626 թ-ի ամռանը Կոստանդնուպոլսի պատերի տակ կրած անհաջողությունը ծանր հետևանքներ ունեցավ Ավարական խաքանության համար` կտրուկ անկայունացնելով վերջինիս ներքաղաքական դրությունը:
Արդեն 630 թ-ին արևմտյան բուլղարները (այսպես կոչված <<կուտուրգուրներ>>-ը) ապստամբեցին, սակայն պարտություն կրեցին: Դրա հետևանքով վերջիններիս փոքր մասը ստիպված եղավ հեռանալ Բավարիա, որտեղ ֆրանկները ոչնչացրեցին նրանց, իսկ մեծ մասը շարժվեց դեպի արևելք և միացավ արևելան բուլղարներին (այսպես կոչված <<ուտուրգուրներ>>-ին): Արդյունքում բուլղարները կտրուկ ուժեղացան, քանի որ վերջնականապես վերացան միջցեղային ընդհարումները և նրանք կարողացան հանդես գալ որպես մեկ ամբողջություն: Դրանից հետո, օգտվելով Թյուրքական խաքանությունում շարունակվող կատաղի գահակալական պայքարից ու վերջինիս փաստացի փլուզումից, խաքանության ծայր արևմուտքում գտնվող բուլղարները 630-ական թվականների սկզբին լիովին անկախացան` ստեղծելով Վոլգայի միջին հովտից (Վոլգյան (Կամյան) Բուլղարիայից) մինչև Դանուբ ձգվող տարածքներն ընդգրկող Մեծ Բուլղարիայի հզոր թագավորությունը: Իր հզորության գագաթնակետին հասած Մեծ Բուլղարիայի թագավորությունը արդեն 635 թ-ին ծանր պարտության մատնեց Ավարական խաքանությանը: Արդյունքում վերջինս, Մեծ Բուլղարիայի թագավորությանը զիջելով Մերձսևծովյան տափաստանները ու սահմանափակվելով Պանոնիայի տարածքով (Բալկանյան թերակղզու հյուսիս) և Անդրկարպատյան տափաստաններով, թեև շարունակեց հարազատ արտաքին-ավարառուական քաղաքականությունը, սակայն աստիճանաբար կորցրեց իր տափաստանային որակները, վերածվեց եվրոպական երկրորդական ֆեոդալական մի պետության, իսկ VIII դարի վերջին, ընկնելով Ֆրանկների կայսրության հուժկու հարվածների տակ, վերջնականապես ոչնչացավ: Սակայն ստացվեց այնպես, որ Մեծ Բուլղարիայի թագավորությունը ևս, նեղվելով արևելքից առաջխաղացող Խազարական խաքանության ագրեսիվ մղումներից ու այդպես էլ չկարողանալով ամրապնդվել Մերձսևծովյան տափաստաններում, արդեն 679 թ-ին ինքը լքեց դրանք: Իրենց հիմնական ուժերով անցնելով Դանուբը` բուլղարները սեփական իշխանությունը տարածեցին Դանուբից հարավ հաստատված սլավոնների վրա` հիմնելով արդեն իր գերակշիռ մասով սլավոնական էթնիկ կազմ ունեցող և Մինչդանուբյան տարածքներն ու Բալկանյան թերակղզու հարավային մասն ընդգրկող Բուլղարական թագավորությունը, որը սկսեց իրականացնել ագրեսիվ արտաքին ավարառուական քաղաքականություն` մշտապես ընդհարվելով, սակայն երբեմն էլ դաշնակցելով Բյուզանդիայի հետ:
Իրավիճակը լիակտար պատկերացնելու համար ավելացնենք նաև, որ Մերձսևծովյան տափաստաններով իրարից կտրված բուլղարների երկու պետություններին բաժին ընկան տարբեր ճակատագրեր. Վոլգյան (Կամյան) Բուլղարիան շարունակեց գոյատևել որպես <<տափաստանային>> որակների տեր մի պետություն ընդհուպ մինչև 14-րդ դարը, երբ այն վերջնականապես տարալուծվեց Ոսկե Հորդայի մեջ, իսկ Բուլղարական թագավորությունը մի քանի հարյուրամյակում լիովին սլավոնականացավ և արդեն IX դարի սկզբներից վերածվեց տիպիկ եվրոպական մի պետության:
Թյուրքական խաքանությունում շարունակվող գահակալական պայքարի արդյունքում 650-ական թվականներին Մինչկովկասյան տափաստաններում և Վոլգայի ստորին հովտում առաջացավ Խազարական խաքանությունը: Հետագայում, օգտվելով Թյուրքական խաքանությունում շարունակվող կատաղի գահակալական պայքարից, Խազարական խաքանությունը VII դարի երկրորդ կեսից աստիճանաբար լիովին անկախացավ: Չնայած դրան վերջինս, շարունակելով Թյուրքական խաքանության ավանդույթները, իսկ 679 թ-ից գրավելով նաև բուլղարների կողմից լքված Մերձսևծովյան տափաստանները, շարունակեց հովանավորել միջազգային առևտրին և իրականացնել արտաքին ավարառուական քաղաքականություն: Հյուսիսային IV, ինչպես նաև Հյուսիսային V պատերազմները այդ քաղաքականության առաջին արտահայտություններից էին:
