Բայց բնիկ հայերէն բառերը ճշտել եւ երեւան հանել՝ դեռ չի նշանակում նախահայերէնի պատկերը երեւան հանել, ինչպէս որ Ե դարի հայերէն լեզուի քերականութեան հնդեւրոպական գծերը որոշել՝ չի նշանակում նախահայերէնի քերականութիւնը երեւան հանել: Որովհետեւ բնիկ հայերէն բառերը թէեւ նախահայերէն բառերի հետ էապէս նոյն են եւ կազմում են նրանց շարունակութիւնը, բայց ձեւով նոյնը չեն: Այսպէս, օրինակ՝ գիտենք որ հայր բառը հնդեւրոպական նախալեզւում pәtē՛r ձեւն ունէր. եւ այն բարբառի մէջ՝ որին պատկանում է հայերէնը, յունարէնը, իտալական, կելտական եւ գերմանական լեզուները, արդէն դարձել է patē՛r: Այս ձեւը շատ ուշ, այն է արդէն Ե դարում եղել է հայր. եւ կարելի չէ ասել թէ հենց որ հայերը բաժանուեցին հնդեւրոպական խմբից, իսկոյն patē՛r դարձաւ հայր: Փոփոխութիւնը եղել է շատ դանդաղ: Այս բառի մէջ մենք ներկայ ենք չորս ձայնական փոփոխութեան. p դարձել է հ, t դարձել է յ, ē ջնջուել է, շեշտը փոխադրուել է նախորդ վանկի վրայ: Ենթադրելով թէ ազգերի բաժանումը 25-րդ դարում եղած լինի, ուրեմն պէտք է եղել 3000 տարի, որպէսզի patē՛r դառնար հայր: Սակայն մենք չգիտենք թէ այդ 3000 տարուայ շրջանի որ կէտում եւ ինչ հերթով են տեղի ունեցել յիշեալ չորս ձեւափոխումները, որովհետեւ մենք չգիտենք ձայնական փոփոխութեանց ժամանակագրութիւնը: Առանց այդ ժամանակագրութեան՝ կարող էր մէկը առաջարկել մի այսպիսի ընթացք.
-2500 թ. patē՛r
-2000 թ. փայի'ր
-1000 թ. հայի'ր
-500 թ. հա'յիր
+200 թ. հայր
Մի ուրիշը կարող էր առաջարկել մի ուրիշ ընթացք. բայց դրանից ոչ մէկը ստուգել եւ ճշտել կարելի չէ:
Էջանիշներ