Մսակերությունը որպես սննդակարգ սկսել է տարածվել բոլորովին վերջերս, ու հոռետեսների կողմից համարվում է որպես հերթական քարոզվող մոդայիկ ուղղությունը, որն եկել է հաջորդելու ասենք կետոգենային դիետային։ Իրականում այն կետոգենային սննդակարգի խստագույն՝ «հարդքոր» տարբերակն է, ու անվանվում է նաև 0-ածխաջրային դիետա (zero carb diet)։
Սննդակարգը բավականին պարզ է, այն ներառում է միայն կենդանական սնունդ, հիմնականում՝ չմշակված մսամթերք, ճարպ, ոսկրածուծ, որոշակի վերապահումներով թույլատրում է ձուն ու կարագը, ու էլ ավելի վերապահումներով՝ քիչ քանակությամբ կարծր պանիր ու չյուղազրկված սերուցք։
Եվ իհարկե՝ աղ։
Բացառվում է ողջ բուսական սնունդը, բացի թերևս չնչին քնակությամբ պղպեղից, այսինքն համեմունքներն էլ չեն խրախուսվում, առաջարկվում է գոնե ժամանակավորապես հրաժարվել սուրճից ու թեյերից։
Սննդակարգը բացի քաշը կարգավորելուց, խրախուսվում է որպես խրոնիկ խնդիրներից ազատվելու միջոց, որպես կետոգենիկ դիետայի բարձրագույն ու ավելի էֆեկտիվ ձև, համարելով, որ օրգանիզմում բոլոր բորբոքային պրոցեսները պաթոլոգիական մանրեային բնույթի են, որոնք սնվում են ածխաջրերով:
Առանձնապես էական պաշտոնական աղբյուր վայթե չեք գտնի սույն սննդակարգը խրախուսող, կամ գոնե հետազոտող, թերևս՝ մատների վրա հաշված բժշկական կրթություն ստացած մասնագետներ։
Ավելին, ըստ պաշտոնական աղբյուրների, սույն սննդակարգը վնասակար է, քանի որ օրգանիզմին չի տալիս մանրաթելեր ու հակաօքսիդանտներ, կարող է բարձրացնել խոլեստերինը ու առաջացնել սրտանոթային հիվանդություններ։
Մի քիչ իմ փորձից․ Ես արդեն երկու տարուց ավել մեծամասամբ կետոյի վրա նստած, արդեն ահագին դրական առողջական փոփոխություններ ունեի,
ու քաշս իջեցրել էի կայուն 72կգ։ Բայց դեռ ինձ կատարյալ չէի զգում, ունեի որոշակի փքվածություն, աղիներում գրգռվածություն, կենտրոնանալու խնդիրներ, էներգիայի պակաս, բութ ցավեր լյարդի ու լեղապարկի կողմերում, որոնք գրեթե ողջ կյանքս ինձ վայթե ուղեկցել են գնալ-գալով ու նման է, որ մոտս խրոնիկ լեղու թանձրացում կա, որն ասում են շատ տարածված երևույթ է, ու նույնքան տարածված էլ աչքաթող է արվում բժիշկների կողմից ու թողնվում է մինչև վատանալն ու լեղապարկի «բարեհաջող» հեռացնելն ու վիրաբուժության էկոնոմիկայի հարցերը դրանով լուծելը։
Որոշեցի զարգացնել էքսպերիմենտալ կյանքը, ու էսօր իմ մսակերության 4-րդ օրն է։ Ուտում եմ հիմնականում յուղի մեջ եփած կարմիր միս ու ձու։
Դեռևս ձանձրույթից ինքնասպան չեմ եղել։
Չնայած կարճ տևողությանը, փքվածությունս արդեն անցել է, քաշս էսօր 69,5 կգ է, սոված 65կմ հեծանիվ եմ քշել առանց էներգիայի պակաս զգալու։ Մտադիր եմ մինիմում մի ամիս պահել ու մի ամսից հետաքրքրության համար արյան անալիզ կտամ։ Որ չմեռա, կթարմացնեմ։
Կիսվեք կարծիքներով խնդրեմ։
Էջանիշներ