Աստղամած երկինքը մի պահ շառագունեց պրոտոնային հրթիռի կուրացուցիչ ցոլքից և կրկին մթնեց։ Գլանաձև տիեզերանավը փափուկ վայրէջք կատարեց անծանոթ մոլորակի վրա։
Հրթիռի ողորկ, մետաղափայլ իրանի վրա լույսի թելեր ուրվագծվեցին։ Անձայն բացվեց տիեզերանավի դուռը, և սկաֆանդրներ հագած երեք տիեզերագնացները ծալովի աստիճանով հերթով իջան մոլորակի փափուկ, կանաչ մակերևույթի վրա։ Նրանք լավ գիտեին, որ մոլորակի հյուրընկալ տեսքը խաբուսիկ է. միջավայրի ջերմաստիճանը քսաներկու անգամ բարձր էր նորմայից, խիտ, գազային մթնոլորտը՝ թունավոր։ Սակայն այդ փոքրիկ մոլորակի բնությունը չէ, որ հետաքրքրել էր Միջաստղային Խորհրդին։ Հասանելի տիեզերքի ամենահեռավոր անկյուններից մեկում, երկար ու ապարդյուն որոնումներից հետո, վերջապես գտնվել էր մի նոր աշխարհ, որտեղ Բանական Կյանք կար։ Եվ հիմա Գալակտիկան անհամբեր սպասում էր Առաջին առաքելության արդյունքներին՝ երկու հազար ստանդարտ-տարվա մեջ առաջին անգամ դիմավորելու համար Խորհրդի նոր անդամներին, օգնելու, աջակցելու, սովորեցնելու և, անշուշտ, նորեկներից սովորելու ու ճանաչելու համար։
Տիեզերագնացների առաջադրանքը հստակ էր. աննկատ հետևել այլմոլորակայիններին, պարզել զարգացածության աստիճանը, կենսակերպը, սովորույթները, ֆիզիոլոգիական ու հոգեկան առանձնահատկությունները, ապա հանդիպել նրանց ու տեղեկացնել, որ նրանք միայնակ չեն Տիեզերքում և առաջարկել միանալ Միջաստղային Խորհրդին։ Սկզբում աշխատանքը շատ լավ էր ընթանում. երեք տեղական տարվա մեջ (տասնութ ստանդարտ-օր) հայտնաբերվեցին և քարտեզագրվեցին մոտակա բոլոր խոշոր բնակավայրերը, ուսումնասիրվեց տեղի բնությունն ու կենսոլորտը և, անշուշտ, միակողմանի կապ հասատվեց բնիկ ցեղերի հետ։ Ցավոք, այլմոլորակայինները, հակառակ ընդունված կարծիքի, ամենևին էլ առավել զարգացած չէին, քան Միջաստղային Հանրապետության քաղաքացիները։ Ընդհակառակը՝ նրանց քաղաքակրթությունը դեռ օրորոցային, նախնադարյան վիճակում էր։ Էլեկտրականությունը հայտնաբերված չէր, ատոմային ռեակտորներ չկային, իսկ միջաստղային թռիչքների ու պոզիտրոնային համակարգիչների մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Հոգևոր մակարդակը (եթե, իհարկե, կարելի է կիրառել «հոգևոր» բառն այնպիսի էակների մասին, որոնք ձեր ծնկներից են, փափուկ, երկարուկ շոշափուկներ ու նույնպիսի իրան ունեն և, ընդհանրապես, ոչնչով բանական արարածների չեն հիշեցնում) նույնպես անմխիթար էր։ Կարճատև խորհրդակցությունից հետո որոշվեց քաղաքակրթման գործընթացը սկսել հենց հոգևորից։ Եվ քանի որ տիեզերագնացներին խստիվ արգելված էր ժամանակից շուտ երևալու այլմոլորակայիններին (ասենք՝ վերջիններս չէին էլ ընկալի սովորական խոսքը. նրանց հաղորդակցման համակարգը բոլորովին այլ ֆիզիկական սկզբունքների վրա էր հիմնված), որոշվեց արհեստական պայմաններում ստեղծել մի նոր էակի, որը արտաքնապես նման կլիներ բնիկներին, սակայն իր մեջ կպարփակեր այն ամբողջ լավն ու բարին, այն ամբողջ զորեղ մշակույթն ու քաղաքակրթությունը, ինչին Հանրապետությունը հասել էր խաղաղության հազարավոր տարիների ընթացքում։ Կլոնավորումը և աճը տևեց երկու ստանդարտ-ժամ, արարածի մտավոր ծրագրավորումը՝ հինգ։ Միջքաղաքակրթային կենդանի կամուրջը պատրաստ էր։ Սկսվում էր ամենակարևոր ու ժամանակատար փուլը՝ այլմոլորակայիններին կրթելու ու «դարձի բերելու» աշխատանքը։
Էջանիշներ