Նիկոլ Փաշինյանի ելույթը «Ազատության հրապարակում»


Սիրելի ժողովուրդ.
Այն, որ սա կոչում եմ ելույթ Ազատության հրապարակում, ամենեւին էլ քարոզչական հնարք չէ, ոչ էլ սրամտության դրսեւորում: Սա ընդամենը քրիստոնեական հայտնի սկզբունքի երկրորդումն է, եւ ըստ այդմ` այնտեղ, ուր ներկա են Ազատության, Օրինականության, Ժողովրդավարության համար մղվող պայքարի մի քանի նվիրյալներ, ահա այդ հավաքատեղին պետք է համարել Ազատության հրապարակ:

Այսօր այդ վայրը թերթի այս էջն է, եւ հենց թերթի ընթերցողների մասնակցությամբ է տեղի ունենում մեր հերթական հանրահավաքը, եւ բարեբախտաբար, այն իր մասշտաբներով ծանրակշիռ է: Այսօրվա հանրահավաքին մասնակցում է նվազագույնը 20 հազար մարդ. հաշվի առնենք թերթի վաճառվող տպաքանակը եւ այն, որ ամեն թերթը կարդում է առնվազն երկու հոգի, սրան գումարած ինտերնետային տարբերակը, սրան գումարած «Պայքար, պայքար մինչեւ վերջ» ինտերնետային ընդհատակյա թերթի ընթերցողները: Սրան էլ գումարենք բոլոր նրանց, ովքեր այս իրադարձությամբ հետաքրքրված` կփորձեն եւ կձգտեն այս ամենի մասնակիցը դառնալ: Կարծում եմ` բոլորդ համոզվեցիք, որ այսօր մենք ունենք բավական ծանրակշիռ մի հանրահավաք: Եւ ուրեմն, այսօրվա մեր հանրահավաքը հայտարարում եմ բացված:

***
Թերթը կարդում եւ ուրեմն այս հանրահավաքին ներկա են Հայաստանի առաջին նախագահ, Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ ղեկավար, 2003-ին Հայաստանի ընտրված նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը, Էմանուել Գասպարյանը, Ռուբեն Թորոսյանը, Դավիթ Հակոբյանը: Ավելին, այսօր մեր հարթակում են նաեւ Պետրոս Մակեյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Խաչատուր Սուքիասյանը, Միքայել Հայրապետյանը, Սմբատ Այվազյանը: Կարճ ասած, մեր հարթակը` իր ողջ կազմով, եւ նրանք բոլորը հիմա յուրաքանչյուրիդ հետ զուգահեռ հետեւում են այսօրվա հանրահավաքի ընթացքին:
Ողջունենք նրանց, ողջունենք բոլոր քաղբանտարկյալներին եւ մաղթենք նրանց կամք ու տոկունություն: Ավելի ճիշտ, մեզ` բանտում չգտնվողներիս, մաղթենք այնքան կամք ու տոկունություն, որքան քաղբանտարկյալներն են այս ընթացքում ցուցաբերել: Ու եկեք նրանց ասենք բարձրաձայն. պարոնայք. մենք հպարտանում ենք ձեզանով ու ինչ-որ տեղ նաեւ ամաչում ձեր առաջ: Ներեցեք մեզ, որ այս պահին դուք ազատության մեջ չեք, ներեցեք մեզ, որ այս պահին մենք ձեր կողքին չենք: Եւ ուզում եմ քաղբանտարկյալների առաջ բարձրաձայն ձեւակերպել հետեւյալ խնդիրը. կա՛մ դուք կլինեք ազատության մեջ, կա՛մ մենք կլինենք բանտում: Այսինքն` մոտենում է, շատ շուտով հասնելու ենք այն սահմանագծին, որ այս վիճակը հանդուրժելի չի լինի ոչ մի կերպ, եւ կա՛մ բանտում գտնվողները պետք է լինեն ազատության մեջ, կա՛մ ազատության մեջ գտնվողները հայտնվեն բանտում: Արձանագրենք սա որպես հստակ ձեւակերպված անելիք:

