Իրազեկումը կանխել են զենքով
Հայ ազգային կոնգրեսի վաղվա հանրահավաքը իրազեկող երիտասարդները, որոնց թվում նաեւ անչափահասներ են եղել, այսօր ծեծի են ենթարկվել:
Նրանցից երեքը` Սահակ Մուրադյանը, Տիգրան Առաքելյանը, Հերբերտ Գեւորգյանը, Շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են Նոր-Նորքի հիվանդանոց:
Ականատեսները «Ա1+»-ին հայտնեցին, որ առավել վնասվածքներ է ստացել Սահակ Մուրադյանը: Երիտասարդների վրա հարձակվել են Աբովյան փողոցում` «Փարիզյան սուրճ» խանութի մոտ` թռուցիկներ բաժանելու եւ հանրահավաքի մասին իրազեկելու ընթացքում: «Մենք ճանապարհին նկատել էինք ԱԱԾ-ի այդ աշխատակիցներին, որոնք քաղաքացիական հագուստով էին: Մենք մտածեցինք, որ նրանք բարձրախոսը կվերցնեն մեր ձեռքից եւ փորձեցինք այն պահել: «Փարիզյան սուրճ» խանութ չհասած` երկու կողմից հարձակվեցին մեր վրա եւ փորձեցին խլել բարձրախոսը:
Երբ տեսան, որ չեն կարողանում բարձրախոսը վերցնել մեր ձեռքից, սկսեցին կռիվ սարքել, եւ որպեսզի մենք իրենց հետեւից չգնանք, նրան զենք պահեցին մեր վրա եւ արագ փախան»,- «Ա1+»-ին պատմեցին թռուցիկներ բաժանող երիտասարդները: Իսկ թե ի՞նչ զենք են իրենց վրա պահել քաղաքացիական հագուստով ԱԱԾ աշխատակիցները. մեր հարցին` Կոնգրեսի երիտասարդները ասացին. «Ինչ-որ սեւ գույնի, ոչ մեծ զենք էր»: Այս պահին հիվանդանոց տեղափոխված երիտասարդներին այցելել են ոստիկանության աշխատակիցները եւ հենց հիվանդանոցում նրանցից ցուցմունքներ են վերցնում: Երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն Մուրադյան Սահակը ծեծի ընթացքում ուղեղի ցնցում է ստացել: Նոր-Նորքի հիվանդանոց են այցելել նաեւ ՀԱԿ-ի անդամները եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները:
Ի դեպ, այսօրվա միջադեպին, երիտասարդների ասելով, ներկա է եղել նաեւ ընդամենը օրերս ազատ արձակված քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանը, որը փորձել է պաշտպանել երեխաներին: Երիտասարդների վրա հարձակվողները հասցրել են պատռել նաեւ Դավիթ Մաթեւոսյանի հագուստը:
Էջանիշներ