Մհեր Մանուկյան. - ՙԾեծուջարդը զանգվածային էր՚
Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանցից Մհեր Մանուկյանը, ով Ազատության հրապարակում այսօր առավոտյան իրավապահների բռնություններից տուժածներից է, ՙԱզատություն՚ ռադիոկայանի հարցին, թե քանի մարդ է տուժել, ասաց, որ ծեծուջարդը ՙզանգվածային էր՚:
ՙՈվ որ կոնտակտի գծում էր, բոլորը տուժել են՚, - շարունակեց նա: - ՙԸնդ որում` չխնայելով ընկածներին... Այդպես խփելով, ջարդելով քշեցին ներքեւ: Հետապնդեցին մինչեւ Հանրապետության հրապարակ, հրապարակից էլ անց, նույնիսկ մինչեւ Ձկան խանութ՚:
ՙՈստիկանները տարբեր կողմերից մահակներով, վահաններով եկան՚, - առավոտյան գրոհի մասին պատմեց նա: - ՙԼեւոն Տեր-Պետրոսյանը հատուկ հայտարարեց` ժողովուրդ ոչ մի կոնտակտի չգնաք, հանգիստ կանգնեք, տեսնենք ինչ են ուզում այս մարդիկ: Ու հատուկ հայտարարեց, որ այստեղ կանայք կան, երեխաներ կան, եւ խնդրեց ոստիկանությանը որեւէ այդպիսի բանի չգնալ: Չկանգնեցին, եկան ժողովրդի վրա եւ սկսեցին երկու կողմից ջարդել՚:
ՙՕղակը սեղմեցին, քանի որ ժողովուրդը փորձում էր Լեւոնից պաշտպանել: Ինչ-որ սարքերով ջուր էին լցնում ժողովրդի վրա, քշեցին Հյուսիսային պողոտա ու անընդհատ հետապնդելով, մահակներով խփելով հետ մնացածներին, ընկածներին խփելով... Ով ընկնում էր, շրջապատում էին, սկսում էին ոտքերով խփել՚:
Նա ասաց, որ մահակով հարվածել են իր գլխին. - ՙՄեծ բացվածք է: Բժշկի չենք դիմել: Մտածեցինք, այս պահին ավելի լավ է վստահելի մարդու դիմենք... Ես մայիսի 9-ին եղել եմ այդ դեպքերի մեջ, ու այդ վիճակով բժիշկները ուղղակի հրաժարվեցին ինձ սպասարկել՚:
Նրա տեղեկություններով, տուժել են նաեւ ՙՀանրապետություն՚ կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ով առաջին գծում էր, եւ Հրանտ Մաթեւոսյանի որդին` Դավիթ Մաթեւոսյանը:
Ռուզաննա Ստեփանյան
Էջանիշներ