Քո երակներում գարուն է հոսում,
Քեզ սառն են կոչում անգիտակցաբար,
Քեզ խուլ են կոչում, երբ դու չես լսում,
Երբ գազանները մորթում են իրար:
Քո մտքում միայն ժամեր են կիսվում.
Քեզ շտապ են կոչում անգիտակցաբար,
Քեզ համր են կոչում, երբ դու չես խոսում,
Երբ իրականում ոռնում ես անլար:
Քո արևելքում երկինքն է ծաղկում.
Խավար են կոչում անգիտակցաբար,
Երբ դու չես նայում, քեզ կույր են կոչում,
Երբ տեսնում ես միշտ դեմքերը տկար:
Քեզ գիտակցաբար կոչում են խելառ,
Դու կես գիտակից ժպտում ես նրանց,
Քեզ բիրտ կկոչեն երբ դու դուրս եկար,
Դու լու՜ռ, ժպտալով հեռացիր անդարձ...
Էջանիշներ