Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե հաշվի առնենք, որ տերմինն ամբողջությամբ կոչվում է „on again - off again relationship“, իսկ again-ը («նորից») մակբայ է, ապա «մերթընդմերթ»-ը ամենահամապատասխան թարգմանությունն է. մեջը համ on-off-ն է երևում, համ again-ը:
Ռիփ, անգլերենն ու հայերենն էդ առումով ահագին տարբեր են: Հայերենին էդ ձևը բնորոշ չի: Անգլերենը անալիտիկ լեզու ա, ու վերջավորությունների բացակայությամբ պայմանավորված` անգլերենում տարածված ա մի խոսքի մասի` որպես այլ խոսքի մասերի կիրառությունը, որը կարգավորվում ա համապատասխան շարադասությամբ: Իսկ հայերենին դա բնորոշ չի, քանի որ դրա կարիքն էլ առանձնապես չկա. էդ հարցերը լուծվում են հոլովման, խոնարհման ու ածանցման միջոցով:

Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
Ան, գիշեր-ցերեկ աշխատանք ու շուրջօրյա աշխատանք, թեև նույնն են իմաստային, բայց լեզվազգացողական մակարդակում տարբեր են ու մեկը մյուսով ոչ այնքան փոխարինելի։
Ես կարծում եմ, որ նման քերականական "խախտումներ" երբեմն կարելի ա անել խոսքին որոշակի շեշտվածություն, ուրիշ՝ ավելի համարձակ կամ դիպուկ ներըմբռնում հաղորդելու համար։ Էդպես լեզուն ավելի կենդանի ա հնչում, քան կանոնակարգվածն ու խստորեն օրենքավորվածը։ Դրանով էլ որոշ լեզուներ, այդ թվում հայերենը, ճկուն են՝ քանի որ ոչ միայն նման "խախտումները" սխալ չեն հնչում, այլև ավելի ճշգրտում են, թույլ են տալիս դուրս բերելու արտահայտման նոր նրբերանգներ։ Նաև՝ նման ձևով են լեզուները զարգանում, ու երբեմնի մակբայերը մի օր կարող են արդեն օրենքով դառնալ ածական, ինչպես որ անգլերենում on-off-ի դեպքում թույլ ա տրված ազատության էդ շքեղությունը։
Ան, հասկանում եմ լեզվազգացողական մակարդակում տարբեր լինելու մասին ասածդ «գիշեր-ցերեկ»-ի հետ կապված, բայց նման դեպքերում փոխանակ ասելու` գիշեր-ցերեկ աշխատանք ունի, կարելի ա պարզապես ասել` գիշեր-ցերեկ աշխատում ա, հեչ պարտադիր չի լեզվի կանոնները խախտել, որ ուզածդ համուհոտը պահպանվի: Վերջիվերջո, էդ կանոնները ձևի համար չեն, չէ՞, եթե կան, ուրեմն պետք ա պահպանվեն, ոչ թե ով որ ուղղությամբ ուզի` ծռի ու կիրառի: Հա, հայերենը ճկուն ա, բայց կան կառույցներ, կազմության ձևեր, որոնք հայերենին բնորոշ չեն. էլի եմ ասում. ճկունը չի նշանակում, որ կարելի ա անվերջ ու կամայականորեն ճկել: Հայերենի ճկունությունը տվյալ դեպքում դրսևորվում ա նրանով, որ կարելի ա այլ ձևերով արտահայտել ուզածդ իմաստը` չխախտելով լեզվի կանոնները: Հա, համաձայն եմ, որ լեզուն զարգանում ա, ու կարող ա և նենց պատահել, որ մի օր ինչ-որ մակբայ դառնա ածական, թեև, ինչպես արդեն ասեցի, ես չեմ կարողանում մտաբերել նման գոնե մի դեպք, բայց համարենք, որ հնարավոր ա: Բայց էստեղ կարևորն էն ա, թե ոնց ա դա տեղի ունենում: Նման երևույթները, իմ իմանալով, երկու ձևով կարող են տեղի ունենալ. մեկն էն ա, երբ ինչ-որ նորաստեղծ բառ, բառակապակցություն և այլն սկսում ա բանավոր խոսքում օգտագործվել (հաճախ պատահաբար կամ սխալմամբ), քիչ-քիչ տարածում ա գտնում, ու որոշ ժամանակ անց արդեն էնքան բնական ա հնչում, որ արդեն ինքնաբերաբար մտնում ա լեզվի մեջ, այսինքն` ինքն իր ճանապարհը հարթում ա դեպի օրինական կարգավիճակ, այսպես ասած: Մյուս ձևն էլ էն ա, երբ որևէ հայտնի գրող կամ թեկուզ ոչ գրող ինչ-որ առիթով գործածում ա կոնկրետ նորամուծություն, ու դա արդեն սկսում ա շրջանառվել ու էլի որոշ ժամանակ անց համարվում ընդունելի ու ճիշտ: Տվյալ դեպքում մենք էդ իրավիճակներից ոչ մեկը չունենք: Մենք չենք կարող լեզվի կանոններին ակնհայտորեն հակասող արտահայտությունը հանկարծ վերցնել ու խցկել լեզու: Մեկը իմ ականջին էդ արտահայտությունն ահավոր սխալ, արհեստական ու խորթ ա հնչում, ոչ հայերեն: Սա պարզապես ինչ-որ նոր բառ չի, որ ասես` սովոր չենք ուղղակի, ինչպես, օրինակ, «ռեսպուբլիկայի» փոխարեն «հանրապետություն» բառն էր ժամանակին կամ թեկուզ համեմատաբար նոր`«կայք», «համակարգիչ» բառերը: