Նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ երբևէ Եվրոպայում չէի եղել, երազում էի քաղաքում հեծանիվով շրջելու մասին: Մամայիս ասում էի այդ մասին, ասում էր՝ հո դու գիժ չես: Դե էն ժամանակ շատ փոքր էի…
Մինչև հիմա երազում եմ հեծանիվ քշելու մասին: Ցավոք սրտի, քշել չգիտեմ: Դրա պատճառով շատ եմ քաշվում Եվրոպա մեկնելիս. կա՛մ ստիպված եմ լինում բավական մեծ գումարներ ծախսել տրանսպորտի վրա, կա՛մ մի 50 րոպե ոտքով քայլել այն պարզ պատճառով, որ տրանսպորտի ուրիշ միջոց ուղղակի չկար:
Մինչև վերջերս ես էլ էի կարծում, թե Երևանն այդպես էլ չի դառնա այնպիսի քաղաք, որտեղ մարդիկ հեծանիվներով կշրջեն. նախ մեր խայտառակ երթևեկությունը, երկրորդ՝ դիքերի առկայությունը: Բայց այս ամառ, երբ Սևիլյայում էի, զարմանալի բանի ականատես եղա: Իհարկե, ինձ համար նորություն չէր, որ ահել-ջահել հեծանիվներով են ման գալիս: Բայց զարմանալին տեղի բնակիչներից մեկի պատմածն էր: Ասում էր, որ իրենց քաղաքում բոլորովին վերջերս է հեծանիվի ճանապարհ կառուցվել: Մինչ այդ հեծանիվից օգտվելու սովորություն չկար նույն խայտառակ երթևեկության պատճառով: Սակայն հսկողությունն այնքան խստացվեց, որ յուրաքանչյուր վարորդ արդեն վախենում է չնչին խախտում անելուց: Արդյունքում հասան նրան, որ հեծանիվով շրջելն այլևս վտանգավոր չէր: Է՜հ, հույս ունեմ՝ մի օր մենք էլ դրան կհասնենք: Օրինակ ինձ չեք պատկերացնի, թե ինչքան հարմար կլիներ հեծանիվով դասի գնալը:
Էջանիշներ