3.Տիգրանը, Արիստոբուլը և մյուսները
Բաբելոնում Տիգրանի մերձավորագույն շրջապատը կազմում էին Բագարատ Բագրատունին, Արիստոբուլ բեն Հյուռկանը, Նիկոնիդես Թեսալացին և Ամֆիկրատես Աթենացին:
Բագարատ Բագրատունին քաջ ռազմիկ էր և հմուտ զորավար: Քառասունը նոր էր բոլորել և ծոռն էր այն նշանավոր Սմբատ Բագրատունու, որն Արտաշես թագավորի դայակն ու սպարապետն էր եղել: Տարիներ առաջ, երբ Տիգրանը որպես պատանդ պարթևական երկիր եկավ, Բագարատը` նրա պատանեկության ընկերն ու մտերիմը, ցանկություն հայտնեց ուղեկից լինել իր ապագա արքային և այլևս երբեք չլքեց նրան: Բագարատը, ինչպես և այդ հանրահայտ նախարարական տոհմի բոլոր տղամարդիկ, բարձրահասակ էր ու ամրակազմ: Բնությունն առատորեն էր պարգևել նրան. Սմբատ Բագրատունու արժանավոր ծոռը երկար ու մկանուտ վերջույթներ ուներ, լայն ուսեր և նեղ կոնքեր: Դեմքին անմիջապես ուշադրություն էին գրավում խորունկ սև աչքերը, թավ հոնքերը, կեռ առնական քիթը և գեղեցիկ ազնվական բերանը: Լայն ճակատը վկայում էր, որ խելացի ու հաշվենկատ մարդ է, իսկ խիստ հայացքը` որ ձեր դիմաց մինչև ուղնուծուծը զինվորական է կանգնած:
Դեռևս ծնված օրվանից որոշված էր, որ այդ ուղին է ընտրելու. բոլորն էին նրա տոհմում ռազմիկներ դառնում: Բագարատը չփորձեց սպիտակ ագռավ լինել և արդարացրեց սպասումները:
Արիստոբուլ բեն Հյուռկանը, որը Տիգրանի մոտ հաճախ քարտուղարի պարտականություն էր կատարում, հիսունամյա հրեա հոգևորական էր, խելացի և զարգացած մարդ, որը սիրում էր մեջբերումներ անել իր նախնիների ավանդապատումներից և մեկնաբանություններ` այդ առթիվ: Արիստոբուլը բարձրահասակ էր և, հակառակ Բագարատ Բագրատունու, նիհար ու թույլ զարգացած մարմին ուներ: Հրեայի աչքերը բաց երկնագույն էին և ավելի շատ սպիտակին էին խփում, իսկ սպիտակավուն երկար մորուքը հասնում էր մինչև կուրծքը ու պատկառելի տեսք տալիս նրան: Հոգևորականի հայացքը խիստ էր, սակայն նրբազգաց մարդն անմիջապես կարող էր կռահել, որ այդ խստասիրտ դիմակի տակ հազվագյուտ բարի հոգի է թաքնված: Ասենք, բարությունը նրա միակ հատկանիշը չէր: Բեն Հյուռկանն անհրաժեշտության դեպքում խարդավանող, նենգ ու խորամանկ էր դառնում: Մեկ անգամ չէ, որ նրա այդ հատկությունները գործի էին դրվել պարթևական արքունիքում: Արիստոբուլը միաժամանակ հուզական և հանդիսավորություն ճառագող անձնավորություն էր: Նրա հետ շփվող մարդիկ միշտ այնպիսի տպավորություն ունեին, ասես ամեն վայրկյան պատրաստվում է զոհաբերել կյանքը հանուն ինչ-որ գաղափարի, կամ առնվազն` հոգևոր կապի մեջ մտնել Բարձրյալի հետ և մեզ` հասարակ մահկանացուներիս, հայտնել նրա զորավոր կամքը: Երկու խոսքով ասած` Արիստոբուլի տեսքը մոտավորապես այնպիսին էր, ինչպիսին հավանաբար ուներ Մովսեսը, երբ պատրաստվում էր աղոթքի ուժով երկու կես անել սարսափելիորեն մոլեգնող ծովը և նրա միջով ապահով անցկացնել իր ժողովրդին: Բագարատ Բագրատունին ուղղակի ատում էր նրա այս վերջին հատկությունը և անվայել դերասանություն համարում, որի օգնությամբ այդ ՙկեղծ հոգևորականը՚ տասնապատիկ բազմապատկում ու գովազդում էր իր չնչին ծառայությունները: Իր հերթին Արիստոբուլը բարյացակամ չէր քաջ զինվորականի նկատմամբ: Նրանց միջև վաղուց ի վեր մրցակցություն կար, որը երբեմն թշնամության հետ էր սահմանակցում, սակայն պետք է նաև նշել, որ երբեք չափից ավելի չէին տարվում դրանով:
Նիկոնիդեսը և Ամֆիկրատեսը հույներ էին, երիտասարդ ու կրակոտ: Առաջինը ճարտարապետ էր և, ինչպես յուրաքանչյուր հույն, մի փոքր փիլիսոփա: Երկրորդը պարզապես փիլիսոփա էր և, ինչպես յուրաքանչյուր փիլիսոփա, մի փոքր հռետոր: Նիկոնիդեսը միջահասակ էր ու պնդակազմ և տիպիկ հունական արտաքին ուներ, ցորնագույն մաշկ, սև գանգուր մազեր և միջին չափի անձև քիթ: Սրանք էին ճարտարապետի հիմնական հայտկանիշերը: Ամֆիկրատեսն ավելի խոշորամարմին էր և գիրության հակված: Փիլիսոփան ալիքաձև խարտյաշ մազեր ուներ և կոկիկ սանրած մորուք: Ամֆիկրատեսի աչքերը բաց շագանակագույն էին, քիթը` երկար, հայացքը` փոքր-ինչ վերամբարձ: Ե°վ Նիկոնիդեսը, և° Ամֆիկրատեսը խաղաղ մարդիկ էին, բայց միայն այն ժամանակ, երբ իրար կողքի չէին լինում, հակառակ դեպքում միշտ վիճաբանում ու կռվում էին: Ու քանի որ առավել հաճախ միասին էին լինում, անտանելի մարդկանց համբավ էին ձեռք բերել, որոնք ոչինչ չէին անում վիճելուց և փիլիսոփայելուց (նույնն է թե` դատարկախոսելուց) բացի, և շատերը նույնիսկ զարմանում էին, թե Տիգրանն ինչպես է հանդուրժում այդ ձրիակերներին իր արքունիքում: Սակայն հանուն ճշմարտության պետք է ասել, որ նրանց արժանիքներն ակնհայտ էին:
Նիկոնիդեսը փայլուն ճարտարապետ էր և եզակի գիտելիքներ ուներ այդ բնագավառում, իսկ Ամֆիկրատեսը փիլիսոփա լինելուց զատ, նաև գրող էր և ընդհանրապես լայնախոհ անձնավորություն: Կյանքի մի ստվար մասը նա անցկացրել էր Հռոմում և կատարելապես տեղեկացված լինելով Հավերժական քաղաքի մասին` այն աստիճան էր ատում նրանց, որ Հռոմեատյաց մականունն էր ստացել: Երկուսի տարիքն էլ երեսունհինգից մի փոքր էր անց: Այո°, հաճախ էին այդ հույները վիճում, չափազանց հաճախ, և ոչ միայն այն բաներից, որոնցից գլուխ էին հանում: Վիճում էին ճարտարապետությունից և փիլիսոփայությունից, իմաստուն տեսքով պատերազմի և կրոնի մասին եզրահանգումներ էին անում և իրենց անմիջական պարտքն էին համարում հակառակվել մեկմեկու: Եթե ինչ-որ հարցում Նիկոնիդեսը պաշտպաներ Պլատոնին, ապա Ամֆիկրատեսն անմիջապես Արիստոտելի կողմն էր բռնում, իսկ եթե Ամֆիկրատեսը հանդգներ Սոկրատեսին ներկայացնել որպես ամենաիմաստնագույն այր, ապա Նիկոնիդեսը հազար ու մի պատճառ կգտներ ապացուցելու, որ դա այնքան էլ այդպես չէ, և կպախարակեր պատվարժան փլիսոփային ոչ պակաս, քան նրան մեղադրողներն ու մահվան դատապարտողներն արեցին ժամանակին: Ի դեպ, դա բոլորովին չէր խանգարում, որպեսզի հաջորդ անգամ Ամֆիկրատեսը Պլատոնի կողմնակիցը դառնար, իսկ Նիկոնիդեսը` երդվյալ սոկրատեսական:
Հետաքրքիր էր տեսնել նրանց վիճաբանելիս` բեն Հյուռկանի հովանավորորող և Բագրատունու զայրացկոտ հայացքների ներքո (սա այն հազվադեպ դեպքերից էր, երբ այս երկուսը ջերմեռանդ կողմնակիցներ էին դառնում): Երբ Նիկոնիդեսն ու Ամֆիկրատեսը կրոնին վերաբերող հարցերում չափազանց շատ էին հեռանում իրենց հնարավորությունների սահմաններից, Արիստոբուլը սրտանց ցանկանում էր ճշգրտումներ կատարել նրանց ճառերում, իսկ Բագարատ Բագրատունին զայրույթից եղունգներն էր կրծոտում, երբ մեր ամենագետ հույները զորահրամանատարների տեսք ընդունած` քննադատում էին Հաննիբալ Բարկայի սխալներն Ալպերն անցնելիս և նշում Ալեքսանդր Մակեդոնացու ու Սցիպիոն Աֆրիկացու վրիպումները, առանց հաշվի առնելու, որ անպարտելի զորավարներ էին եղել: Սակայն շատ հաճախ, համարյա, թե միշտ, Արիստոբուլին և Բագարատին խոսք չէր հասնում: Երբ վիճաբանություններին ներկա էր լինում Տիգրանը, Նիկոնիդեսն ու Ամֆիկրատեսը ավելի հավաք տեսք էին ընդունում և արդեն աշխատում էին խոսել միայն այն ոլորտներից, որոնց կատարելապես տիրապետում էին:
