Հնդեւրոպական Նախալեզուի մասին ահագին գրականութիւն կայ, հայ եւ օտար լեզուներով: Կայ Walde-Pokorny բառարանը, ուր արձանագրուած է նախալեզուի արմատ բառերը, որից են առաջացել բոլոր Հնդեւրոպական լեզուների արմատ բառերը (հայերէնում մօտ 900): Նախալեզուի բառարանը վերականգնած է պատմահամեմատական լեզուաբանութեան շնորհիւ: Նախալեզուից առաջացած իւրաքանչիւր արմատ բառ, առանձին զարգացած է, տալով ինքնուրոյն հնչողութիւն, իմաստ: Այսինք, նախալեզուի մի արմատ բառ, կարող է տարբեր հնդեւրոպական լեզուներում. տարբեր իմաստներ ստացած լինի, իմաստների զարգացման հազարամեակների բնական ընթացքով: Այս նախաբանը գրեցի, որպէսզի հասկանալի լինի, թէ ինչ նկատի ունի լեզուաբանը «Հնխ» կամ «Հնդեւրոպական նախալեզու» ասելով:
Այսպիսի համառօտագրութիւններ. –Սգր. Եւս. Ոսկ.- հին մատեանների խորագիրներ են, որոնք մէջբերւում են, վկայելու՝ ստուաբանուող արմատ բառերի յիշատակումերը հայ հին մատենագրութիւնում: Հեղինակը, ըստ իս, անճշտաբար բնիկ հայ բառ է համարում Հնխ.-ից ժառանգ մնացած բառերը, անուղղակիօրէն ոչ բնիկ համարելով հայերէնի բառապաշարի մեծամասնը կազմող ոչ-հնդեւրոպական բառերը: Հաւանաբար ոչ-հնդեւրոպական են համարել այն բառերը, որոնց ազգակիցները չեն գտնւում մնացեալ հնդեւրոպական լեզուներում:
Պատմութեան բաժինում ընթացող թեժ թեմաներից մեկում, խօսք բացուեց (եւ ոչ գնաց) ձի բառի մասին: Ձիու պատկեր չեմ զետեղում: Այժմ տեսնենք ի'նչ է ասում մի ուրիշ լեզուաբան...
Արմատականից մէջբերում.-
ՁԻ, ո, հլ. «ձի» ՍԳր. Սեբեր. Որից ձիական Եւս քր. ձիագլուխ Եւս. քր ձիահալած Բուզ. ձիամարտիկ Սեբեր. ձիակերպ Եւս. քր. ձիանդամ Եզեկ. իգ.. 20. ձիաստան «ախոռ» Եփր. ա. թգ. ձիաստան կամ ձիաստաց «ձիու պիծակ» Սգր. Ոսկ. ես. Վեցօր. 175. ձիարկել Ոսկ. մ. ա. 9. ձիարձակ Ագաթ. ձիացուլ Եւս. քր. այրուձի, այրեձի Սգր. ձիան Փարպ. երկձի Ես. իա. 9. Եւս. քր. սպիտակաձի Բ. մկ. ժա. 8. միաձի Եւս. քր. Բուզ. չորքձիք Եւս. քր. մեկնակաձի Անյ. պերիարմ. վագերաձի Խոր. աշխ. անձի «առանձ ձիու» Միխ. աս. 296. երագաձի Ուռհ. կիսաձի Սահմ. եւն.: Նոր բառեր են ձիաբուծութիւն, ձիազոհ, ձիասպատակ, ձիավարժութիւն, ձիատածութիւն եւն:
Մէջբերման շարունակումը.
=Բնիկ հայ բառ. հնխ. g՛հēyos ձեւից. հմմտ. սանս. háya «նժոյգ», որ ծագում է հնխ. g՛հēyos կամ g՛հәyos ձեւից: Ոմանք սրանց միացնում են նաեւ սանս. ĵíhītē «ոստնուլ, թռչիլ», հսլ. zayętĩ «նապաստակ», լիթ. žáidžiu «խաղալ», լտ. ħaedus «ուլ», հբգ. geiz, գերմ. geiss «այծ» եւն (հնխ. g՛հiados «այծ» ձեւից), բոլորը իբրեւ բխած «ցատկել» ընդհանուր գաղափարից (Walde, էջ 359, Pokorny 1, 527, 544, 546):-Հիւբշման 470:
Հայերէնից է փոխառեալ քրդերէն deilezzi (Alemont-ի եւ Roudbāri-Qazvin-ի մօտ՝ Richvend կոչուած քրդերի լեզուով) «էգ ձի» (ըստ Chodzko), որ կազմուած է քրդ. deil «էգ» եւ հյ. ձի>zi բառերից (տե՛ս Justi, Dict. Kurde, էջ 199):
Աճառեանը տալիս է նաեւ այլ լեզուաբանների ստուգաբանումները, որոնք չեմ տեղադրում, խնայելով ընթերցողը: