Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ, սա խնդրի լուծում չի, եթե իրականում պիտի լինեն հարս-սկեսուր սրված հարաբերություններ, առանձին ապրելը ելք չի, որովհետև լարվածությունն այդ դեպքում չի պակասի, ու, գուցե, ավելի վատ հետևանքներ ունենա: Պարզապես պետք է այս եռանկյան ամեն մի կողմը (կին, ամուսին, մայր) իր տեղն ու դերը դիմացինի ու ընտանիքի կյանքում ճիշտ հասկանա ու ըմբռնի, ու, մի բան ևս, ամեն աղջիկ իր ժամանակին կին է դառնալու, ու հետո` սկեսուր
Մերի ջան, տեսականորեն էնքան հեշտ է էդպես ասելը։ Հա, բոլորս էլ գիտենք, որ հարկավոր է զիջող լինել, իրար ներել և այլն։ Բայց երբեմն դա բավական չի լինում, հավատա։ Հա, իհարկե, կարող են շատ բաներում լռել, համակերպվել, բայց ներքուստ չբավարարված լինել, իսկ դա արդեն հերիք է, որ հարաբերություններն առողջ չլինեն։ Ամենատարբեր բնույթի հարցեր կան, որոնցում կարող են հարսի ու սկեսուրի կարծիքները, ճաշակները, նախասիրություններն ու մոտեցումները խիստ տարբեր լինել, և հաճախ դրանք բավական են լինում սրված հարաբերությունների ձևավորման համար։ Ասում են՝ տանը պետք է մի տնտեսուհի լինի։ Սա օդից վերցված անհիմն պնդում չէ, այլ բազմիցս փորձված ճշմարտություն։ Մի հասարակ կենցաղային օրինակ բերեմ. սկսեսուրը տարիներ շարունակ իր խոհանոցում իրերը դասավորել է ինչ–որ ձևով, իսկ հիմա հարսը եկել է և ուզում է դասավորել իր ձևով, որը լրիվ տարբեր է սկսեսուրինից ու վերջինիս բոլորովին դուր չի գալիս, և նա պնդում է, որ ինքն ամբողջ կյանքում այդպես է պահել իր խոհանոցը և իրեն այդպես է հարմար գործ անելը և այլն։ Հարսն էլ ամբողջ կյանքում իր ձևով է արել, իրեն էլ իր իմացած ձևն է հարմար։ Բա հիմա ի՞նչ անեն։ Հա, մեկը կարող էթ հարմարվել, բայց ինչի՞ համար։ Ավելի լավ չի՞ ամեն մեկը իր ուզած ձևով վարվի իր տանը։ Ես ընդամենը մի օրինակ բերեցի, բայց նման օրինակները շատ–շատ են։ Մարդիկ կան, որոնց չես կարող մի քանի օրում փոխել, էլ չեմ ասում, որ շատ մարդկանց ընդհանրապես համարյա անհնար է փոխելը, այդ դեպքում ինչու՞ հարաբերությունները փչացնել, նոր առանձնանալ։ Ավելի լավ չի՞ լինի, եթե հենց սկզբից առանձին ապրեն ու, ինչպես այս թեմայում մի քանի հոգի արդեն նշել էր, իրար համար արած չնչին բաներն էլ գնահատեն ինչպես հարկն է։

Բան չունեմ ասելու, որոշ սկեսուրների, որոշ հարսերի կամ նրանց համապատասխան «համադրության» դեպքում միանգամայն հնարավոր է լինում իսկապես առողջ, համերաշխ ու ջերմ համակեցությունը։ Ես կարծում եմ, որ դեռևս մինչև ամուսնանալը, բավականաչափ շփվելով տղայի ծնողների, մասնավորապես՝ ապագա սկեսրոջ հետ, կարելի է արդեն գոնե մոտավորապես պատկերացնել, թե ինչպիսին կլինի ձեր համատեղ կյանքը։ Եվ եթե կանխատեսումներն այնքան էլ լավատեսական չեն, ու առանձին ապրելու թեկուզ չնչին հնարավորություն կա, ապա անպայման արժե օգտվել դրանից։