Բացարձակ հավաստի աղբյուրներից գիտեմ, որ նույն Վանո Սիրադեղյանը Ազգային Ժողովի մոտ կանգնած, ոստիկաններին հրամայել էր. «Հանե՛լ փամփուշտները, որպեսզի նույնիսկ պատահական գնդակից մարդ չտուժի»: Եվ հենց այդ պատճառով էլ Վազգեն Մանուկյանի համախոհներ, նրա աջակիցներ, աջ ու ձախ ձեռքեր Սադոյան Արշակը, Քոչարյան Շավարշը, Կիմ Բալայանը և մյուսները անձամբ, ի դեպ դատարկ ձեռքերով կարողացան արյունլվիկ անելու չափ ծեծել ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանին, փոխնախագահ Արա Սահակյանին և մյուսներին:
Հետո շատ հաջող թողեցին ժողովրդին, որն արդեն գազազած էր, հունից դուրս եկած, իսկ իրենք փախան ու թաքնվեցին այս ու այն որջում՝ ի դեպ չհրաժարվելով ու հետագայում նաև ստանալով ԱԺ պատգամավորի իրենց աշխատավարձը:
Վանո Սիրադեղյանը սուրբ չէ, բայց դե հրեշ էլ չէ: Սովորական մարդ էր և Ձեր բերած տեսահոլովակից էլ երևում էր, որ ընդամենը ափեղ-ցեփեղ խոսող, ծիծաղող մարդ է, ով անշուշտ պիտի բացառեր պետական գործիչը իր գործելակերպից: Ուրիշ խնդիր, որ ամենայն հավանականությամբ այս խոսակցությունը մտերիմների շրջանակում է եղել, վկա հետևից լսվող մտերմիկ ծիծաղը, որը հաստատ որևէ նիստի արձանագրություն չէ: Հետևություն. արդեն այն ժամանակ ինչ-որ մարդիկ կամ կազմակերպություն փնտրում էր վարկաբեկիչ նյութեր, տարածում և անշուշտ հասնում իր նպատակին: Էդպիսի կազմակերպություն Հայաստանում մի հատ կա, այդ կազմակերպության այդ ժամանակվա ղեկավարն էլ այսօր փորձում է դառնալ նախագահ:
Վազգեն Մանուկյանը վերջին ընտրարշավում ցույց տվեց, որ շատ նուրբ խաղեր ինքը չի հասկանում և չի էլ հասկանում, թե ում խաղն էր խաղում այն ժամանակ ու ում խաղը հիմա, որովհետև մշտապես վստահ էր, որ այս անգամ հենց ինքն է հաղթելու: Մի բան կարող եմ հաստատ ասել. ես հավատում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես և խոստացել էր, իր հետ չի բերի իր հին թիմից այն մարդկանց, ովքեր ինչ-որ ձևով վարկաբեկել են և՛ շարժումը, և՛ իր անունը: Հիմա ինձ կհակաճառեք, թե Վանոյի անունն այս օրերին է տվել: Դրա տակ պետք է հասկանալ միայն այն, ինչ ինքն ասել է, որ Վանո Սիրադեղյանը դատարանում պիտի ապացուցի իր անմեղությունը և որ ընդամենը անհրաժեշտ է, որ նա կարողանա վերադառնալ ու կանգնել դատարանի առաջ:
Իսկ այդ օրերին կատարվեց շատ ավելի սարսափելի մի բան, քան ցանկանում եք ներկայացնել այս տեսահոլովակով: Ինչպես երեկվա հանրահավաքում ճիշտ նկատեց Տեր-Պետրոսյանը, Մանուկյանն ու իր կողմնակիցները, ժողովրդի հետ միասին, ակամա, առանց իրենք էլ գիտակցելու, թուլացրին պետության հիմքերը, հիմք ստեղծելով պետական մարմինների նկատմամբ հետագա անհարգալից, արհամարհական վերաբերմունքին:
Շատերը նկատած կլինեն, որ ես հաճախ եմ գրառումներումս անդրադառնում Վազգեն Մանուկյանին: Շատերը կարծած կլինեն, որ դա «թշնամության» նշան է, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պայքարում են նրա դեմ: Ո՛չ: Պարզապես առաջադրված թեկնածուներից միակն է, ում չափազանց հարգում եմ ու ամեն անգամ նրա գործելաոճը տեսնելով ափսոսում ու ցավ ապրում, որ նա հենց այդպես է գործում:
Հ.Գ. Ես գիտեմ, որ Սիրադեղյան Վանոյի նկատմամբ կա հարուցված քրեական գործ՝ սպանությունների մեղադրանքով: Սակայն այս մասին ես դիտավորյալ չեմ խոսում ու նույն կոչը անում եմ Ձեզնից յուրաքանչյուրին: Չմոռանանք, որ յուրաքանչյուր ոք, այդ թվում Վանո Սիրադեղյանը, ունի անմեղության կանխավարկած: Այդ մասին կխոսեմ միայն այն դեպքում, երբ իսկապես ազատ և արդար դատարանում կապացուցվի նրա մեղքը: Ի դեպ չմոռանանք Վանոյի բավական շատ դրական գործերը: Որպեսզի չխոսեմ դրանից, մեջբերեմ մի պատմություն, որն եղել է 3 օրա առաջ:
Հիմիկվա խոսք ու զրույցում գերիշխողը քաղաքական խոսակցություններ են: Եվ ահա խոսում է ծանոթներիցս մեկի հետ, ով, այսպես ասեմ, ընտրել է կյանքի որոշակի ուղի (հուսով եմ կհրաժարվի այդ ուղուց):
- Ու՞մ ես ընտրելու, - հարցրեց:
- Լևոնին, - պատասխանեցի:
- Արա՛, հո չես գժվել, - վրդովվեց ծանոթս: - Էդի չէր, որ նախագահ եկավ, ինչքան լավ տղա կար, ինչքան գող ու գողական կար սաղի օդերը փակեց: Կեսին բերդ նստցրեց, կեսին էլ չթողեց որ դվիժենի անեն: Դրան ընտրենք, որ էլ գա նույն բանը անի՞...
Ինձ տարբեր մարդիկ փորձում են ցույց տալ, որ Տեր-Պետրոսյանը սխալներ ունի: Բոլորին հակափաստարկներ կարողանում եմ բերել: Երևի միակ դեպքն էր, որ չկարոցա պատասխանել, որտև... դե հիմա իր ապրելակերպի տեսակետից ճիշտ է ասում:
Պարզապես այս պատմությունը ավելի շուտ պետք է վերագրել Վանոյին: Հա՛: Գիտեմ , թե ինչ եք ասելու: Ասելու եք, որ ինքը գողական դառավ, բեզպռեդել էր և այլն: Մի չարչարվեք, հիշողություններս տեղերում են: Հիշում ենք ու չենք մոռանում նաև արածները: Էլի եմ ասում, հեռու եմ մարդու այն տիպից, որ պիտի սրբացնի Վանոյին:
Էջանիշներ