Եթե խորքային խնդիրներից ենք խոսում, ապա եկեք խորքային խնդիրը դնենք ճիշտ ու լիարժեք:
Ամանդա. բաժանված ծնողներով, էմոցիոնալ, 15 տարեկան (խնդիրները սկսել են, երբ նա դեռ 14 տարեկան էր), դպրոցական: Նորմալ շփվող, երգում էր (դատելով ձայնից՝ սիրողական).
Դպրոց: Այսօրվա հայկական ու կանադական դպրոցները նման չեն 90-ականների առաջին կեսի հայկական դպրոցներին, որոնց մենք սովոր ենք (նավթի վառարան, ով ինչ գտնում էր՝ հագնում էր, միայն թե տաք լինի, ու ոչ ոք այդ առումով ոչ մեկին բան չէր ասի. ռետուզներ, տրիկոներ և այլն): Հիմիկվա դպրոցներում կա ներքին դրես-կոդերի համակարգ, ըստ որի մարդը պատկանում է համապատասխան հասարակական խմբի: Geek՝ համակարգչային խաղերի ու տեխնիկայի վրա խորացած, ֆենտեզի կարդացող մասսա: Swaggie՝ մակերեսային մասսա, որ կենտրոնացած է առավել վառ, հաճախ անճաշակ, գլամուրատիպ հագուստի վրա: Cheerleader՝ կանացի խումբ է, սովորաբար այս խմբի մեջ մտնում են առավել հարուստ ընտանիքների առավել խնամված արտաքինով/գեղեցիկ աղջիկները, դպրոցի ֆուտբոլային թիմի աջակցության խմբի մեջ են լինում: Հաճախ bullying-ի են ենթարկում այլ խմբերի աղջիկներին: Emo՝ ենթամշակութային խումբ, յուրահատուկ հագնվածք, սանրվածք, տրագիկ աշխարհընկալում, էմոցիոալ էքսհիբիցիոնիզմ: Hipster՝ հագնվում են, ինչպես, ասենք, 70-ականներին, սիրում այն, ինչ մեյնստրիմ չի իրենց շրջանից դուրս: Եվ այլն: Դպրոցից կախված՝ խմբային կազմը կարող է տարբեր լինել: Կա միջին, այսպես կոչված՝ չկողմնորոշված խումբ, որի երեխաներն, ընդհանուր առմամբ, շփվում են բոլոր խմբերի ներկայացուցիչների հետ: Այս վերջին խմբին էլ, ամեն ինչից դատելով, պատկանել է Ամանդան: Ու կանադական դպրոցական դրեսկոդի տեսանկյունից Ամանդայի հագուստը չի կարելի որակել ոչ որպես վուլգար, ոչ էլ որպես առանձնապես աչքի ընկնող:
Կան նաև «խմբերից դուրս» մարդիկ, որոնց շարքերում հայտնվելն ամեն դպրոցականի վատագույն մղձավանջն է: Loser որակում ստացած մարդիկ: Հասարակության կողմից մերժվածներ: Որոնք անընդհատ մնացած դպրոցականների հալածանքների օբյեկտն են դառնում: Հենց այս խմբին էր նվիրված Everynone-ի կարճամետրաժը, որը ես նորից կմեջբերեմ, որպեսզի առավել լավ պատկերացնեք վիճակը.
Loser որակում ստանալու համար շատ բան պետք չի: Տարբերվել շրջապատից, ինչ-որ առանձնահատկության կամ անձնական կոնֆլիկտի պատճառով ծաղրի առարկա դառնալ, հայտնվել հիմար իրավիճակում, չունենալ հասարակական շփման ունակություններ, չհամաձայնել մեծամասնության կարծիքի հետ, լսել երաժշտություն, որն «ամոթ» է լսել, գիշերային ակումբներ կամ «party»-ներ գնալու փոխարեն գրքեր կարդալ և այլն: Հենց այս կատեգորիայում է գտնվել Ամանդան մոտ մեկ տարի շարունակ:
Ընդհանուր առմամբ, loser-ը մի մարդ է, որին հիմար իրավիճակի մեջ գցելը, ծաղրելը, առավել ծիծաղելի կատակ անելը, աթոռը տակից փախցնելը «cool» լինելու չափանիշ է, իսկ կարեկցելը վտանգ է հայտնվել նույն կատեգորիայում: Loser-ին ծեծելը նրան «իր տեղը ցույց տալու» եղանակ է:
Այն, որ Ամանդան սկսել էր վեբկամով շփվել անծանոթ մարդկանց հետ, արդեն խոսում է այն մասին, որ նա իր շրջապատի հետ շփման խնդիր ուներ: Սեռական հասունացման/ինքնաիդենտիֆիկացիայի շրջանում դեռահասը փորձում է իրեն իր սեռի ներկայացուցիչ զգալ, ու դա դժվար է անել մարդկանց հետ, ովքեր քեզ որպես այդպիսին չեն ընկալում: + բաժանված ծնողների պայմանում կանխատեսելի է, որ նա ընտանիքում նույնպես չէր ստանում շփման իրեն անհրաժեշտ քանակությունը:
Սա Ամանդան ու իր դպրոցը: Անդրադառնանք վեբկամային շփմանը:
Երկու մարդու միջև ինտերնետային շփումը, նամանավանդ վիդեոկապը, լրիվ նորմալ է, որ կարող է վերաճել ֆլիրտի, սիրահարվածության. ի վերջո, ինտերնետը հիմա հնարավորություն է տալիս հանդիպել մարդկանց, որոնց այլ հանգամանքներում երբեք չէիր հանդիպի, ու նման մարդկանց մեջ հանդիպում են այնպիսիք, որոնք իրար առավել հարազատ են թվում: Լրիվ նորմալ է, որ երկու սեռական հասունացման/իդենտիֆիկացիայի շրջանում գտնվող ու սեփական սեքսուալությունը հայտնաբերող մարդկանց միջև կարող է ձևավորվել ռոմանտիկ կապ՝ իր սեքսուալ տարրերով: Վեբկամի առկայության դեպքում, նման դեպքերում իրար տարբեր բաներ ցույց տալն ու վիրտուալ սեքսով զբաղվելը նույնպես լրիվ նորմալ ու բավականին կանխատեսելի երևույթ է: Մանկապարտեզում կամ դպրոցում բժիշկ-բժիշկ, կամ «show me yours, I'll show you mine» չե՞ք խաղացել: Ինչքան մարդ գիտեմ, խաղացել է, չնայած ահագին մեծ մասը բացահայտ չի խոստովանի: Դրա, մաստուրբացիայի տրամաբանական շարունակությունն է: Ու ինչպես յոթ կապանքով պողպատե «հավատարմության գոտին» չի խոսում բարձր կանացի ինքնահարգանքի մասին, այնպես էլ վեբկամով ծիծիկ ցույց տալը չի խոսում ցածրի մասին: Այնպես չի, որ պատահական մարդիկ իրար հետ նման բաներ են անում: Պահանջվում է վստահություն այդ աստիճանի բացվելու համար: Հետագայում այդ մարդիկ սովորաբար փորձի հետ ձեռք են բերում գիտելիքներ սեռական կյանքի էթիկայի, հիգիենայի և այլ բաների մասին, ունենում առողջ սեռական կյանք:
Անդրադառնանք Ամանդային շանտաժի ենթարկած մարդուն: Պատկերացրեք մարդ, որը, մեր հայկական ամեն տեղ իր «պիկապերական ունակությունները» գովազդողի պես, ինքնուրույն, ինտուիտիվ կամ գրքերով պոպուլյար հոգեբանություն ու ՆԼԾ-ի տարրեր սովորած մարդ (25-35 տարեկան), որին, մեծ մեղք չի, դուր են գալիս երիտասարդ աղջիկները: Ինձ էլ են դուր գալիս, դուր գալը հանցանք չի: Բայց երբ նման մարդը հասուն աղջիկների հետ շփման խնդիրներ է ունենում, ու պարզում է, որ դեռահասներն ավելի արագ են ազդեցության տակ ընկնում, ավելի նաիվ են, իրենց հեշտ է դուր գալն ու համոզելը, նման մարդիկ անցնում են էթիկ հարաբերությունների սահմանը: Դառնում են «սպառողներ»: Խոսքը չի գնում, ասենք, Էդգար Պոյի (ամուսնացել է 13 տարեկան զարմուհու հետ, որի մահն էլ նրան մինչև վերջ հետապնդող ողբերգությունն էր), Չարլի Չապլինի (Մեքսիկայում ամուսնացել է, կարծեմ, 12 տարեկան աղջկա հետ, դատվել է պեդոֆիլիայի հոդվածով) և այլ մարդկանց մասին, ովքեր դժբախտություն են ունեցել սիրահարվել դեռահասի: Խոսքը գնում է նրանց մասին, ովքեր դիտարկում են դեռահասին որպես հիմար, հեշտ հասանելի ու հեշտ գրողի ծոցն ուղարկելի օբյեկտ: Հիմա պատկերացրեք նման մարդկանց ինտերնետային հանրություններ (օղորմածիկ DailyCapper-ն, օրինակ), որտեղ նրանք հավաքվում են, իրար խորհուրդներ տալիս, փորձ փոխանակում ու հպարտանում իրենց հաջողություններով: Մարդիկ, ում համար շանտաժն արվեստի նման մի բան է, ոչ թե բացասական երևույթ: Ովքեր իրենց զոհերին անվանում են «camwhore», առավել հաջողակ շանտաժիստներին տալիս մրցանակներ: Եթե համոզելու հաջողությունը հիմնականում կապված է դեռահասի անփորձ/նաիվ լինելու հետ, ապա շանտաժի էֆեկտիվությունը հետևանք է նրա, որ զոհը միշտ վախենում է շրջապատի կարծիքից ու ավելորդ նեգատիվ ուշադրությունից: Ծնողների, ընկերների, դպրոցի: Այլ կերպ ասած, դեռահասը կվախենա դիմել իրավապահ մարմիններին ու բարձրաձայնել պատմության մասին: Հաճախ նա պատրաստ է զիջումների գնալ շանտաժիստի նկատմամբ, դրանով առավել ծանր վիճակում հայտնվելով: Եթե մեզ հետաքրքիր է, թե ով է մեղավոր, որ նման մարդիկ ոստիկանություն չեն դիմում, կարող ենք նայել հայելու մեջ: Մենք ենք մեղավոր:
Այս մարդկանց զոհ կարող է դառնալ ցանկացած դեռահաս: Ու ամեն տարի մի քանի հարյուրը դառնում են: Երևույթն անուն ունի՝ «sextortion»: Եթե ուզում եք առավել մանրամասն կարդալ, ահա Wikipedia-ի հոդվածը:
Խնդիրը նրանում է, որ դրսում էլ, ինչպես հայ քյառթուների մոտ, պահպանողական հայացքները սեքսի նկատմամբ բերել են այնպիսի երևույթի, ինչպիսին է, ասենք, կանանց նկատմամբ սպառողական վերաբերմունքն ու անհարգալից որակումը նրանց նկատմամբ, ում կարելի է «չարաշահել» (exploit): Exploiting-ը երբեք գեղեցիկ արտահայտումներ չի ունենում, չնայած որոշ աղջիկների (արդեն ուսանողական տարիքի) այն, ինչքան էլ պարադոքսալ հնչի, դուր է գալիս (Հարավային Կալիֆորնիական Համալսարանի տանիքին սեքսով զբաղվելու դեպքը վկա): Bro/Frat (ախպեր/եղբայրություն) ենթամշակույթի հետևանք: Այ դա կապ ունի կանացի ինքնահարգանքի հետ՝ երբ գիտես, որ դիմացինդ քեզ օգտագործում է, համարում է «chick»/«slut»/ավելի կոպիտ բառեր, որոնք այստեղ չեմ օգտագործի: Bro ենթամշակույթի մեջ գոյություն չունի կնոջ նկատմամբ վատ վերաբերմունք հասկացություն: Ինչ արել ես՝ հասնում էր:
Այժմ՝ այն մարդկանց անդադառնանք, ում մասին նվազագույն պատկերացում ունենք: Ծնողներին: Բաժանված են, ինչպես արդեն ասացինք, ինչ-որ պատճառներով Ամանդան ապրում էր հոր հետ: Ամանդայի հայրն աղջկա մահվանից հետո ոչ մի կերպ աչքի չի ընկել, հայտարարություններ չի արել ու խուսափել է ուշադրությունից, ավելին, շանտաժի դեպքի բացահայտվելուց հետո Ամանդան տեղափոխվել է մոր մոտ: Աղջկա մահվանից հետո Ամանդայի մայրը շարժում է սկսել՝ Amanda Todd Trust, որը զբաղվում է նման մարդկանց զոհ դարձած դեռահասներին օգնելով ու դպրոցական «bullying»-ի՝ խոցելի մարդկանց հալածանքների դեմ պայքարելով: Ինչևէ, աղջկա ծնողներից ոչ մեկը նրա ինքնասպանության առաջին փորձը բավականաչափ լուրջ չի ընդունել, որպեսզի երեխային հոսպիտալիզացնեն, համադասարանցիների ու ընկերների շրջաններում խորհրդատվության/բացատրական աշխատանքների սեանսներ կազմակերպեն, ինչպես նշեց Բյուրն, ու սահմանափակվել են հոգեբանական խորհրդատվությամբ/անտիդեպրեսանտներով: Ընդհանուր առմամբ, մենք գործ ունենք սեփական երեխայի խոսքերը ոչ բավարար չափով լուրջ ընդունող ու առկա վտանգը թերագնահատող մարդկանց հետ:
