Ունենք արդյոք այլընտրանք Եվրոպային
Մեր երկրի կողմից եվրաինտեգրումը հայտարարված է արտաքին քաղաքական գերակայություն: Եվրամիության հետ Գործընկերության և համագործակցության համաձայնագրի կնքումը(1999թ), իսկ հետագայում Եվրոպական հարևանության քաղաքականության(2004թ.) և Արևելյան գործընկերության(2008թ.) մեջ ընդգրկումը մեծ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար կառուցել եվրոպական արժեքներով առաջնորդվող և եվրոպական չափանիշներին համապատասխանող երկիր, և ինչու չէ, հետագայում անդամակցել Եվրամիությանը:
Տեսնենք, թե ինչ այլընտրանքներ կարող են լինել եվրոպական կողմնորոշմանը Հայաստանի համար: Այդ առումով քննարկենք մի քանի աշխարհաքաղաքական ուղղություններ, որոնք հավանական զարգացման հեռանկար կարող են տալ Հայաստանին: Եթե դիտարկենք դեպի հարավ տանող ուղին, այդ ուղղությամբ Հայաստանի կարևորագույն գործընկերը Իրանն է: Բարիդրացիական հարաբերությունները Իրանի հետ կենսականորեն կարևոր են եղել շրջափակումը հաղթահարելու և թուրք-ադրբեջանական դաշինքը համակշռելու հարցում: Սակայն ԱՄՆ-Իրան սառը հարաբերությունները, արժեհամակարգային մեծ տարբերությունները անհնար են դարձնում հարաբերությունների հետագա սերտացումը:
Հայաստանը ոչ մի մշակութային կապ կամ քաղաքական առավելություն չունի դեպի արևելք(Միջին Ասիա) կողմնորոշվելու, որտեղի պետությունները զարգանում են հիմնվելով ավտորիտար կառավարման մոդելի վրա, բացի այդ նրանցից ոմանք ակայուն են` պառակտված ներքին քաղաքական և կրոնական հակասությունների արդյունքում:
Դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ անվտանգության երաշխիք են հանդիսանում Հայաստանի համար: Սակայն ժամանակն է հասկանալ, որ հարաբերությունների հետագա խորացումը Ռուսաստանի հետ անխուսափելիորեն բերելու է Հայաստանի կախյալ պետության վերածվելուն, ինչի առաջին նախանշանները արդեն այսօր իսկ կարող ենք տեսնել:
http://blog.armenianherald.com/2010/...europe-armenia