Կապանի մասին: Շատ եմ սիրում Կապանս: Աշխարհի ամենալավ քաղաքն ա: Ի տարբերություն ՀՀ շատ քաղաքների Կապանը մաքուր է: Փողոցներում զիբիլ չես գտնի: Բնությունը մի հրաշք է: Չորսբոլորը անտառներ, կանաչ: Հարավ-արևելքում բազմել է խրոխտ Խուստուփը, որը կարծես հսկում է քաղաքի կյանքը: Ընդհանրապես Խուստուփը մեծ դեր ունի յուրաքանչյուր կապանցու համար: Այն կարծես լրացուցիչ վեհություն է տալիս քաղաքին: Քաղաքով հոսում են երեք գետեր՝ Ողգին, Վաչագանը ու Կավարտիջուրը: Մի ժամանակ գետերը կեղտոտ էին, վերջերս մաքրվել են: Վաչագանը և Կավարտիջուրը գալիս քաղաքի մեջ թափվում են Ողջու մեջ, որն էլ իր հերքին գնում ու խառնվում է Մայր Արաքսի ջրերին: Մի խոսքով՝ Կապանի բնության մասին խոսելիս, ասում են, որ այն մի փոքր Շվեյցարիա է Սյունյաց աշխարհում: Երբ առօրյադ անց է կենում այդ քաղաքում, այնքան էլ նկատելի չի Կապանի բնության առավելություններն ու գեղեցկությունը, սակայն երկար ժամանակ ապրելով Երևանում հետ եմ վարժվել ու բնության այդ հրաշքները շատ եմ կարոտել: Այժմ ամեն առիթով երբ հայտնվում եմ Կապանում աչքս մեր անտառներից ու մեր լեռներից չի կտրվում ու հասկանում եմ, թե ինչքան գեղեցիկ բաներ կան իմ քաղաքում, որ առաջ չէի նկատում:
Հիմա խոսեմ մարդկանց առօրյայի մասին: Քաղաքում առօրյան անցնում է բավականին հետաքրքիր: Քաղաքում տեղի են ունենում բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Գործում է մշակույթի տունը: Սպորտային կյանքը նույնպես բավականին աշխույժ է: Քաղաքը ունի ֆուտբոլային թիմ՝ Գանձասարը, որը հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն խմբում ու անցած տարի գրավել է երրորդ տեղը և նույնիսկ իրավունք ստացել հանդես գալու ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Բացի պրոֆեսիոնալ ֆուտբոլային թիմից, ակտիվ է նաև մանկապատանեկան ֆուտբոլը: Շատ պատանիներ հաճախում են ֆուտբոլային խմբակներ, որոնք գործում են Գանձասար ակումբին կից: Շուտով քաղաքի մոտակայքում կկառուցվի Գանձասար ակումբի նոր մարզադաշտը, որը լրացուցիչ հետաքրքրություն կհաղորդի ֆուտբոլի նկատմամբ: Ասեմ, որ Հայաստանի առաջնության հանդիպումների ժամանակ ամենաշատ հանդիսատես լինում է Գանձասարի կապանյան հանդիպումներում: Բացի ֆուտբոլից, քաղաքում գործում է նաև թեթև ատլետիկայի, գիմնաստիկայի, բռնցքամարտի և բասկետբոլի խմբակներ: Թեթև ատլետիկայում և բռնցքամարտում նույնիսկ գրանցվել են միջազգային հաջողություններ: Քաղաքում մի քանի տարի առաջ վերանորոգվել է Վաչագան գետի վրա գտնվող «Կարապետի գյոլ» կոչվող ջրավազանը, որտեղ ամռանը շոգից զովանում ու լողանում են (հատուկ նշեմ, որ անվճար) կապանցիները: Շուտով կվերանորոգվի նաև Ողջի գետի վրա գտնվող ջրավազանը, որը նոր հետաքրքրություն կհաղորդի քաղաքի առօրյային: Քաղաքում աշխույժ գործում է նաև Վազգեն Սարգսյանի անվան կենտրոնական զբոսայգին, որը մի տարի առաջ հիմնովին վերանորոգվել է: Այս տարի զբոսայգին համալրվել է նոր ատտրակցիոնով: Այգում ամռան սկզբին բացվել է ավտոդրոմ և միանգամից գրավել է բոլոր կապանցի մանուկների ուշադրությունը: Բացի ավտոդրոմից, այգում գործում են նաև սովետից մնացած 9 կամ 10 տեսակի ատտրակցիոններ: Ամռանը ամեն շաբաթ այգում համերգներ են տալիս կապանցի պատանիները: Վերանորոգվել է նաև թատրոնի շենքը ու արդեն սկսվել է թատերական ներկայացումների ցուցադրություն, որոնք երկար ժամանակ բացակայում էին կապանցիների կյանքից:
Քաղաքում գործում է երկու հեռուստաալիք՝ Սոսի և Խուստուփ TV: Բացի սրանից ու ստանդարտ մի քանի ալիքներից, բնակիչները օգտվում են նաև արբանյակային հեռուստաալիքների կենտրոնացված համակարգից, որոնց միջոցով հասանելի են դարձել մի շարք միջազգային հետաքրքիր հեռուստաալիքներ;
Քաղաքում կառուցվում է ժամանակակից բիզնես կենտրոն: Շինարարությունը կավարտվի 2010 թվականի աշնանը: Սա նոր խթան կհանդիսանա Կապանում տնտեսության առաջընթացի համար:
Քաղաքում միջին հաշվով շաբաթական ծնվում է 15 երեխա;
Մի խոսքով, լավն ա մեր Կապանը ու լավն են մեր կապանցիները, որոնք հիմնականում իրատես են, պարզ ու անմիջական; Բոլորիդ հրավիրում եմ: Եթե զրկված եք կապանցի լինելու մեծն պատվից, ապա գոնե ժամանակավորապես այցելեք մեր քաղաք ու հիացեք նրա գեղեցկությամբ ու հանգիստ կյանքով:
Հ.Գ. Էնքան բան կա ասելու իմ քաղաքի մասին... ինձ մենակ կապանցիները կհասկանան; Հուսով եմ նրանք նույնպես կարտահայտվեն այս թեմայում;
Հ.Հ.Գ Մեկ էլ մեր Կապանը մի յուրահատուկ բան ունի, որ ՀՀ շատ քաղաքների այսօր տրված չի` մեր քաղաքապետը հանրապետական չի

Էջանիշներ