Հիմա ստատիկ պատկերը դնում ենք շարժման մեջ: Ամանդան մտնում է վեբկամներով շփման կայք, հանդիպում է մի մարդու, ով իրեն անվանում է «չքնաղ, սեքսուալ», շահում է նրա վստահությունը, հասնում է նրան, որ աղջիկն իրեն ցույց տա կուրծքը: Նկարում է ու սկսում շանտաժի ենթարկել: Ամանդան շանտաժի ինչ-որ կետից փորձում է կտրել կապը շանտաժիստի հետ: Շանտաժիստը նրա նկարներն ուղարկում է բոլոր ծանոթներին, ինչից նա իմանում է ամանորյա արձակուրդներին՝ գիշերվա ժամը 4-ին ոստիկանության այցի պատճառով: Ինչը ենթադրում է երևույթի առավելագույն հանրայնացում՝ շանտաժիստի համար ամենացանկալի լուծումը: + անձամբ ինձ եթե ոստիկանությունը ժամը 4-ին քնից արթնացներ, նույնիսկ տեղեկացնելու համար, որ իմ իրավունքներն են ոտնահարել, ոչ թե ձերբակալում են, հաստատ ամենահաճելի զգացողությունները չեմ ունենա, էլ չեմ խոսում դեռահասի մասին: Ամանդան կորցնում է իր ամբողջ ընկերական շրջապատն ու հայտնվում վերոհիշյալ «loser» կատեգորիայի մեջ: Ամանդայի բաց կրծքով լուսանկարն ամենուրեք է՝ նույնիսկ շանտաժիստի պրոֆիլի գլխավոր լուսանկարին: Ինչը տևում է մոտ մի տարի՝ չխորանամ մանրամասների մեջ: Չեն օգնում ոչ դպրոցն ու քաղաքը փոխելը, ոչ մի բան: Ֆեյսբուքյան «First day on the internet kid» խումբը ծաղրում է նրա ինքնասպանության առաջին փորձը: Մարդիկ կատակում են՝ առաջարկելով այլ արտադրողի ժավել խմել: Արդյունքում՝ ինքնասպանության երկրորդ, արդեն հաջող փորձ:
Իսկ հիմա տեսնենք հանրության տարբեր խմբերի ռեակցիան: Ամանդայի մայրն ու մորաքույրը որոշում են մի քիչ ուշացումով պայքարել «bullying»-ի դեմ: Կանադական իշխանությունները որոշում են, որ խնդիրը հասարակ դպրոցական «bullying»-ն է ու ականջները փակում են, հենց խոսք է գնում անոնիմ շանտաժիստների հանրությունների ու իրենց ներկայացրած վտանգի մասին: Անհայտ անձինք ձեռք են բերում ու շրջանառության մեջ դնում Ամանդայի դիահերձման կադրերը, որոնք բավականին պոպուլյար են դառնում ինտերնետային պեդո-ֆետիշիստական կայքերում: Անոնիմուսը հայտնաբերում է Ամանդայի շանտաժիստին ու հրատարակում նրա տվյալները: Պարզվում է, որ կասկածյալն արդեն դատական գործերի մեջ է անչափահասի նկատմամբ սեռական բռնության, սեռական կապի մեղադրանքով: Կասկածյալը հայտարարում է, որ ինքը չի եղել Ամանդայի շանտաժիստն ու մատնացույց է անում... այն մարդուն, ով հրատարակել է Ամանդայի դիահերձման կադրերը:
Ու Չամիչը հայտարարում է, որ ամեն ինչի մեղավորն Ամանդայի մակիյաժն ու շրջազգեստի կարճությունն են: Ու 15 տարեկան աղջկան անվանում է մարմնավաճառ, հայտարարում, որ աղջիկն է մեղավոր, ինչից հետո բոլորը զարմանում են, թե ինչի վրա եմ ես բարկացել:
Ի հակադրություն կարծիքի, որ ես լացկան/սենտիմենտալ թեմա եմ բացել (թեև իրոք հուզվել էի հենց Ամանդայի դեպքի կապակցությամբ ու սենտիմենտալ գործոնը չի բացակայում), Ամանդայի պատմությունը բացահայտում է բազմաթիվ վտանգներ, որոնք սպառնում են ամեն դեռահասի: Ներառյալ մեր ունեցած/ունենալիք երեխաներին, փոքր եղբայրներին/քույրերին (18 տարեկան մի շանտաժիստ տղամարդկանց շանտաժով ստիպում էր իր հետ սեքսով զբաղվել), զարմուհիներին ու պարզապես ծանոթներին: Ու չի կարելի այդ ամենին անլուրջ վերաբերվել: Ու, ի վերջո, մեր ստեղծած հասարակության զոհ դարձած մարդու վրա բարդել այս ամբողջ փոխկապակցված մեխանիզմի գործունեության մեղքը, իմ կարծիքով, առնվազն անբարոյական է:
Ահա իրավիճակի հնարավորինս լիարժեք ներկայացումը՝ հարակից վերլուծությամբ, հնարավորինս զուտ փաստերով ու դիտարկումներով ու առանց ավելորդ ենթադրությունների:
Էջանիշներ