Տարբերակ 1. Նրանք
- Կոլյա, գա՛զը սեղմիր: Մեկ անգամ էլ: Վերջ, կարող ես թողնել:
- Հը, մի բան ստացվո՞ւմ է:
- Հա, ստացվում է, որ մենք լրիվ քաքի մեջ ենք:
Իվանը շրխկացնելով փակեց մեքենայի կապոտը, ցատկեց ներքև ու քայլեց շինության ուղղությամբ: Նիկոլայը հետևեց նրան:
Փոշոտ լուսամուտից նայելիս Քեռին նրանց նկատեց և ընդառաջ դուրս եկավ:
- Ի՞նչ նորություն կա:
- Չկա, Քեռի, Սադկոն սատկել է: Մոմը չի վառվում, մարտկոցն ու կարբյուրատորը նույնպես բանի պետք չեն. մի խոսքով՝ մետաղի ջարդոն:
- Ուրեմն էստեղ մնալու իմաստ չկա, տղերք: Ուսապարկերդ հավաքեք, շարժվենք: Կոլյա, տեր հոր հետ ուսապարկերով փոխվեք, քոնը թեթև է:
Հայր Դմիտրին իր հաստլիկ մարմնին անհամապատասխան թեթևությամբ վեր կացավ գետնից և վերցրեց Նիկոլայի ուսապարկը: Սերգեյը նույնպես ուզում էր որքան հնարավոր է շուտ ճամփա ընկնել, բայց երբ փորձեց բարձրանալ նստած տեղից, Դենիսը, ով այդ ամբողջ ընթացքում անտարբեր նայում էր անորոշ կետի, բռնեց նրա թևն ու հետ քաշեց նրան:
- Ի՞նչ կարիք կա շտապելու: Մեկ է՝ գրողի տարած ֆաշիստները մեզ չեն հետապնդում, իրենց Կիևով են զբաղված: Իսկ մենք կարող ենք մի քիչ շունչ առնել:
- Նախ՝ հաստատ չգիտենք, թե ինչ են նրանք պատրաստվում անել,- ասաց Քեռին և խիստ տոնով ավելացրեց,- երկրորդ՝ մի մոռացիր սուբօրդինացիայի մասին, պարոն սերժանտ:
- Պարոն ավա՛գ սերժանտ, պարոն կապիտան,- հեգնեց Դենիսը և սկսեց իրերը դանդաղորեն տեղավորել ուսապարկում:
Քիչ անց նրանք դուրս եկան շինությունից, որը մի քանի տասնամյակ առաջ բենզալցակայան էր եղել, և քայլեցին ճանապարհն ի վար՝ դեպի հյուսիս:
- Եղբայր, ի՞նչ կարծիքի ես մեր օպերացիայի մասին,- հարցրեց Իվանը Նիկոլային:
- Թողնե՛լ խոսակցությունը,- միջամտեց Քեռին,- վերադասի հրամանները քննարկման ենթակա չեն:
- Վերջ տուր, Քեռի: Վերադասը մեզ որպես մսացու անասուններ ուղարկեց կիևյան կոտլետ դառնալու՝ շատ լավ իմանալով, որ Արևմուտքը ուկրոպներին մենակ չի թողնի:
- Սատանայի բաժի՛ն դառնան Ամերիկան ու նրա շուն Եվրոպան,- բորբոքվեց հայր Դմիտրին,- բոլորի աչքին թոզ են փչում, թե իբր դեմոկրատիայի և լուսավորության քարոզիչներն ու պահապաններն են, բայց իրականում նենգ պլաններ են մշակում, որ կործանեն ռուսական աշխարհը:
- Ճիշտ է ասում տեր հայրը,- համաձայնեց Դենիսը,- երբ Կոսովոյի ալբանացիներն «ինքնորոշվեցին»՝ սերբերին զրկելով իրենց պատմական հայրենիքից, դա ջհուդների կառավարություններին ձեռնտու էր, բայց երբ Ղրիմը լրիվ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում որոշեց միանալ Ռուսաստանին, դա համարեցին հակաօրինական: Դրա համար էլ, իմ սիրելի Վանյա, հիմար մտքերիդ համար քեզ գնդակահարություն է հասնում:
- Սուս մնացեք բոլորդ: - ասաց Քեռին,- Համարյա հասանք:
Արևը թեքվում էր դեպի մայրամուտ, բաց տեղանքը դեռ բավական լուսավոր էր: Ճանապարհի աջ կողմում, ուղղանկյունաձև պատվանդանի վրայի քարե տառերով կարդացվում էր Պ ԻՊ Տ, 1970:
Հայր Դմիտրին վախեցած խաչակնքեց ու հարցրեց.