Մոտ 810 թվականին Խազարական խաքանությունում սկսվեց և մինչև 834 թ-ը շարունակվեց իշխող վերնախավի դեմ ուղղված, մեծ մասշտաբներ ընդունած և հսկայական զոհերի հանգեցրած ներքաղաքական մի պատերազմ: Այդ պատերազմի ընթացքում մինչ այդ Կասպից ծովի հյուսիս-արևելյան տափաստաններում թափառող հունգարները անցան Վոլգան և սկսեցին կռվել ապստամբների կողմում: Իր հերթին ապստամբների դեմ պայքարող խաքանության վերնախավը օգնության կանչեց կրկին Կասպից ծովի հյուսիս-արևելյան տափաստաններում թափառող պեչենեգներին և արևելքում թափառող օղուզներին: Ու թեև արդեն 820-ական թվականներին Խազարական խաքանությունում ընթացող ապստամբությունը հիմնականում ճնշվեց, սակայն այն ունեցավ հսկայական հետևանքներ և բերեց մեծ ու անդառնալի փոփոխությունների:
Նահանջող հունգարները, ինչպես նաև խազար ապստամբների մեծ մասը, ստիպված եղան շարժվել դեպի արևմուտք ու հաստատվել Դանուբի հյուսիսային ափերին: Այստեղ, առժամանակ օգտվելով պեչենեգների կողմից իրական սպառնալիքի բացակայությունից, ինչպես նաև իրենց մեջ տարալուծելով ապստամբ խազարներին, բավականին ուժեղացած հունգարները արդեն 894 թ-ին, օժանդակելով Բյուզանդիային, պարտության մատնեցին բուլղարներին: Սակայն 895 թ-ին Բուլղարական թագավորությանը օժանդակող պեչենեգները իրենք ծանր պարտության մատնեցին հունգարներին, որոնք դրանից հետո ստիպված եղան շարժվել դեպի հյուսիս` գրավելով Ավարական խաքանության անկումից հետո Ֆրանկների կայսրության կողմից թույլ վերահսկվող տարածքները և շարունակելով ավարների արտաքին-ավարառուական քաղաքականությունը: Սակայն արդեն X դարի կեսերից հունգարները, կրելով մի քանի լուրջ պարտություններ, ստիպված եղան դրսևորել հիմնականում ավելի հանգիստ վարքագիծ, իսկ XI դարի սկզբից Հունգարիան վերածվեց տիպիկ եվրոպական ֆեոդալական մի պետության:
Տեղի ունեցան այլ փոփոխություններ ևս: Ապստամբության և նրա ճնշման արդյունքում խաքանության խազար բնակչությունը հիմնականում զոհվեց: Չունենալով կենդանի մնացած խազար բնակչության մեջ հեղինակություն և զրկվելով հենարանից, ինչպես նաև ցանկանալով լրացնել խաքանության բնակչության կրած հսկայական մարդկային կորուստները` խազարական վերնախավը խաքանության տարածքի արևմուտքում բնակեցրեց ապստամբության ճնշման գործում մեծ դեր խաղացած պեչենեգներին, իսկ արևելքում` օղուզներին: Արդյունքում ստացվեց այնպես, որ Խազարական խաքանությունը վերջիններիցս ընկավ լիակատար կախվածության մեջ:
Արդեն լիակատար ինքնուրույնություն վայելող պեչենեգները 889 թ-ին ապստամբեցին և, պարտության մատնելով խազարներին ու վերջիններիս կողմում հանդես եկող օղուզներին, իրենց տիրապետությունը հաստատեցին Մերձսևծովյան տափաստաններում և հիմնեցին Պեչենեգների խանությունը, որը որպես արևելյան սահման ուներ Դոնը, իսկ արևմտյան` Դանուբը: Սրանով պեչենեգները սահմանակից դարձան Բուլղարական թագավորությանը և Բյուզանդիային` մշտական ընդհարումների մեջ մտնելով վերջիններիս հետ:
Վարակիչ օրինակ ստացած օղուզները այս իրադարձություններից կարճ ժամանակ անց նույնպես ապստամբեցին և ստեղծեցին Օղուզական խանությունը: Իսկ Վոլգայի ստորին հովտով սահմանափակված ու խիստ թուլացած Խազարական խաքանությունը ի վերջո կործանվեց 965 թ-ին` Կիևյան Ռուսիայի և Օղուզական խանության միացյալ ջանքերով: