Ռաֆայել Թեյմուրազյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանի մի քանի քաղաքացիների հայցն ընդդեմ Հայաստանի։ Լաչինի մի քանի նախկին բնակիչներ իրենց հայցում նշել էին, թե արցախյան հակամարտության պատճառով չեն կարողանում վերադառնալ իրենց տները ու փոխհատուցում էին պահանջել ՀՀ-ից։ Դատարանը կողմերին մեկ տարի ժամանակ է տվել՝ համաձայնության գալու համար։
Մեր լրատվամիջոցները նախընտրել են ավելի շատ կենտրոնանալ նրա վրա, որ դատարանը բավարարել է նաև Շահումյանի շրջանի նախկին բնակիչ Սարգսյանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։
Ի՞նչ կապ ունի Հայաստանը հարևան երկրի տարածքում կատարվածի հետ, որ փոխհատուցի ինչ-որ բան։ Այն, որ Լաչինի շրջանը լքած ադրբեջանցիներին փոխհատուցողը պիտի լինի Հայաստանը, ՄԻԵԴ-ն այսպես է հիմնավորել. «Բազմաթիվ հաղորդագրություններ և հրապարակային հայտարարություններ» ցույց են տալիս, որ «Հայաստանն իր ռազմական ներկայության (...) միջոցով արդյունավետ վերահսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների նկատմամբ»։
Հիմա արդեն կա եվրոպական դատարանի վճիռ այն մասին, որը պնդում է, թե Հայաստանը ռազմական ներկայություն ունիԼեռնային Ղարաբաղում։ Սա փաստացի հակասում է ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթաժողովի բանաձևին (1994), որով Արցախը բանակցային լիիրավ կողմ էր ճանաչվել։ Հակասում է նաև 1993-ին Արցախի խնդրով ՄԱԿ-ի ընդունած 4 բանաձևերին, որտեղ այդ տարածքների վերահսկողության պատասխանատուն «տեղական հայկական ուժերն» էին, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը։
Իսկ ի՞նչ հաղորդագրությունների մասին է խոսքը, որին հղում է անում ՄԻԵԴ-ը։ Ահա, մեկը հենց երեկվա լրահոսում. ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարևան երկրի՝ Արցախի զինված ուժերի առաջնագիծ։ Սրան գումարեք նաև տարիներ շարունակ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռ. Քոչարյանի ու Ս.Սարգսյանի նմանօրինակ այցերը, Արցախի բանակի զինվորներին պարգևատրելը, ՀՀ վարչապետի՝ Արցախում տանկ քշելը...։ «Հայլուրի» տեսախցիկների առաջ հերոսանալու արդյուքում ամեն անգամ ծնվում էին այն հաղորդագրությունները և/կամ հրապարակային հայտարարությունները, որոնց հղում է անում ՄԻԵԴ՝ Հայաստանին ագրեսոր հռչակելու համար, մի բան, որին Ադրբեջանը ոչ մի կերպ չկարողացավ հասնել Բուդապեշտում կամ ՄԱԿ-ի բանաձևերով։
Մենք ոչ միայն արտագաղթի արդյունքում, այլև իրավաբանորեն աստիճանաբար կորցնում ենք Արցախը։ ՄԻԵԴ-ի վճիռն ուժերի հարաբերակցության փոփոխության արձանագրում է։ Իսկ «քաղաքական» ու «հասարակական» դաշտի կատարյալ անտարբերությունը հայկական դիվանագիտության այս մասշտաբի ձախողման նկատմամբ լավ բան հուսալու քիչ տեղ է թողնում։
Խմբագրության կողմից. Նշենք, որ Ադրբեջանի քաղաքացիների՝ ազգությամբ քուրդ Չիրագովների, Ջեբրայիլովների ու այլոց հայցերը նախադեպային էին, որոնք կարող են առիթ հանդիսանալ Ադրբեջանի մյուս քաղաքացիների համար եւս, որպեսզի վերջիններս նույնպես դիմեն ՄԻԵԴ՝ Հայաստանից փոխհատուցում ստանալու պահանջով:
Էջանիշներ