- Մի՞թե մենք չպիտի շրջանցեինք այս վայրը, Քեռի:
- Այո, բայց նահանջելու ընթացքում տեղեկություն ստացանք, որ հակառակորդը արևմտյան ուղղությամբ զորքերի որոշակի տեղաշարժ է կատարել: Էնպես որ, այլ տարբերակ չկա:
- Գոնե հակագազեր ունենայինք, - փնթփնթաց Սերգեյը:
- Հարգարժան վերադասը հին հակագազերը հավաքել էր, որպեսզի փոխարիներ նորերով,- ասաց Իվանը,- բայց չար ջհուդամասոններն ինչ-որ դիվային մոգության շնորհիվ գողացան նոր խմբաքանակը, որպեսզի ոչնչացնեն ռուսական աշխարհը, ինչպես տեր հայրն է ասում: Եթե որևէ մեկը զուրկ է սարկազմ ըմբռնելուց, բացատրեմ՝ ի նկատի ունեի, որ վերադասը հերթական անգամ հարկատուների փողերը լափել է:
- Դու արդեն չափերդ անցնում ես, Վանյա, - բարկացավ Քեռին,- ու բացի դա, առանց ՌՔԿՊ համազգեստի հակագազերը բանի պետք չեն: Ռադիացիան, միևնույն է, իր գործն անելու է, իսկ մեր գործը պիտի լինի այն, որ ինչքան հնարավոր է շուտ դուրս գանք էստեղից ու արագ հասնենք Բելոռուսիայի սահման:
- Աստված մեզ հետ,- դողացող ձայնով ասաց հայր Դմիտրին ու կրկին խաչակնքվեց:
Ամբողջ քաղաքը պատված էր խիտ բուսականությամբ: Բնությունն ագրեսիվորեն ազատագրել էր իր տարածքները: Նույնիսկ բարձրահարկ շենքերի կտուրներին էին ծառեր աճում: Քամի չկար, և փետրվարի համար անսովոր տաք էր: Քիչ հեռվում, գորշ շինությունների հետևում, երևում էր դեղին «Սատանայի անիվը»: Քայլելու ընթացքում Նիկոլայը մտածում էր, որ իրականում քաղաքը շատ ավելի մռայլ է, քան ներկայացվում է վիդեոխաղերում, բայց դեժավյուի զգացողությունը կա. «Էներգետիկ», «Հյուրանոց Պոլեսիե», «Լողավազան Լազուրային» և այլ ծանոթ վայրեր, խորհրդային սիմվոլներ ու լոզունգներ շենքերի վերևում:
Արևի սկավառակը հայտնվեց «Սատանայի անիվի» հետևում՝ ասես մտնելով շրջանակի մեջ: Գիշերելու վայր ընտրելու ժամանակն էր: Քեռին ցույց տվեց խաչմերուկի մյուս մայթին գտնվող երկհարկանի շենքը, մոտեցավ դռներին ու ներս մտավ: Մյուսները հետևեցին նրան:
Շենքի պատերը ներկված էին բաց կանաչ գույնով, սակայն ժամանակի ընթացքում ներկը տեղ-տեղ թափվել էր՝ մերկացնելով մոխրագույն ցեմենտը: Հատակի մանրատախտակները ցաքուցրիվ էին եղել: Իվանը բացեց դռներից մեկը և գունատվեց. բազմաթիվ մահճակալների ցանցերին դրված էին տիկնիկներ, մեքենաներ ու այլ խաղալիքներ՝ փոշու հաստ շերտով ծածկված: Պատին կենդանիների և թռչունների նկարներ կային: Պատուհանից երևում էր խաղահրապարակը՝ խարխլված ճոճանակներով և սահարաններով: Իվանը դուրս եկավ քնասենյակից և փակեց դուռը:
- Ուրեմն էսպես, տղերք,- ասաց Քեռին, երբ սենյակներից մեկում կրակ էին վառել ու տաքանում էին դրա շուրջ,- հիմա ժամը ինն անց կես է: Տասից մինչև առավոտյան վեցը Վանյան, Կոլյան, Դենիսն ու Սերյոգան ժամապահություն կանեն, քանի որ հակառակորդի գործողությունների հետ կապված ոչինչ չի բացառվում: Ամեն մեկդ երկու ժամ արթուր կմնաք, իհարկե: Ես էլ ձեռքի հետ պահակապետի պարտականություններ կկատարեմ:
- Իսկ ինչո՞ւ տեր հայրը չի մասնակցում վերակարգին,- բողոքեց Իվանը,- չէ՞ որ նա էլ է մեզ պես զինվորական:
Դմիտրին ուզում էր առարկել, բայց Քեռին առաջ ընկավ.
