Յանա Վերներ. Հայաստանը պետք է հավերժ շնորհակալ լինի Ռուսաստանին 1921թվականի մոսկովյան պայմանագրի համար
Երբ այս տարվա մարտ ամսին թուրքական պատվիրակությունը՝ Ռեջեփ Թաիբ Էրդողանի գլխավորությամբ այցելեց Մոսկվա՝ ռուս–թուրքական Մոսկովյան պայմանագրի 90ամյակի կապակցությամբ, որոշ հայկական ԶԼՄ–ներ հիստերիա բարձրացրին` «դաշնակից» Ռուսաստանի կողմից այդ «սև» օրը տոնելու կապակցությամբ։ Իսկ ՀՅԴ–ն Երևանում «կրկեսային ներկայացում» էր կազմակերպել. Ռուսաստանի դեսպանությանը փոխանցելով խորհրդանշական «դագաղ»՝ պահանջելով «անօրինական» ճանաչել Մոսկովյան պայմանագիրը։ Դագաղի վրայի նշումն էր. «ՌԴ դեսպանատան փոստարկղ, Ռուս–թուրքական պայմանագրի համար», իսկ դագաղի մեջ ռուսական դեսպանատանն ուղղված նամակ էր, ինչպես նաև 1921թվականի ռուս–թուրքական Մոսկովյան պայմանագրի պատճենը։» ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը, ով այդ ամբողջ «կրկեսային ներկայացման» կազմակերպիչներից էր, հայտարարեց, որ այդ դագաղը «մեռելածին պայմանագրի համար է»։ Իսկ թե ինչու Հայկական ԽՍՀ–ի կողմից հավանության արժանացած և ստորագրված Մոսկովյան պայմանագիրը, որն իրականում Կարսի պայմանագիրի կրկնօրինակն է, պետք է համարվի «մեռելածին», կարծում ենք Ղազարյանը դժվար թե կարողանար առողջ տրամաբանության շրջանակներում բացատրել։ Մինչդեռ Բաքվի համալսարանի պրոֆեսոր Ջամիլ Հասանլիի կողմից եզակի արխիվային փաստաթղթերի տպագրումը ИА REGNUM–ի էջերում պետք է որ մեղմեր հայ մեկնաբանների, ինչպես նաև ՀՅԴ «դագաղագործների» ցասումը։ Ինչպես ցույց են տալիս փաստաթղթերը, Մոսկովյան պայմանագիրը շատ մեծ դժվարությամբ է ստորագրվել միայն շնորհիվ Խորհրդային Ռուսաստանի արտգործժողկոմ Գ.Չիչերինի ջանքերի և կոշտ դիրքորոշման ։ Հայաստանի դեպքում պայմանագիրը պետք է համարվի հսկայական ձեռքբերում և ուրախության առիթ, և հայ ազգը պետք է հավերժ շնորհակալ լինի Մոսկվային այն բանի համար, որ բոլշևիկները, մեծ ջանքերի գնով, կարողացան պնդել այդ պայմանագրի դրույթները, քանի որ Մոսկովյան պայմանագրին այլընտրանք կարող էր լինել միայն 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Ժամանակն է հասկանալ դա. այլընտրանք հայերը արդեն չունեին։ Ծիծաղելի է այսօր հիմնվել այն փաստի վրա, որ իբր Ալեքսանդրապոլի պայմանագիրը վավերացված չէր Խորհրդային Հայաստանի կողմից։ Այո, դա այդպես է, վավերացված չէր։ Բայց եկեք իրատես լինենք. եթե Խորհրդային Ռուսաստանը, ի դեմս Գ.Չիչերինի, Մոսկովյան պայմանագրի բանակցությունների ընթացքում չդիմադրեր Անկարայի կառավարության համառությանը և դիվանագիտական ճնշումներին և ինչ որ պահի թուլանար ու համաձայներ ըստ Ալեքսանդրապոլի պայմանագրի ամրագրել հայ–թուրքական սահմանները (իսկ ամեն ինչ գնում էր դրան և Հայաստանի բախտը մազից էր կախված), ապա 1921 թվականին Հայկական ԽՍՀ–ն կստորագրեր Կարսի պայմանագիրը, լրիվ այլ, քան այսօր է, սահմաններով։
Եվ դրանք կլինեին Ալեքսանդրապոլի պայմանագրով ամրագրված սահմանները, որոնց շրջանակներում այսօր չէր տեղավորվի նույնիսկ Հայաստանի ազգաբնակչության այն մասը, որն այսօր մնացել է Հայաստանում վերջին տարիների աղետալի արտագաղթից հետո։ Եթե Չիչերինը չդիմադրեր և համաձայներ Ալեքսանդրապոլի պայմանագրով ամրագրված սահմանների վերադարձին, ինչպես դա համառորեն պահանջում էին թուրքերը, ապա հայերը նույնպես լուռ կստորագրեին և կվավերացնեին Կարսի պայմանագիրը՝ լրիվ այլ սահմաններով։ Այդ իսկ պատճառով, այդ ապուշ դագաղը Ռուսաստանի դեսպանատուն բերելու փոխարեն, թող հայ մեկնաբանները և քաղաքական գործիչները խոնարհվեն Ռուսաստանի առջև այն բանի համար, որ իրենց ՆՎԻՐԵԼ է, այո, հենց նվիրել է տարածք, որը երեք անգամ գերազանցում է հենց իրենց կողմից ստորագրված Ալեքսանդրապոլի պայմանագրով ամրագրված սահմանները։
Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը, մեկնաբանելով Էրդողանի այցը Մոսկվա, 1921 թվականի ռուս–թուրքական պայմանագիրը անվանեց «հանցավոր» և ասաց, որ «Քեմալական Թուրքիայի և Ռուսաստանի միջև 1921 թվականին ստորագրված Մոսկովյան պայմանագրի հետևանքները հրեշային են եղել հայ ազգի համար»։ Դրանք «հրեշային էին» արդեն իսկապես մեռելածին Սևրի պայմանագրի համեմատ, սակայն Ալեքսանդրապոլի պայմանագրի համեմատ դրանք հզոր էին։Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես Երևանում չեն հասկանում, որ բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև բանակցություններն ընթանում էին Ալեքսանդրապոլյան սահմաններին վերադառնալու կամ չվերադառնալու վերաբերյալ։ Սևրյան սահմանների հարցը ընդհանրապես չէր արծարծվում։ Այդ պատճառով էլ անիմաստ է խոսել Մոսկովյան պայմանագրի «հրեշավորության» մասին։
Իսկ ի՞նչ էին սպասում հայերը Խորհրդային Ռուսաստանից։ Որ նա հանուն իրենց կմտնի իր համար անիմաստ պատերազմի մեջ Թուրքիայի հետ և իրենց համար կգրավի Կարսը, Վանը, Էրզրումը և այլ տարածքնե՞ր։ Թե՞ որ Մոկվան և Անկարան Հայաստանին կտան հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Նախիջևանը։ Իրենց երևի քիչ էր մեծ մասամբ ադրբեջանցիներով բնակեցված Զանգեզուրը, Գեյչան (Գեղարքունիք) և Էրիվանի մարզը։ Մոսկովյան կոնֆերանսում հայկական պատվիրակության ներկայացուցիչ, արտաքին գործերի ժողկոմ Ա.Բեկզադյանի հայտարարության տոնը այնպիսին էր, կարծես նա «հաղթանակած պետություն» էր ներկայացնում։ Դժվար չէ կռահել, թե ինչպիսին կլիներ բանակցությունների ելքը, եթե Անկարան այն վարեր ոչ թե Մոսկվայի, այլ Բեկզադյանի հետ, և նրա մեջքին կանգնած չլիներ Խորհրդային Ռուսաստանը։
Ժամանակակից հայ վերնախավը պետք է հասկանա, որ Հայաստանի խորհրդայնացումը փրկել է իրենց երկիրը և ընդլայնել տարածքը համեմատած այն տարածքի, որը նա կունենար, եթե Կարմիր Բանակը չմտներ իրենց երկիր։։
Գերտերություններից ոչ մեկը ի վիճակի չէր արդեն ստիպելու քեմալականներին ընդունել և իրականացնել Սևրի պայմանագիրը, և հենց պատմության ընթացքը արդեն դա ապացուցել է։ Հայաստանի համար միակ այլընտրանքը խորհրդայնացմանը և Կարսի պայմանագրին դա Ալեքսանդրապոլի պայմանագիրն էր։ Այն ստորագրած դաշնակները անկասկած կվավերացնեին դա նաև կառավարությունում։ Արդյո՞ք դա էին ուզում այսօրվա կոկորդ պատրողները, որոնք չափ ու սահման չճանաչելով քննադատում են Ռուսաստանին, որին նրանք պետք է դարերով շնորհակալ լինեն իրենց երկրի այսօրվա սահմանների համար։
Էջանիշներ