Թումանական Հայաստանի I ապստամբություն
(1249)
Թումանական Հայաստանի I ապստամբությունը (1249) մոնղոլական վայրագ տիրապետության դեմ պայքարելու առաջին փորձն էր և իր արմատներում ուներ Մոնղոլական կայսրությունում հայ ու վրաց ժողովուրդների քաղաքական և տնտեսական իրավունքների պաշտպանության խնդիրը: Ապստամբությունը ավարտվեց անհաջողությամբ և արդյունքում Թումանական Հայաստանում հայ ժողովուրդի վիճակը չփոխվեց:
Հիմնական իրադարձություններ
1249 – Քարթլիի թագավորության տարածքի, Գուգարքի, Տայքի, ինչպես նաև Ուտիքի և Արարատի հյուսիսի ասպատակումը, ապստամբության ավարտ
Ապստամբության ընթացքը
1249 թ-ին Քարթլիի թագավորության համիշխան արքա, երկրի արևելյան և կենտրոնական մասում իշխող Դավիթ V Վահրամուլը, որը, իր գահը պարտական լինելով նրանց, ընդգծված լավ հարաբերություններ ուներ հայերի ու հայ իշխանների հետ, հավաքեց վրաց և հայ իշխաններին, որոնք սկսեցին քննարկել մոնղոլական բիրտ լծի տակ հայտնված Վրաստանում ու Հայաստանում ստեղծված վիճակը և ելքեր փնտրել: Խաբվելով տարածաշրջանում գտնվող մոնղոլական ուժերի սակավաթվությունից և չպատկերացնելով Մոնղոլական կայսրության իրական ռազմական հնարավորությունները` իշխանների մեծամասնությունը, տաքացած շքեղ կազմակերպված խնջույքից, արտահայտվեց ապստամբության օգտին: Սակայն հենց սկզբից էլ ապստամբները ակտիվ ու միասնական չգործեցին, իսկ ապստամբության գրեթե հենց սկզբից էլ նրանց մեծ մասը լքեց Դավիթ արքային:
Օգտվելով ստեղծված իրավիճակից` Մոնղոլական կայսրության բանակը (մոտ 150.000 զինվոր) ասպատակեց Քարթլիի թագավորության տարածքը, Գուգարքը, Տայքը, ինչպես նաև Ուտիքի և Արարատի հյուսիսը` առանց լուրջ մարտերի վերացնելով այստեղ տիրող ապստամբական տրամադրությունները: Դավիթ V Վահրամուլը, ինչպես նաև հայ ու վրացի բազում մեծամեծ իշխաններ գերվեցին և միայն եռօրյա կտտանքներից հետո ազատ արձակվեցին: Ապստամբությունը վերջացավ անարդյունք և որևէ փոփոխություն տեղի չունեցավ:
Էջանիշներ