Իվանիշվիլին «տեղը չի բերում» հայերին
Վրաստանի խորհրդարանի ընտրությանը հաղթանակ տարած «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր-ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հարցազրույց է տվել ռուսական The New Times պարբերականի գլխավոր խմբագիր Եվգենիա Ալբացին:
Հարցերից մեկին պատասխանելիս, Իվանիշվիլին հետաքրքրական անդրադարձ է անում Վրաստանում բնակվող հայերին:
Դուք ապրել եք Ֆրանսիայում, ձեր երեխաները մեծացել են այդ երկրում, եւ հանկարծ՝ կուսակցություն, ընտրություններ… Ձեր ինչի՞ն է պետք այդ ամենը, հարցնում է Ալբացը:
«Մենք վրացիներս այդպես տարօրինակ ենք՝ մենք կապված ենք մեր հողին: Այդպիսին է մեր բնավորությունը: Ահա, օրինակ, մեզ մոտ այստեղ հայեր են ապրում: Իսկ ես ապշահար եմ լինում. ահա նրանց հայրենիքը կողքին է, իսկ նրանք մեզ մոտ են ապրում: Ձեր համար, հավանաբար, այդպիսի հարց չկա: Իսկ ինձ համար անհասկանալի է: Ես ապրել եմ Ֆրանսիայում, մեկ տարի Ամերիկայում, իսկ ինձ երազում սկսեց երեւալ իմ գյուղը, իմ հողը…», ասում է Իվանիշվիլին:
Միգուցե Ֆրանսիայում ապրելու հանգամանքն է նաեւ, որ զարմացնում է Բիձինա Իվանիշվիլուն, թե ինչու հայերը ապրում են ոչ թե «կողքը՝ հայրենիքում, այլ Վրաստանում»:
Ըստ երեւույթին, ապրելով Վրաստանում, Բիձինա Իվանիշվիլին կտեղեկանա, որ հայերն այդտեղ ապրում են շատ վաղուց, եւ ոչ միայն ապրում են, այլ թերեւս վրացիներից ավելի զգալի դեր են խաղացել վրացական տարածության ձեւավորման հարցում, Թբիլիսիի քաղաքային դեմքի կերտման հարցում: Նաեւ, Բիձինա Իվանիշվիլին Վրաստանում մի փոքր ապրելուց հետո կարող է տեղեկանալ, որ Վրաստանում ապրող հայ քաղաքացիների մի զգալի մասը ապրում է հենց իր հայրենիքում՝ Ջավախքում: Բանն այն է, որ հայերի հայրենիքի մի մասը ներկայում Վրաստանի տարածքում է, եւ Բիձինա Իվանիշվիլին թերեւս այդքան էլ խոհեմ չի վարվում, բացելով հայերի հայրենիքի թեման:
Եթե հայերը այդ թեման չեն բացում, ապա Իվանիշվիլին թերեւս հաստատապես լավ կանի չբացի այն: Դա կարող է շատ թանկ նստել թե տարածաշրջանի, թե մասնավորապես Վրաստանի համար: Այնպես որ, Վրաստանում հայերի բնակությունից ապշահար լինելու փոխարեն, Բիձինա Իվանիշվիլին թերեւս լավ կանի շարունակի Վրաստանում Միխայիլ Սահակաշվիլիի սկսած բարեփոխումների կուրսը:
Բայց, այստեղ իհարկե ակնհայտորեն խնդիր կա, համենայնդեպս նկատելի է, որ առնվազն ենթագիտակցական մակարդակում, եթե ոչ քաղաքական առումով գիտակցված, Իվանիշվիլին խնդիր ունի վիրահայության գոյության հետ:
Հետեւաբար, վիրահայությունն էլ այստեղ անելիք ունի, Վրաստանի այսպես ասած նոր առաջնորդին բացատրել, թե ինչ գործ ունեն հայերը Վրաստանում, ու նաեւ բավական հանդարտ, բայց հանգամանալից ձեւով հասկացնել, որ Իվանիշվիլիի համար այդքան էլ խրախուսելի չէ այդ ոգով գործ ունենալ հայերի հետ:
Թեեւ, այդ բացատրության հարցում վիրահայ համայնքը կարող է ունենալ լուրջ դժվարություններ, քանի որ տեսակարար կշռով լինելով աշխարհում ամենաշատ ներկայացված համայնքներից մեկը՝ տվյալ երկրի բնակչության համադրությամբ, հայկական համայնքը Վրաստանում երեւի թե հանդիսանում է աշխարհում ամենաթույլ կազմակերպված եւ կշռով ամենանվազ համայնքներից մեկը:
Այստեղ, այդ առումով, իրավիճակը դառնում է բավական հարաբերական, քանի որ տեսակարար կշռով այդքան մեծ, բայց այդքան թույլ կազմակերպված որեւէ ազգային փոքրամասնություն կարող է օբյեկտիվորեն խնդիր դիտվել տվյալ երկրի իշխանության համար: Եվ այդ տեսակետից, Իվանիշվիլիի որոշակի մտահոգություններ այդուհանդերձ կարող են նաեւ օբյեկտիվ ու հասկանալի լինել, որովհետեւ երբ կա բավական մեծաքանակ, բայց բավական թույլ կառավարվող համայնք, այն կարող է դառնալ նաեւ տարատեսակ մանիպուլյացիաների եւ խնդիրների աղբյուր:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Էջանիշներ