Խորտակման սկիզբը
Մայրաքաղաքի փողոցները լի էին մարդկանցով: Բոլորը շարժվում էին, շտապում...
Ցրված, հապճեպ քայլվածքով փողոցն ի վար իջնում էր մի աղջիկ՝ ծաղիկների փոքրիկ փունջը կրծքին սեղմած: Զգացվում էր՝ ցրված է, շփոթված, մոլոր... Հաճախ բախվում էր անցորդներին, խույս տալիս ավտոմեքենաներից:
Քայլում էր անվերջ փողոցն ի վար. թե ո՞ւր, ինքն էլ գուցե չգիտեր:
Իսկ շրջապատն անտարբեր էր. կույր, համր, լուռ...
Մեկը կարծես նկատեց աղջկան և իր շքեղ ավտոմեքենայով սկսեց հետևել նրան...
Աղջիկն, ասես, ձայն լսեց: Անտարբեր շրջվեց, հայացքի առաջ գծագրվեց ավտոմեքենայից իրեն նայող երիտասարդի կերպարանքը: Վերջինս արագորեն աչքերից վերցրեց մուգ ակնոցները: Եվս մեկ, երկու ակնթարթ, և աղջկա առջև հասակով մեկ կանգնեց ջինսե տաբատով, ժամանակակից սանրվածքով անծանոթը: Սիրունատես էր ու գրավիչ, բայց հայացքում հստակ ուրվագծվում էր ցոփ կյանքի ուրվականն ու նենգությունը:
Աղջիկն ակամա մնաց կանգնած: Սարսուռ զգաց, ծնկներն ասես թուլացան և ինչ-որ անորոշ, փշաքաղող զգացումներ, ինչպես շանթեղ հոսանք, անցան մարմնով: Ուզեց վազել, բայց ոտքերը կարծես թաղվել էին ասֆալտի մեջ... Եվ լուռ, անտարբեր ու սառնասիրտ հետևեց երիտասարդին: Վերջինս արդեն ղեկին էր՝ շքեղ ու գայթակղիչ... Իսկ մագնիտոֆոնը հանդարտ ձայնում էր արևկտյան ինչ-որ թեթև երաժշտություն....
Ավտոմեքենան պտտվեց ու սլացավ հակառակ ուղղությամբ: Երիտասարդի միտքն ակնհայտ էր: Դա զգում էր նաև աղջիկը, որը շփոթված ու տագնապահար, փափուկ նստոցին ընկղմված, չգիտես, լսո՞ւմ էր, թե՞ ոչ հրապուրիչ երաժշտությունը...
Կանգ առան գեղատեսիլ Սևանի ափին: Դուրս գալով, դեմքին զգալով սառն օդի թարմ շունչը՝ աղջիկը հասկացավ, որ արդեն ուշ է, որ ամեն բան մեկեն շուռ եկավ, փլվեց, ակնթարթորեն խորտակվեցին հույսերն ու երազները: Իր գիտակցած ու իմացած արժեքներն ու արժանիքներն էլ վայրկենաբար հօդս ցնդեցին: Փորձեց հեկեկալ, լացել բարձրաձայն, բայց հեղձուկը խեղդում էր կոկորդը...
Կյանքը միանգամից կորցրեց իր նախկին հմայքն ու հետաքրքրությունները: Գլխում շեշտակի խաչաձևվեցին ճակատագրական միջադեպի առիթն ու դրդապատճառները: Գնահատեց հետագա կյանքի ողջ բարդություններն ու դառնությունները... Ծանրություն զգաց, գլուխն ասես պտտվեց ու դանդաղ ծնկի իջավ ավազին...
Իսկ երիտասարդն արդեն անզուսպ էր ու անկասելի...
Մարգարտափայլ Սևանը շարունակում էր ալեկոծվել նույն հանդարտությամբ: Ալիքները հերթով գալիս, ափերից դեպի խորքերն էին տանում քրքիջ ու հեկեկոց, արտասուք ու ժպիտ:
Լճի ափին լուռ հեկեկում էր լքված աղջիկը:
Լճի երեսին մեղմ օրորվում էին ծաղիկները՝ կատարվածի ճշմարտության ու խաբեության անխոս վկաները...
Մայրաքաղաքի փողոցները ողողված էին մարդկանցով, ավտոմեքենաներով: Ամենուր եռուզեռ էր ու առևտուր... Յուրաքանչյուրն իր գործերով էր, իր հոգսերով...
Հ. Գ. Այս պատմությունը կարդացի ամսագրերից մեկում, ու որոշեցի տեղադրեմ այստեղ:
Էջանիշներ