Ոստիկանները պատրաստվում են հանրահավաքին
Այսօր առավոտվանից Կոտայքի մարզի Ձորաղբյուրից եւ Գառնիից Երեւան բերող ճանապարհներին Կոտայքի ոստիկանության աշխատակիցները կանգնեցնում էին Երեւան եկող մեքենաները, իրենց խոսքերով, ստուգելու համար:
«Ա1+»-ի հարցին, թե արդյոք ինչ-որ արտակարգ դրություն է հայտարարված, որ կանգնեցնում են մեքենաներին, Ձորաղբյուրից Երեւան բերող ճանապարհին կանգնած ոստիկանը պատասխանեց, որ, այո, իսկապես արտակարգ դրություն է, որովհետեւ միտինգ է:
Իսկ նրա խոսքը մյուս ոստիկանը փորձեց ուղղել, ասելով, որ իրենց մարզը հանրահավաքի հետ կապ չունի,իրենք ընդհանրապես չգիտեն,որ հանրահավաք է, ուղղակի իրենք ստուգում են կասկածելի մեքենաներին, քանի որ զենք- զինամթերք եւ թմրադեղեր են փնտրում: Ոստիկանների համար կասկածելի են մգեցված ապակիներով եւ տարօրինակ համարանիշներով մեքենաները:
Ի դեպ, ոստիկաններից եւ ոչ մեկը, չէր ասում իր անուն- ազգանունը: Այս ճանապարհին ոստիկանները դեռեւս զենք- զինամթերք չէին հայտնաբերել:
«Ամեն ինչ նորմալ է, ուղղակի զենք ենք ման գալիս, ուրիշ ոչինչ, մեր սովորական ծառայությունն ենք կատարում»,- ահա այսպիսին եղավ Գառնի- Երեւան ճանապարհի վրա ծառայություն իրականացնող ոստիկանների պատասխանը:
Այս ոստիկանները չմանրամասնեցին նույնիսկ, թե որոնք են իրենց համար կասկածելի մեքենաները` ասելով, որ դա գաղտնիք է: Ոստիկանները տեղեկացրին, որ իրենց ծառայությունը իրականացնելու են մինչեւ ժամը 19.00-ն:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 19.30-ին Հայ Ազգային կոնգրեսը պատրաստվում է Մատենադարանին հարող տարածքում հանրահավաք անցկացնել: Այն Երեւանի քաղաքապետարանը արտոնել է:
Էջանիշներ