Էսօր Կորյունենց հետ գնացել էի էքսկուրսիա։ Իրենց դասարանի հետ փաստացի առաջին անգամ էի շփվում։ Երեխեքը շա՜տ լավն էին։ Իդեան էն էր, որ ծնողական ժողովն ու էքսկուրսիան պիտի համատեղվի։ Բայց ընդամենը 4 ծնող էինք գնացել 11 աշակերտից (դասարանում ընդհանրապես 15 հոգի էին, 4-ը բացակայում էին ընդհանրապես)։ Դասվարից էլի էի լսել ու որոշ հարցերում ինքս ականատես էի եղել, թե ծնողների մի մասն ինչքան անտարբեր են իրենց երեխաների նկատմամբ։ Մի պարզ օրինակ բերեմ։
Բացակա աղջիկներից մեկի աչքերը պիտի վիրահատեն։ Խիստ կարճատեսություն ունի, ընդ որում, մի աչքը գրեթե չի տեսնում։ Դե, գրատախտակն ինքնըստնիքյան չի տեսնում դասերի ընթացքում։ Դպրոցում համակարգիչը ուսուցման անբաժան մասն է։ Բայց այդ աղջկան ուսուցչուհին թույլ չէր տալիս համակարգչին մոտենալ։ Ուսուցչուհուն ասում եմ՝ ընթերցարանը թվային տարբերակով տվեք ծնողներին, թող մեծ տառաչափերով տպեն երեխայի համար, որ հեշտ լինի, ուսուցչուհին ասեց, որ չեն անում, ինքն է երեխայի համար դասերը խոշոր տպում բերում…
Բարձունք պիտի հաղթահարեինք։ Բարձրացանք «Կոնդի բլուր» կոչված բարձունքը (Օշականին կից)։ Դասարանում մի պոնչո տղա կա, Կորյունի ասելով՝ ամենածույլիկ աշակերտը։ Մտավոր մի քիչ հետամնաց ու շարժումների մեջ՝ անզգույշ։ Չէր կարողանում բարձրանալ, մի երկու անգամ ընկավ։ Ծնողը չկար։ Ես ձեռքս առաջարկեցի։ Պինդ բռնեց ու էլ բաց չթողեց։ Նույնիսկ հարթ տեղը ձեռքս բաց չէր թողնում։ Զգացվում էր, որ մոր սիրո կարոտ երեխա է։
Ավտոբուսի մեջ պարզեցի, որ մի աղջկա մայրիկին այսօր պիտի կեսարյան անեին ու ինքն էլ անհամապատասխան հագնված էր եկել։ Մյուս ձեռքս էլ իրեն էր պատկանում։ Էլի ջերմության պակաս էի զգում մոտը։ Մի խոսքով, ինձ լրիվ էս վիճակում էի զգում էսօր.
Հետո, արդեն հանգստի ժամին ուսուցչուհուն պատմեցի, որ երեխեքի մոտ մոր սիրո պակաս եմ նկատում։ Ուսուցչուհին հաստատեց։ Տղայի մայրը 2-3 տարի առաջ լքել էր ընտանիքը։ Տատիկն է պահում իրեն ու նրա մեծ քրոջն ու եղբորը։ Մորը զրկել են մայրական իրավունքից ու երեխային տեսնելու համար հատուկ օրեր ունի։
Աղջկա մայրը շատ բարդ հղիություն է տարել (երևի հաճախ պաթոլոգիա պառկելով), այսօր կեսարյան հատում պիտի անեին։ Բայց մինչ հղիությունն էլ մի բարի պտուղ չի եղել։ Աղջկա հայրը կենսաբանական հայրը չի, աղջկան հաճախ ծեծում են։ Աղջկա մոտ էլ խոսքի թերզարգացում կար։
Շատ տխուր իրավիճակ ա։ Հիմա ուզում եմ, որ կարողանամ հաճախ գնալ դպրոց, էդ երեխեքին տեսնեմ։ Միգուցե իրենք իմ մեջ հարազատ հոգի են տեսել։
Եկանք տուն, Կորյունն ասում ա. «Մամ, ինչի՞ էին քեզ կպած երեխեքը։ Երևի ամենասիրուն մաման էիր, դրա համա՞ր»…
(Սրանից լավ կոմպլիմե՞նտ… չէ, հաստատ չկա)
Էջանիշներ