Այն ենթադրությունը, թե Մոցարտը մեռել է անբնական մահով, ծագեց նրա մահից անմիջապես հետո: Թաղումից դեռ մեկ շաբաթ էլ չէր անցել, Վիեննայի թերթերից մեկը թղթակցություն զետեղեց, որով այն կարծիքն էր հայտնվում, թե Մոցարտը թունավորված է եղել: Այդ լուրը շատ արագ տարածվեց Վիեննայում, այնուհետև ողջ Եվրոպայում: Մարդասպանի դերը, այդ լուրերի համաձայն, վերագրվում էր Սալյերիին: Դրա համար ըստ երևույթին հիմք է ծառայել այն թշնամանքը, որ մի ժամանակ այդ անտաղանդ երաժիշտը տածում էր Մոցարտի նկատմամբ:
Թունավորողի պիտակը հետապնդում էր Սալյերիին ընդհուպ մինչև մահը, թեև նա վաղուց արդեն հեռացել էր թատրոնից ու առհասարակ հասարակիական կյանքից:
1825թ. ընկերներից մեկը Բեթհովենին հաղորդել է, թե իբր Սալյերին, զգալով մոտալուտ մահը, խոստովանել է, որ ինքն է սպանել Մոցարտին և մտադիր է եղել այդ մասին պատմել իր խոստովանահորը:
125 տարի հետո՝ 1953թ. Մոսկվայում լույս տեսավ Ի. Բելզայի «Մոցարտ և Սալյերի: Պուշկինի ողբերգությունը: Ռիմսկի-Կորսակովի դրամատիկական պատկերները» վերնագրով գիրքը: Այն չափազանց հետաքրքիր նյութեր է պարունակում: Հենվելով ավստրիացի երաժշտագետ Գվիդո Ադլերի հրապարակումների վրա՝ հեղինակը հաղորդում է, թե Վիեննայի արխիվներում հայտնաբերվել է Սալյերիի խոստովանության գրառումը, որտեղ ասված է. «Սալյերին ոչ միայն խոստովանել է, թե ինքն է թունավորել Մոցարտին, այլ պատմել է, թե որտեղ, ինչ պարագաներում է դանդաղ գործող թույն լցրել նրա գինու գավաթի մեջ»:
Սրան հակառակ՝ մի խումբ մոցարտագետներ կտրականապես ժխտում են թե՛ թունավորումը, թե՛ Սալյերիի մեղսակցությունը: Նրանց կարծիքով կոմպոզիտորը մահացել է երիկամների ծանր հիվանդությունից: