Ինձ համար կարոտը երկու տեսակ է լինում։
Մեկը բացասական կարոտն է, որ առաջանում է տվյալ մարդուց հեռու լինելու պատճառով, թեև որոշ դեպքերում կարող է նաև ֆիզիկապես մոտ լինել, նույնիսկ շփվեք, բայց հոգեպես հեռացած լինեք իրարից, ու ահավոր կարոտես։ Սա պայմանականորեն բացասական կարոտ եմ համարում, քանի որ իր բնույթով տանջող է։ Սա էդ ասածս կապույտ կարոտն է՝ դասականը, կարելի է ասել։
Մյուսը դրական կարոտն է, որ կարող է առաջանալ հանկարծակի ինչ–որ մեկի կամ մի խումբ մարդկանց նկատմամբ՝ անկախ հեռավորությունից ու ամեն ինչից, ուղղակի պահի տակ ուժեղ ջերմության հոսք է լինում տվյալ մարդու կամ մարդկանց խմբի նկատմամբ ու ուժեղ ցանկություն՝ էդ մարդկանց ինձ մոտիկ զգալու, շփվելու, հպվելու, գրկելու, նույնիսկ էդ ջերմության առատությունից գոռալու։ Բայց էդ զգացողությունն էնքան լուսավոր ու ինքնաբավ է, որ նույնիսկ նրանց մոտ լինելու անհնարինությունը չի տանջում։ Այ, էս կարոտը կապույտ չի, բայց դժվարանում եմ գույնը հստակ որոշել՝ կամ տաք դեղին կամ դեղնաշագանակագույն, տաք, բայց ոչ մուգ շագանակագույն, եսիմ...
Էջանիշներ