Նախ մի փոքրիկ պատմություն. դատում են մի աղջկա, ով մեքենայով գերազանցել էր թույլատրելի արագությունը: Դատարանը տուգանք է նշանակում: Վճռի արձակումից հետո ներկաներից շատերը ապշում են. դատավորը նախ արձակում է վճիռը, այնուհետև ցած է իջնում իր տեղից ու հենց ինքն էլ վճարում տուգանքը: Պարզվում է, որ դատավորն աղջկա հայրն է...
Իսկ հիմա անցնենք աստվածաբանական կողմին: Աստված մարդուն Իր պատկերով ու նմանությամբ է ստեղծում: Խոսքն անշուշտ ֆիզիկական նմանության մասին լինել չի կարող. Աստված Հոգի է: Այդ նմանությունն արտահայտվում է այն հատկանիշներով, որից զուրկ էին մնացյալ արարածները: Արարչագործության թագ ու պսակ հռչակված մարդուն արարչության մեջ թույլատրվում է ամեն ինչ. միակ բացառությունը եզակի մի պատվիրան է, արգելք, որին ենթարկվել կամ չենթարկվելով կարող է արտահայտվել մարդու կամքի ազատությունը, հակառակ դեպքում մարդը դատապարտվում է լինել թեկուզ լավագույնը արաչության մեջ, բայց ոչ մեկը, ով ստեղծվել էր Աստծո պատկերով ու նմանությամբ, այսինքն` ազատ և ընտրության հնարավորություն ունեցող մեկը: Իրեն տրված այդ հնարավորությամբ մարդն արտահայտում է իր մեծագույն ընտրությունը, միայն թե թե բացասական կողմով. մերժում է իր Արարչին և խախտում պատվիրանը: Սակայն Կյանքի Աղբյուրից դուրս մնացող ամեն ինչ ինքնին ենթարկվում է կորցնելու էականը` կյանքը, ինչպես որ կրակի օջախից պոկված բոցը վայրկենապես անհետանում է: Այո, մարդն անմահ էր ստեղծված` իբրև պատկերն ու նմանությունը Աստծո: Սակայն պատվիրանազանցության մեղքով դառնում է մահկանացու: Եթե մի պարզունակ թվաբանական գործողությամբ արտահայտենք կատարվածը, այն հետևյալն է. մարդ գումարած մեղք հավասար է մահ: Այն, ինչին ձգտում է մարդն իր պատվիրանազանցությամբ, աստվածացումն է, բայց առանց Աստծո: Սակայն դրանով իրենից վանում է Արարչին և կորցնում իր դիրքն ու կոչումը և վտարվում իսկական Դրախտից` Աստծո մշտական երանավետ ներկայությունից: Եթե քննության առնենք, Երկիրը նույնպես Եդեմի պարտեզ է, սա այն դրախտն է, որ ցանկանում է մարդը, որտեղ ինքն է իշխում և որտեղ իր իշխանությունը կարող է չկիսել Աստծո հետ: Բայց մարդու երկրային կյանքի ուղին փաստում է, որ այդ դրախտն արագ վերածվում է դժոխքի` սկսած հենց իրեն շրջապատող ու իր ֆիզիկական կեցությունն ապահովող բնությանը հասցրած չարիքներից մինչև մարդու` հասարակական ու անհատական կյանքում առկա բազմաթիվ չարիքներն ու կործանարար երևույթները: Մեկընդմիշտ մերժելով Աստծուն` մարդն այլևս անկարող է դառնում սեփական ուժերով վերստին դառնալ իր նխանական փառավոր կեցությանը: Ինչքան էլ ֆիզիկապես ուժեղ լինի մարդ, նա անկարող է սեփական մազերից քաշելով` հանել իրեն ճահճից (նման բան միայն բարոն Մյունհաուզենը կարող է անել մարդկային երևակայության արգասիք ստեղծագորությունում): Սակայն Աստված չի պատրաստվում թույլ տալ, որ մարդը վերջնականապես կործանվի: Մարդն անկարող է հաղթահարել Աստծո և իր միջև իր իսկ գոյացրած մեղքի պատնեշը, այդ պատնեշը հաղթահարում է Աստված: Դեռևս Դրախտում մարդուն տրվում է փրկության խոստումը` կնոջից ծնվածը պիտի ջախջախի օձի գլուխը, այսինքն դուրս բերի մարդուն չարի գերությունից և վերստին բացի կորուսյալ Դրախտի դռները: Իսկ փրկության հասնելու համար մարդուն երկար ճանապարհ է սպասվում: Այդ մասին ես խոսել եմ այս թեմայում. http://www.akumb.am/showthread.php?t=18301 Կարծում եմ պատասխանս առավել ամբողջական տեսքով կներկայանա, եթե կարդաք այն, թեպետ մի քիչ երկար է:
Դառնալով վերը իբրև օրինակ բերված փոքրիկ պատմությանը, զուգահեռ անցկացնեմ. Աստված, իբրև Արդար Դատավոր, պատժեց մարդուն նրա մեղքի համար, սակայն իբրև Սիրող Հայր, հենց ինքն էլ վճարում է «տուգանքը»: Քրիստոնեության և մյուս կրոնների տարբերության մասին խոսելիս ես «Քրիստոնեություն» թեմայում նշել եմ. «Կրոնը ճանապարհ է, որ մարդը փորձում է բացել առ Աստված: Քրիստոնեության մեջ Աստված ինքն է բացում այդ ճանապարհը դեպի մարդ: Քրիստոնեական Եկեղեցու նշանավոր հայրապետներց Ալեքսանդր Ալեքսանդրացին տվել է Աստվածային Հայտնության համառոտ բնութագրումը. «Աստված մարդացավ, որ մարդն աստվածանա»» : Մարդու` աստվածացման ճանապարհին անբաժանելիորեն նախորդում է մարդու մարդացումը, այն տեսքով, որով նրան ստեղծել է Աստված իր պատկերով ու նմանությամբ` նախասահմանված անմահության ու Աստծո հավիտենական ներկայության: Սա էր հենց ասված Տեր Ադամի պատասխանի մեջ, ինչը Մտահոգին զավեշտալի է թվում: Իսկ մեղանչական վիճակից փրկվելը ոչ թե մարդու` մեղք գործելուց միանգամից հետ կանգնելն է, այլ սկզբնական` ադամական մեղքից մաքրվելն ու նոր` հոգևոր ծնունդն է, որի համար սախմանված է Մկրտության Խորհուրդը: Իսկ փրկության ճանապարհը բաց է, քանի որ մարդ ի վիճակի է արդեն Ապաշխարհության միջոցով վերականգնվելու և մաքրվելու, որը, իհարկե, դյուրին ճանապարհ չէ, այլ «նեղ ու փշոտ»:
Ես հասկանում եմ, Հայկո ջան, որ Ձեր հայացքներն ու մոտեցումներն ունեցող մարդկանց համար իմ պատասխանը նույնպես կլինի «օդ»: Բայց այն, որ մեկին զավեշտալի կթվա, իսկ մյուսին` օդ, արդեն իսկ նշում է Պողոս Առաքյալը Ս. Գրքում` ասելով, ար հրեաները նշան են փնտրում, իսկ հեթանոսները` իմաստություն, մենք էլ քարոզում ենք Խաչված Քրիստոսին. հրեայի համար գայթակղություն, իսկ հեթանոսի համար` հիմարություն: Խոսքն անշուշտ պարզապես հրեայի ու հեթանոսի մասին չէ… Ինչ որ է, համենայնդեպս հարցն անպատասխան չեմ թողնի, մնացյալն արդեն որոշեք Դուք և ուրիշ կարդացողներ:
Կներեք, եթե ծավալուն լինելով հանդերձ, պատասխանս հապճեպ գրվելու ընթացքում անհարթություններ ունենա: Գրում եմ աշխատանքիս ընթացքում գողացված փոքրիկ ընդմիջումների ժամանակ: Մյուռոնօրհնեքին պատրաստվելը ազատ ժամանակ գրեթե չի թողնում:![]()
Էջանիշներ