Ախր որտեղի՞ց ներշնչվեց նման անկապ պարտվողական միտքը, թե եթե չենք տալիս, ապա պատերազմելու ենք, գրողը տանի, որտեղից նման համոզմունք։ Նախ Ադրբեջանը պետք է 1000 չափեր որպեսզի վստահաբար պատերազմ վերսկսեր, այս խնդիրը Ադրբեջանի համար այդքան հրատապ չի, ինչքան որ պրոպագանդում ու սրսկում են, ու ավելի շատ շուխուրը հայկական կողմից է, իսկ եթե խորը նայենք, կտեսնենք որ երկու կողմերին էլ ավելի շատ սրսկում, դրդում ու բրթում են դրսից, այս շոուն ամբողջ աշխարհի գզվրտոցն է հանուն Ադրբեջանի նաֆթի ու Իրանի հարուստ պաշարների, որ իրենց զորքերը որքան հնարավոր է շուտ խցկեն տարածաշրջան, նրանց նպատակը սա է, նրանք վերջին հաշվով թքած ունեն, թե քանի հեկտար հող պիտի գնա Ադրբեջանին ու քանիսը մնա Հայաստանին կամ Ղարաբաղին։ Կարևորը երկու հարիֆ պետությունները մի ցանկացած կոնսենսուսի գան ու անպայման թույլատրեն միջազգային խաղաղապահների անվան տակ զորք լցվի այստեղ, մնացյալը տեխնիկայի խնդիր է։ Եվ իրոք, եթե սրանք որևէ համաձայնության չգան, ապա անպայման պատերազմը կհրահրվի, բայց ոչ Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Սակայն վեջինս շատ ավելի դժվար կլիներ, Ադրբեջանին պիտի կարգին զինեին ու պատրաստեին, կանեին եվրոպացիք ու ամերիկացիք, Ռուսաստանը մեջ կընկներ ու փայ կուզեր և երևի ստիպված կլիներ անցնելու Հայաստանի կողմը, ահագին փաստեր կզռային, իսկ այսպես հեշտ ու հանգիստ մարդիկ հասնում են իրենց նպատակին։ Ճիշտ է, թերևս հիմա էլ Ռուսաստանը անընդհատ մեջ է ընկնում, ասենք օրերս Մերզլյակովը հայտարարեց, թե առանց Ղարաբաղի ներկայացուցիչների համաձայնություն չի լինի, այս առաջին հայացքից արդարամիտ հայտարարության մեջ ռուսները իրենց խաղն ունեն, որում նրանք իրականում տարածաշրջանում ռուսական զորքերի քանակի ավելացման հիմքերն են դնում։ Իրականում Հայաստանն ու Ադրբեջանը ոչ թե խաղաղ լուծում են խնդիրը, այլ թույլ են տալիս իրենց տարածքները ականապատել, ցանկացած ժամանակ պայթեցնելու համար։ Սա և Ադրբեջանի, և Հայաստանի պարտությունն է իրականում։ Ու դեռ հարցական է թե ով է ավելի շատ պարտվում, քանի որ երկուսով պոլիգոն են տրամադրում աշխարհին՝ որտեղ արևմուտքն ու Ռուսաստանը շուտով իրար կոկորդ են կռծելու, բայց մեղքը բարդելու են «կռվարար ու ագրեսոր» Հայաստանի ու «անզիջում» Ադրբեջանի վրա, հեչ որ չլինի, դժվար չի մի քանի վիրտուալ «ալ–քաիդա»–յատիպ խմբավորումներ մոգոնել ու «պայքարել» դրանց դեմ, իսկ մենք մնալու ենք ոտի տակ։
Էջանիշներ