- Զինվոր է, բայց` ոչ մեզ պես: Նա Աստծո ներկայացուցիչն է մեր դասակում, ավելի ճիշտ` մեր դասակի մնացորդում: Ու ես այլևս չեմ պատրաստվում հանդուրժել քո աստվածանարգ ու ապազգային ելույթները...
- Հանդուրժելուց բացի ի՞նչ կարող ես անել, հրամանատար, զեկուցե՞լ: Մեզ վրա վաղուց խաչ են քաշել, ու նրանց չի հետաքրքրում` կոսմոպոլիտ քարոզչությամբ ենք էստեղ զբաղվում, թե սոդոմիայով: Մենք վաղուց մեռած ենք նրանց համար: Խիստ կասկածում եմ, որ Բելոռուսիայի սահմանին որևէ մեկը սպասում է մեզ:
Քեռին կրակի վրայից վերցրեց սրճեփը և ուժեղ նետեց Իվանի ուղղությամբ: Վերջինս հազիվ կարողացավ խույս տալ հարվածից: Դենիսը փռթկաց:
- Գրողը քեզ տանի,- զզված ձայնով ասաց Քեռին,- ասա ինչ ուզում ես, քո բերանը փակել չի լինում: Բայց անիմաստ դուրս տալու փոխարեն լավ կանեիք հերթափոխի ժամերը բաշխեիք ձեր մեջ:
- Դե դա պարզից էլ պարզ է,- ասաց Դենիսը.- Ես երբեք կեսգիշերից շուտ չեմ քնում, հետևաբար առաջինը ես կկանգնեմ, իսկ Սերյոգան միշտ աքլորներից շուտ է ծուղրուղու կանչում, դրա համար էլ չորսից վեցը կկանգնի: Ուրեմն Վանյան ու Կոլյան էլ կեսգիշերից մինչև չորսը կկանգնեն:
- Առարկություններ, դիմումներ և բողոքներ կա՞ն,- կեսկատակ-կեսլուրջ հարցրեց Քեռին:
- Իհարկե` ոչ, պարոն կապիտան, մեր օրերում ավագ սերժանտի ասածն օրենք է իմ պես խեղճուկրակ ենթասպայի համար,- պատասխանեց Իվանը:
Քեռին ձեռքը թափ տվեց, գնաց բնական կարիքը հոգալու: Սերգեյը փաթաթվեց թիկնոցավրանով, գլուխը դրեց ուսապարկին և անմիջապես քուն մտավ: Հայր Դմիտրին կրակի վրա կոտրատված աթոռի կտորներ դրեց: Իվանը Նիկոլային առաջարկեց իջնել բակ` ծխելու, և նրանք դուրս եկան շենքից: Լուսնկա գիշեր էր, և աստղալից երկինքը այտեղ-այնտեղ ծածկված էր փոքր ամպերով: Հորիզոնում կապույտ ֆոնի վրա սևով ուրվագծվում էին բարձրահարկներն և գործարանների ծխատարները:
- Գիտե՞ս, որ հնարավոր է` ռադիացիայի հետևանքով մենք երբեք չենք կարողանա երեխաներ ունենալ: Իսկ հենց մեզ հասցված վնասի մասին չեմ խոսում:
- Գիտեմ, Կոլյա, չնայած մեր միջի միակ գավառականը ես եմ, բայց այդքան էլ բութ չեմ: Ի դեպ, դու էդպես էլ չասացիր, թե ինչու համալրեցիր կամավորականների շարքերը: Գրոհից առաջ նույն հարցը տվեցի քեզ, բայց ցրեցիր: Ու չնայած դու էլ մեր միջի միակ «ջահելն» ես, բայց, միևնույն է, շատ քիչ բան գիտենք քո մասին:
Նիկոլայը մի պահ մտածեց. ինչ-որ բան էր փորձում մտաբերել:
- Հերոստրատի մասին լսե՞ս ես:
- Դա այն հույնը չէ՞ր, որ պատմության մեջ մտնելու համար աշխարհի հրաշալիքներից մեկը հրկիզել էր:
- Այո, Արտեմիսի տաճարը: Բայց դա ի՞նչ կապ ունի իմ հարցի հետ:
- Կտեսնես: Ես հիմա քսանյոթ տարեկան եմ, շուտով կբոլորի քսանութս: Քո մոտ եղե՞լ են այնպիսի պահեր, երբ թվացել է, որ կյանքդ իզուր ես անցկացրել: Որ ոչ մի նշանակալից բան չես արել, էնպիսի բան, որը կարող ես թոռներիդ հպարտորեն պատմել: Մի ժպտա, այս մտքերն ինձ ամիսներով հանգիստ չէին տալիս: Ինստիտուտն ավարտելուց հետո բանկերից մեկում միջին վարձատրությամբ աշխատանք գտա ու սկսեցի օֆիսային պլանկտոնի միապաղաղ կյանք վարել: Ու էդպես ավելի քան հինգ տարի: Իսկ երբ արևմտյան պատժամիջոցների հետևանքով բանկը սնանկացավ, աշխատանքս կորցրեցի, դեպրեսիաս խորացավ, ու վուալա. հիմա աշխարհի ամենամահացու տարածքներից մեկում սիգարետ եմ ծխում: Բայց դու չես հասկանա, իհարկե, քո կենսուրախությամբ հանդերձ:
- Է՜խ, Կոլյա, մարդկանց թվում է, թե կատակասեր մարդիկ երջանիկ են, այն դեպքում երբ նրանց այդ «կենսուրախությունն» ընդամենը հոգեբանական պաշտպանական ռեակցիա է: Մի զարմացիր:
Փոքր ժամանակից երազում էի զինվորական դառնալու մասին: Շատ էի սիրում հայրենական պատերազմի մասին ֆիլմերը: Ճիշտ է զինվորական գործի իռացիոնալ կողմերի մասին շատ էի մտածել, բայց դեռ երիտասարդ էի, վեհ նպատակների էի ձգտում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի ենթասպայական դպրոց, ու շատ ժամանակ պետք չէր` հասկանալու, որ դա իմ տեղը չի: Սկսեցի մանր առևտրով զբաղվել: Մեր փոքր քաղաքում խանութները շատ չէին, դրա համար էլ գործերս հաջող էին ընթանում, բիզնեսը ծաղկում էր: Մի քանի տարի հետո հանդիպեցի երկրորդ կեսիս և ամուսնացա: Հաջորդ տարում ծնվեց հրաշքս` Լիլյան: Հետո գործերս կտրուկ վատացան, ու շուտով ստիպված էի փակել խանութը: Հենց այդ խառը ժամանակներում էլ Լիլյայիս մոտ ուռուցք հայտնաբերվեց: Կարճ ասած, մեքենաս վաճառեցի, պապական տունս փոխանակեցի մոտակա գյուղի փոքր տներից մեկի հետ, ընկերներիցս էլ համարյա երեք հազար դոլար պարտքով վերցրեցի, որ աղջկաս տանենք Գերմանիա: Փառք Աստծո, վիրահատությունը բարեհաջող անցավ, ու վերադարձանք տուն: Բայց քանի որ պետք էր պարտքերը վճարել ու ընտանիքի կարիքները հոգալ, միացա տեռորիստներին, ըըը, կամավորականներին: Էդպես ծանոթացա Քեռու ու մյուսների հետ: Բոլոր լավ տղերքը զոհվեցին Կիևում: Այժմ մենակ Քեռին է մնացել: Դե, քեզ չեմ հաշվում, դու վերջում միացար մեզ: Սերյոգան ու Դենիսը իրար լավ գտել են,- շարունակեց նա՝ ձայնը ցածրացնելով,- եթե ամոթ չլիներ, հնարավոր է՝ ամուսնանային, մեկը մյուսին լավ սազում են: Սերյոգան դեռ բարուրից բռնել էր «օրենքով գողի» ճանապարհը, բայց քանի որ խելքով ու ճարպկությամբ առանձնապես օժտված չի եղել, իր երազանքին չի էլ կարողացել մոտենալ: Մի անգամ, ինչպես ինքն է պատմում, նավթի պահեստ թալանելու ժամանակ պահակին կապկպել է ու հենց թալանած նավթով էլ վառել: Իր ասելով՝ զղջում է արածի համար, բայց խղճի զգացում ունեցող մարդը չի կարող նման բանից հետո հանգիստ քուն մտնել, իմ կարծիքով: Իսկ Դենիսը պետերբուրգյան նացիստ-սափրագլուխների մի խմբավորման պարագլուխ է եղել ու սևերին պատժել ոչ սլավոնական արտաքին ունենալու համար: Ի դեպ, գիտեի՞ր, որ Քեռին Չեչնիայում էլ է կռվել:
Էջանիշներ