Մեր առաջնորդը, այն մարդը, որ բոլորիս վերստին հույս ներշնչեց, որ Հայաստանը լինելու է ազատ եւ արժանապատիվ երկիր, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ունենալով մեր կատարյալ եւ անվերապահ վստահությունը, իր վերջին ելույթում որոշ մարտավարական սրբագրումներ մտցրեց պայքարի մեջ, եւ այդ որոշումը մենք ընդունում ենք ի գիտություն` հիմք ընդունելով ոչ միայն առաջին նախագահի անվերապահ հեղինակությունը, այլեւ նրա փաստարկների համոզչականությունը: Այդ ելույթից բխում է, որ մարտավարական դադար չի նշանակում պայքարի դադար, արձակուրդ, հանգիստ, այլ ընդհակառակը` նշանակում է կազմակերպչական աշխատանքի կրկնապատկում, եռապատկում, աշխատանքային մեխանիզմների հղկում, Հայ ազգային կոնգրեսի տարածքային կառույցների եւ ընդհանրապես` Կոնգրեսի կազմակերպչական վերջնական կայացում: Եւ այս աշխատանքի ամենօրյա, ամենշաբաթյա գնահատումը հստակ պատասխան կտա այն հարցին, թե դեպի ուր ենք մենք շարժվում եւ ինչ ենք ունենալու մեկ ամիս, երկու ամիս, երեք ամիս անց: Որովհետեւ ամենեւին հարկավոր չէ սպասել, որ այդ մեկ ամիս անցը գա` այն տեսնել, գնահատելու համար: Այսօր, վաղը, գուցե մյուս օրը այդ երկու-երեք ամիս անցի ուրվապատկերը կսկսի երեւալ, եւ եթե այդ ուրվապատկերները դալուկ լինեն, մենք չպետք է խուսափենք դրանք համապատասխան գնահատականի արժանացնել եւ համապատասխան սրբագրումներ մտցնել դրանք գծագրող մեխանիզմներում: Մեր խնդիրը չի փոխվել ու չի փոխվելու, մինչեւ այն չլուծվի. ավազակապետական ռեժիմը պետք է կործանվի, մարտի 1-ի սպանդի հեղինակները պետք է կանգնեն դատարանի առաջ: Մենք պարտավորություն ունենք մեր երկրի, մեր ժողովրդի ապագայի առաջ, մենք պարտավորություն ունենք մարտի 1-ի զոհերի հիշատակի, նրանց ընտանիքների, նրանց երեխաների, նրանց չիրականացված երազանքների առաջ: Մենք պետք է ապացուցենք, որ նրանց պայքարը իմաստ ուներ, մենք պետք է ապացուցենք, որ նրանք պայքարել են իրենց երեխաների ապահով ապագայի, արժանապատվության համար: Իսկ սա ապացուցելու միայն մի տարբերակ կա. նրանց երեխաները, մեր երեխաները պետք է ապրեն ազատ եւ երջանիկ Հայաստանում, եւ այսպիսի Հայաստան կերտելու ճանապարհին մենք չպետք է կանգնենք ոչնչի, բացարձակապես ոչնչի առաջ: Մենք պիտի պայքարենք մինչեւ վերջ, մինչեւ հաղթանակ, այնպիսի հաղթանակ, որ տեսանելի լինի ու շոշափելի, տեսանելի ու շոշափելի լինի Հայաստանի յուրաքանչյուր, յուրաքանչյուր քաղաքացու համար:

***
Երեկ լրացավ 2007 թվականի հոկտեմբերի 23-ի իրադարձությունների մեկ տարին: Եւ այս իրադարձությունը արժանի է հատուկ անդրադարձի, որովհետեւ սրա հիմքում ընկած իրավիճակը կանխորոշեց 2008 թվականի մարտի 1-ը: Իսկ ի՞նչ էր ընկած 2007 թվականի հոկտեմբերի 23-ի իրադարձության հիմքում. այդ օրը մենք` Հայաստանի մի խումբ քաղաքացիներ, իրականացնում էինք այնպիսի գործողություններ, որ թույլատրված են Հայաստանի Հանրապետության օրենքով: Ընդհանրապես, քաղաքացիներն իրավասու են կատարել օրենքով չարգելված գործողություններ, բայց 2007 թվականի հոկտեմբերի 23-ին մենք կատարում էինք Երեւանի քաղաքապետարանին իրազեկված, իրազեկումն ի գիտություն ընդունված հանրահավաքի մասին տեղեկատվության տարածում: Դա անում էինք թռուցիկներ բաժանելու, բարձրախոսով հայտարարություններ անելու, պաստառներ կրելու միջոցով: Գործողություններ, որոնք ճշգրտորեն կրկնում են այն ամենը, ինչ թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, հասկանալի ձեւակերպված է օրենքի մեջ: Ուշադրություն դարձրեք, այդ գործողությունները ոչ միայն օրենքով արգելված չեն, այլեւ թույլատրված են ուղղակի, աներկբա, անսակարկելի կերպով: Եւ ահա, մի խումբ ոստիկանական համազգեստ հագած անձինք` Սաշիկ Աֆյանի գլխավորությամբ, Երեւանի Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում փակում են մեր ճանապարհը: Սաշիկ Աֆյանը մի պահանջ է ներկայացնում` դադարեցնել բարձրախոսով հայտարարությունները: Մենք, բնականաբար, հրաժարվում ենք այդ անել` նրան ցույց տալով օրենքի համապատասխան կետերը: Աֆյանը մեկ-երկու տասնյակ ոստիկանների հետ փորձում է մեզնից խլել բարձրախոսը. չի կարողանում: Եւ ահա, հրավիրում է հատուկջոկատայինների, որոնք էլ մեզ տանում են ոստիկանություն:

Ի՞նչ էր այս ամենը նշանակում. ընդամենը մի բան, որ ՀՀ քաղաքացին ոչ միայն զրկված է օրենքով չարգելված գործողություններ կատարելու հնարավորությունից, ինչը միջազգայնորեն հռչակված իրավունք է, այլեւ զրկված է օրենքով իրեն վերապահված իրավունքների իրացումից նույնպես: Սա հստակ մարտահրավեր էր` դրված Հայաստանի քաղաքացու առաջ, եւ այդ մարտահրավերը այսօր էլ գոյություն ունի` էլ ավելի սրված: Եւ սա հասկանալի է. եթե քաղաքացուն կարող են զրկել օրենքով իրեն վերապահված X իրավունքից, նրան կարող են զրկել նաեւ Y, Z, C, եւ ընդհանրապես, մնացած բոլոր իրավունքներից: Գուցե այդ իրավունքը հնարավոր է վերականգնել իրավակա՞ն, դատակա՞ն եղանակով: Բայց հոկտեմբերի 23-ի իրադարձությունների փաստի առիթով քրեական գործ հարուցվեց ոչ թե Աֆյանի ու նրա հանցախմբի, այլ իրենց իրավունքներից չհրաժարված քաղաքացիների դեմ, որոնց նաեւ մեղադրանք առաջադրվեց: Գուցե այդ իրավունքը պետք էր վերականգնել դատարաններո՞ւմ: Ի՞նչ է մեզ ասում մեր հիշողությունը, եւ ի՞նչ է իրենից ներկայացնում մեր դատական համակարգը. 2003 թվականին Հայաստանի բարձրագույն դատական մարմինը` ՍԴ-ն, որոշեց, որ պետք է Հայաստանում լինի նախագահի վստահության հանրաքվե: Մինչեւ օրս նման բան տեղի չի ունեցել: Հետո ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց այն իրավական ակտերը, որոնց հիման վրա Երեւանի կենտրոնի հազարավոր բնակիչներ զրկվել են իրենց տներից, սեփականությունից: Եւ ի՞նչ փոխեց սա այդ իրավազրկված մարդկանց կյանքում. ոչինչ:

Դատավոր Պարգեւ Օհանյանը արդարացրեց Մաքսայինի նախկին եւ ՊԵԿ գործող ղեկավարության կոռուպցիայի զոհ դարձած գործարարների եւ զրկվեց դատավորի կարգավիճակից:

Ինչո՞ւ եմ այս ամենը ասում, որովհետեւ 2007 թվականի հոկտեմբերի 23-ը առաջին հստակ եւ ամփոփ ապացույցն էր այն բանի, որ Հայաստանի քաղաքացին զրկված է օրենքով իրեն վերապահված իրավունքների իրացումից, զրկված է իր իրավունքների պաշտպանության` օրենքով ու Սահմանադրությամբ նախատեսված բոլոր միջոցներից: Եւ այդ ժամանակ առաջին անգամ ակնհայտ դարձավ, որ կա՛մ քաղաքացին անձամբ, սեփական ձեռքերով, անհրաժեշտության դեպքում քար ու փայտ ձեռքին առած կպաշտպանի այդ իրավունքները, այնպես ինչպես արեց նաեւ մարտի 1-ին, կա՛մ էլ կդառնա բույսի պես մի բան: Հայաստանի ավազակապետական իշխանությունը քաղաքացուն պատկերացնում է բույսի դերում, որին կարելի է հորել, կտրտել, եփել, կուլ տալ եւ մարսել:

Մենք ասում ենք, որ սրանց, սերժանտական այս խուժանին թույլ չենք տա քաղաքացուն բույսի տեղ դնել: Մեզ կարելի է գնդակահարել, զնդանները լցնել, մեզ կարելի է քառատել անգամ Երեւանի փողոցներում: Բայց մեզ հնարավոր չէ կուլ տալ եւ մարսել: Մենք որպես ոսկոր կանգնած ենք ավազակապետության կոկորդին ու կազմաքանդելու ենք այդ ավազակապետությունը: 2007 թվականի հոկտեմբերի 23-ին Համաժողովրդական շարժման ակտիվիստները ՀՀ առաջին նախագահի գլխավորությամբ հավաքվեցին Երեւանի Կենտրոն համայնքի ոստիկանության առաջ եւ ազատեցին մեզ գերությունից: Եւ այսօր ուզում եմ ընդգծել. սա է միակ փիլիսոփայությունը, որ մեզ կբերի հաղթանակի, սա է միակ մարտավարությունը, որ Հայաստանին կբերի հաղթանակի:

Ուզում եմ նաեւ դիմել մեր շարժման հարյուր հազարավոր մասնակիցներին:

Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը. պայքարելու ենք մինչեւ վերջ ու հաղթելու ենք: Մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է:

Կհանդիպենք հաջորդ ուրբաթ Ազատության հրապարակում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
1+