Չինաստանը գերտերություն դառնալու ճանապարհին
«Այնտեղ պառկած է հսկան:Թող քնի: Երբ զարթնի, նա կցնցի աշխարհը» Նապոլեոն Բոնապարտ
Չինաստանի վերելքը և վերածումը գերտերության առավել ակնհայտ դարձավ 20-րդ դարի վերջին տասնամյակում և ավելի մեծ թափերով շարունակվեց 21-րդ դարի առաջին տասնամյակում: Փաստ է այն, որ այս երկիրը դարձել է միջազգային հարաբերություններում որոշիչ դեր կատարող խաղացողներից մեկը: Ինչպես հայտարարում են չինացիները` 21-րդ դարը դա չինական քաղաքակրթության դարն է: Նրանք նաև նշում են, որ չինական հինգհազարամյա քաղաքակրթությունը իր հիմնական բնութագրերով առավել է մյուսներից, և դա կապահովի Չինաստանի տրիումֆը:
Այս ամռանը գրանցվեց Չինաստանի հերթական հաղթանակը: Bloomberg ֆինանսական ինֆորմացիոն գործակալության հաղորդմամբ, այս տարվա երկրորդ եռամսյակի տվյալներով Չինաստանը համախառն ներքին արդյունքի(ՀՆԱ) ցուցանիշով աշխարհում գրավել է երկրորդ տեղը, առաջ անցնելով Ճապոնիայից, որը վերջին 40 տարվա ընթացքում երկրորդն էր. Չինաստանի ՀՆԱ-ն կազմել է 1,337 տրիլիոն դոլլար, մինչդեռ Ճապոնիայինը` 1,288 տրիլիոն և, հետևաբար, տնտեսագտները գտնում են, որ ամբողջ տարվա արդյունքներով Չինաստանը կդառնա աշխարհի երկրորդ տնտեսությունը: Ընդամենը մեկ տասնամյակի ընթացքում Չինաստանը տնտեսական հզորությամբ առաջ անցավ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և 2007թ.-ին` Գերմանիայից: Այժմ Չինաստանը հետ է մնում միայն ԱՄՆ-ից: Սակայն այս սահամանագծի հատումը ևս Չինաստանի համար սարերի ետևում չէ:
Համաձայն Goldman Sachs Group Inc. –ի գլխավոր տնտեսագետ Ջիմ Օ’նիլի կանխատեսումների, Չինաստանը աշխարհի առաջին տնտեսությունը կդառնա 2027թ-ին, իսկ աշխարհի խոշորագույն աուդիտորական PricewaterhouseCoopers ընկերության տվյալներով, դա տեղի կունենա մոտավորապես 2020-ականներին: Նշենք, որ այժմ Չինաստանի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով կազմում է 5 տրիլիոն դոլլար, մինչդեռ ԱՄՆ-ինը` 15 տրիլիոն:
Գնալով էլ ավելի մեծանում է տարբեր տնտեսական ցուցնիշների քանակը, որտեղ Չինաստանը զբաղեցնում է առաջին տեղը: Աշխարհում շուկայական կապիտալիզացիայի ցուցանիշով առաջին 10 ընկերություններից 4 -ը արդեն չինական են, այդ թվում` PetroChina Co., Industrial & Commercial Bank of China Ltd., China Mobile Ltd. и China Construction Bank Corp.: Անցած տարի, Չինաստանը առաջ է անցել ԱՄՆ-ից որպես աշխարհի ամենամեծ ավտոմոբիլային շուկա, իսկ արդեն հաջորդ տարի Չինաստանը առաջ կանցնի ԱՄՆ-ից արդյունաբերական արտադրանքի ծավալներով և այդ ցուցանիշով կդառնա առաջինը աշխարհում: 2009թ-ի արդյունքներով Չինաստանը դարձավ աշխարհի թիվ 1 արտահանողը. արտահանման ծավալները կազմեցին 840 մլրդ. եվրո, մինչդեռ նախկինում առաջին տեղը գրավող Գերմանիան արտահանել էր 816 մլրդ. եվրոյի արտադրանք: Չինաստանը զբաղեցնում է առաջին տեղը որպես երկաթի հանքաքարի և պղնձի գնորդ և երկրորդն է որպես հում նավթ ներկրող (9,2 մլն բարել նավթ մեկ օրում ԱՄՆ-ի 19 մլն. բարելի դիմաց): Այն հանդիսանում է նաև ածխի խոշորագույն արդյունահանողը և միաժամանակ ներկրողը, ընդ որում քարածուխին է բաժին ընկնում չինական էներգաարտադրման 70%-ը , ինչի պատճառով այսօր Չինաստանը հանդիսանում է աշխարհի ամենաշատը մթնոլորտը աղտոտող պետությունը: Չինաստանի բաժնին են ընկնում նավթի համաշխարհային սպառման 7,4%-ը, ածխի` 31%-ը, երկաթի հանքաքարի` 30%-ը, պողպատի` 37%-ը, ալյումինի հումքի` 25%-ը և ցեմենտի 40%-ը: Միջազգային էներգետիկական գործակալության փորձագետները 2009թ.ի արդյունքների վերլուծության հիմա վրա եկել են այն եզրակացության, որ Չինաստանն է դարձել աշխարհում էներգիայի առավել շատ սպառողը: “Ընդամենը 10 տարի առաջ Չինաստանը երկու անգամ ավելի քիչ էներգիա էր օգտագործում քան ԱՄՆ-ն, իսկ հիմա նա առջևում է”,- նշում է ՄԷԳ փորձագետ Ֆատիհ Բիրոլը:
Այնուամենայնիվ, Չինաստանը այնքան էլ հարուստ պետություն չի և դեռևս համարվում է զարգացող երկիր, որովհետև , օրինակ, Համաշխարհային բանկի տվյալներով, մեկ հոգու հաշվով համախառն ազգային արդյունքով(2940 դոլլար) նա զբաղեցնում աշխարհում 127-րդ տեղը(համեմատության համար, Հայաստանը 3350 դոլլարով 121 տեղում է): Իսկ բնակչության գնողունակության ցուցանիշով(այլ կերպ ասած կենսամակարդակով), համաձայն Միջազգային Արժութային հիմնադրամի տվյալների, Չինաստանը զբաղեցնում է 100-րդ տեղը: Փորձագետները նշում են, որ հաշվի առնելով Չինաստանի ներկայիս բնակչությունը(1,3 մլրդ մարդ), որպեսզի չինացիների կենսամակարդակը հավասարվի, օրինակ, եվրոպականին, անհրաժեշտ կլինի ևս մեկ Երկիր մոլորակի չափով ռեսուրսներ:
http://blog.armenianherald.com/2010/...ina-superpower