Մենակ Վրաստանը չէ, աշխարհի քարտեզի վրա մի հատ երկիր չեք գտնի, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նույնիսկ Հայաստանն այդ հարցում վերջնական դիրքորոշում չունի:
Պատերազմը ամենավատն է, ինչ կարող է լինել որևէ երկրում, այդ պատճառով մեղքի ամենամեծ բաժինը երևի թե Վրաստանի իշխանություններինն է, սակայն չպետք է մոռանալ նաև Ռուսաստանի վարած քաղաքականության մասին: Հետխորհրդային ժամանակաշրջանում գրեթե բոլոր խորհրդային երկրներն ունեն Օսեթիայի, Աբխազիայի և Ղարաբաղի նման խնդիրներ, և եթե այդ տարածքներն անմիջապես Ռուսաստանի հետ սահման չունեն, ապա գոնե կոնֆլիկտը հրահրվել է Ռուսաստանի կողմից և աջակցությամբ(օրինակ Ղարաբաղը): Հարավային Օսեթիայի դեպքում ակնհայտ են այդ չճանաչված հանրապետության ղեկավարության նկրտումները Ռուսաստանին միանալու՝ անկախության ձգտելու պատճառաբանության ներքո: Հետևաբար ես Ռուսաստանի գործողություններ Օսեթիայում չեմ կարող որակել խաղաղություն պարտադրելու ձգտում, ինչպես իրենք են անվանում, այլ սա պարզապես ռուսական հերթական լծակը չկորցնելուն ուղղված կոպիտ քայլեր են: Կոպիտ են, որովհետև Օսեթիան կորցնելը կհանգեցնի շղթայական ռեակցիայի, որը կբերի Աբխազիայի, Ղրիմի, Մերձդնեստրովի և այլ նմանատիպ տարածքների ստատուսների վերջնական հաստատմանը դե յուրե պատկան երկրների տարածքներում: Ահա թե ինչի համար է այսօր պատերազմում Ռուսաստանը և ոչ թե իր քաղաքացիների անվտանգության համար: Կես ժամ առաջ Ռուսաստանի փոխարտգործնախարարը հաստատեց, որ ռուսական օդային ուժերը ռմբակոծել են որոշ ստրատեգիական նշանակության օբյեկտներ ռազմական գործողությունների տարածքից դուրս վրացական տարածքում: Մի՞թե սա էլ է Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության համար արվում:
Վրաստանի այս քայլը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք նույնպես կանգնած ենք Ադրբեջանի մոտալուտ հարձակման փաստի առջև: Ես չեմ համեմատում Օսեթիայի և Ղարաբաղի խնդիրները. դրանք շատ են տարբերվում, բայց մեր պատերազմի դեպքում զոհեր անհամեմատ շատ կլինեն: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է խնդրի արագ լուծումը, այլապես լարվածությունը չի կարող հավերժ տևել:
Հ.Գ. Խիստ դատապարտում եմ պատերազմող երկու կողմերին էլ, չեմ ընդունում որևէ կողմի ճշմարտացիությունը: Այս պատերազմում առաջին հարձակվող չկա:
Էջանիշներ