Նայել RSS հոսքը

Armenian Herald

Realpolitik կամ “Իրական քաղաքականություն”

Գնահատել այս գրառումը
Ժամանակի մեծ հարցերը լուծվելու են ոչ թե ճառերով և մեծամասնության որոշումներով, այլ՝ երկաթով ու արյամբ: Օտտո ֆոն Բիսմարկ

Բազմաթիվ հեղինակավոր հետազոտողների կարծիքով, միջազգային հարաբերությունների ոլորտը հիմնականում ենթարկվում է Realpolitik(գերմ. թարգմանած “Իրական քաղաքականություն”)-ի սկզբունքին և թերևս այս սկզբունքի հնարավորինս չափով ճիշտ կամ սխալ կրիրառումը կարող է բերել պետության արտաքին քաղաքականության հաջողությանը կամ անհաջողությանը: Եվ այսպես, ինչ է Realpolitik-ը: Տերմինը քաղաքագիտության մեջ մտցրել է 19-րդ դարի գրող և քաղաքական գործիչ Լյուդվիգ ֆոն Ռոխաուն, սակայն այս սկզբունքի ներկայացուցիչներ մարդկության պատմությանը հայտնի են դեռ շատ վաղուց: Համաձայն Realpolitik-ի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը պետության անվտանգության և ազգային շահերի(ֆրանս. raison d’etat) պաշտպանությունն է, և ոչ թե գաղափարական, կրոնական, դինաստիական կամ հումանիտար նպատակների համար մարտնչելը, և այդ տեսանկյունից այն կոչ է անում հիմնվել քաղաքականության մեջ պրագմատիզմի, ուժի(առաջին հերթին ռազմական) և ուժերի հավասարակշռության, իշխանության և ոչ թե գաղափարախոսական, կրոնական կամ բարոյական սկզբունքների վրա: Realpolitik-ի ավանդույթի համաձայն, երկրի արտաքին քաղաքականության մեջ ձախողման հիմնական պատճառն է քաղաքական գործչի կոմից raison d’etat-ի և ուժերի հավասարակշռության սկզբունքների չհասկանալը: Եթե պետության արտաքին քաղաքականության որոշումները հիմնված են ուժերի ճիշտ հաշվարկի և ազգային շահի վրա, այն պետք է կարողանա կառավարել ուժերի վերաբաշխման փոփոխությունները և չեզոքացնել արտաքին վտանգը` ամրապնդելով իր ռազմական կարողությունները, ստեղծելով դաշինքներ և այլն: Մյուս կողմից, կախված հանգամանքներից Realpolitik-ը խորհուրդ է տալիս կոմպրոմիսների գնալ և ժամանակավորապես զիջումներ անել` հետագայում կորցրածը հետ բերելու կամ այլ ոլորտներում դիվիդենտներ շահելու համար:

Պատմության ընթացքում Realpolitik բազմաթիվ քաղաքական գործիչներ և մտածողներ են եղել, սակայն նրանցից առավել շատ աչքի են ընկնում Նիկոլո Մաքիավելին, կարդինալ Ռիշելյեն, «երկաթյա կանցլեր» Օտտո ֆոն Բիսմարկը, իսկ արդեն մեր ժամանակներում` ԱՄՆ նախկին պետքարտուղար և խոշորագույն քաղաքագետ Հենրի Քիսսինջերը:

Մաքիավելիին իր հանրահայտ «Իշխանը» գրքի մեջ նշում էր, որ տիրակալի հիմնական խնդիրն է ուժի և իշխանության հասնելը, ինչպես նաև այդ ուժը ծառայեցնելը պետության հզորացման համար, և նա պետք է անի այդ ամենը անկախ կրոնական կամ բարոյական նկատառումներից: Այս գաղափարները արդեն ընդլայնվեցին և իրական կյանքի կոչվեցին կարդինալ Ռիշելյեի կողմից, որը հրաշալիորեն կյանքի կոչելով raison d’etat-ը և գլխավորելով կաթոլիկ Ֆրանսիան Երեսնամյա պատերազմում, Հաբսբուրգներին ջախջախելու համար ամենևին չեր խորշում դաշինքներ կնքել բողոքական Շվեդիայի, կամ էլ նույնիսկ մահմեդական Օսմանյան կայսության հետ: Realpolitik-ը առավել հայտնի դարձավ շնորհիվ Օտտո ֆոն Բիսմարկի, ով վարելով շատ պրագմատիկ և ապագաղափարականացված և ներքին, և արտաքին քաղաքականություն, կարողացավ միավորել գերմանական հողերը և ստեղծել հզոր գերմանական կայսրություն: Բիսմարկի կողմից վարվող Realpolitik-ի վառ օրինակ է թերևս 1866թ.-ի պատերազմում Պրուսիայի կողմից Ավստրիայի ջախջախումից հետո հաշտության շատ մեղմ պայմանները, ինչին սկզբում կատաղի ընդիմանում էին Պրուսիայի թագավորը և նրա գեներալները, և ինչի շնորհիվ արդեն հետագայում ստեղծվեց ամուր գերմանա-ավստրիական դաշինքը:

Եվ արդեն մեր օրերում Realpolitik տերմինը ասոցացվում է Քիսսինջերի հետ, որը 1970-ականներին ԱՄՆ արտաքին քաղաքականության ճարտարապետն էր հանդիսանում: Չնայած ԱՄՆ իրեն հռչակել էր «ազատ աշխարհի» առաջնորդը կոմունիզմի դեմ պայքարում, այնուամենայնիվ գաղափարախոսական սահմանափակումները հաշվի չառնվեցին, երբ սոցիալսիտական Չինաստանի հետ հակասովետական բլոկ ստեղծվեց: Քիսսինջերը նաև “մեղավոր” է Լատինական Ամերիկայում սոցիալիստական հակումներ ունեցող կառավարությունների տապալման և ռազմական խունտաների իշխանության գալու մեջ, ինչը անկասկած դմ է դեմոկրատիայի իդեալներին:

Մեր ընկալմամբ, այսօրվա միջազգային քաղաքականությունը, առանձնապես մեծ տերությունների կողմից վարվող, հիմնականում տարվում է Realpolitik-ի կանոների համաձայն, չնայած որ շատ հաճախ դա քողարակվում է “բարձր” իդելաների կամ հումանիտար նպատակների ներքո(«չարի ու բարու» պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն, հանդուրժողականություն, միջազգային իրավահամակարգ և այլն), այլ խոսքով Realpolitik-ը թաքցվում է Idealpolitik-ի(«Արժեքների քաղաքականության) քողի տակ:

Ցավոք սրտի, հայ իրականության և հասարակության մեջ մինչև այժմ չկա Realpolitik-ի ընկալումը: Իհարկե մենք էլ ունենցել ենք այս սկզբունքով առաջնոդվող գործիչներ և այդ առումով տեղին է հիշել Կիլիկիայի իշխան Մլեհին: Նա, ի տարբերություն նախորդների, դաշնակցում է ոչ թե խաչակիրների հետ, այլ 180 աստիճան շրջապտույտ կատարելով Կիլիկյան հայկական պետության քաղաքականության մեջ, դաշինք է կնքում Հալեպի մահմեդական կառավարիչ Նուր ադ Դինի հետ, նրա օգնությամբ ջախջախում բյուզանդացիների և խաչակիրների զինված ուժերը և Դաշտային Կլիկիայի մեծ մասը միացնում հայկական հողերին: Այն ժամանակվա համար, դա կարելի է ասել, հեղափոխական քայլ էր, քանի որ քաղաքականությունը շատ հաճախ սահմանափակված էր կրոնական դոգմաներով: Այնուամենայնիվ, հայ ազնվականության և հոգևորականության մեծամասնությունը չի ընդունում Մլեհի այս “ապագաղափարականացված” քաղաքականությունը և նա շուտով դառնոււմ է դավադրության զոհ: Պետք է նշենք, որ ինչպես և շուրջ 900 տարի առաջ, հիմա էլ, մեզ, հայերիս համար, միջազգային հարաբերությունների և քաղաքականության ոլորտը դիտվում է բարու և չարի, թշնամու և բարեկամի, արդարի ու անարդարի և այլ բարոյական կլիշեների լույսի ներքո, մինչդեռ վաղուց պետք է հասկանալ, որ նման հասկացողությունները իրականում տեղ չունեն մարդկային կյանքի այս թատերաբեմում և պետք է միշտ հիշել Չերչիլի հայտնի միտքը. “Բրիտանիան չունի հավերժական թշնամիներ կամ բարեկամներ, այն ունի հավերժական շահ”:
http://blog.armenianherald.com/2011/01/05/realpolitik

Ուղարկել «Realpolitik կամ “Իրական քաղաքականություն”"» Digg-ին Ուղարկել «Realpolitik կամ “Իրական քաղաքականություն”"» del.icio.us-ին Ուղարկել «Realpolitik կամ “Իրական քաղաքականություն”"» StumbleUpon-ին Ուղարկել «Realpolitik կամ “Իրական քաղաքականություն”"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Միջազգային քաղաքականություն

Մեկնաբանություն