Մի բան կար այդ մարդու մեջ, որը շրջապատին ստիպում էր լուրջ ու զսպված լինել իր ներկայությամբ: Սակայն Մեծ Հայքի թագաժառանգն իր բնույթով ամենևին թթված մարդ չէր և միշտ բարձր տրամադրություն ու աշխուժություն էր տարածում շուրջբոլորը: Տիգրանը սիրում էր նաև կատակներ անել, ընդ որում` ամենալուրջ տեսքով, և ՙծաղրված՚ մարդը միայն ամենավերջում էր դա նկատում: Նրա լարած թակարդից չէին կարողանուն խուսափել ո°չ հույները, ո°չ լուրջ ու մռայլ Բագարատ Բագրատունին և ոչ էլ ամենաիմաստուն Արիստոբուլ բեն Հյուռկանը: Ահա մեկ օրինակ:
- Մի բարի և իմաստուն մարդ,- հերթական ավանդապատումը սկսեց հրեա հոգևորականը,- սուրբ վայրեր ուղևորվելիս կանչեց իր երեք ծառաներին և նրանց վստահեց իր բարիքը: Յուրաքանչյուրին նա բաժին հանեց ըստ իր արժանիքների: Առաջին ծառային հանձնեց հինգ տաղանդ, երկրորդին` երկու տաղանդ, իսկ երրորդին` մեկ տաղանդ: Առաջին ծառան գործ դրեց և ինչքան որ ուներ, այնքան էլ շահեց: Երկրորդը դրամափոխությամբ զբաղվեց և ինչքան որ ուներ, այնքան էլ շահեց: Երրորդը ոչինչ չարեց և ունեցածը թաղեց հողի մեջ...
Երկու խոսքով ավարտենք հարգարժան հրեայի պատմությունը, չնայած ընթերցողին, ամենայն հավանականությամբ, հայտնի է աստվածաշնչյան այդ հանրահայտ առակը:
Տուն վերադառնալով` տերը հաշիվ է պահանջում ծառաներից: Առաջին ծառան ներկայացնում է տասը տաղանդը և պատմում, թե ինչպես է գործ դրել ու հաջողակ դուրս եկել: Երկրորդը ներկայացնում է չորս տաղանդ և նույնպես հաշվետու լինում: Երրորդ ծառան վերադարձնում է մեկ տաղանդը և խոստովանում, որ վախեցել է կորցնել ունեցածը ու տաղանդը թաղել է հողի մեջ: Տերն անչափ գովում ու երկինք է հանում առաջին երկու ծառաներին, սակայն սաստիկ բարկանում է երրորդի վրա, ծույլ ու չար անվանում նրան, հրամայում խլել տաղանդը և տասը տաղանդ ունեցողին տալ: Իր խոսքը նա ավարտում է ասելով` ով ունի, նրան պիտի տրվի և ունեցածին պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցվի:
Իր պատմությունից գոհ և հերթական անգամ Մովսեսի տեսքն ընդունած Արիստոբուլ բեն Հյուռկանը սպասում էր Տիգրանի մեկնաբանությանը: Այո°, ըստ նրա սպասելիքի, Բաբելոնի սատրապը պիտի ասեր` բարիքը պետք է օգտագործել և բազմապատկել, լինի դրամ, ընդունակություն, թե այլ բան: Դա շատ ուսուցանելի պատմություն է, որն անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ պատմել և մեկնաբանել: Հակառակ սպասվածի, սակայն, Տիգրանը լուռ նայեց ու զարմացած հարցրեց` իսկ ինչո±ւ իր հրեա բարեկամը ընդհանուրի սեփականությունը չի դարձնում պատմության երկրորդ մասը: Կրոնական հարցերում իրեն անխոցելի համարող Արիստոբուլը, լարված թակարդը չնկատելով, իրար անցավ` ի±նչ երկրորդ մասի մասին է խոսքը, ապա խայտառակված` կաս-կարմիր կտրեց: Տիգրանն ապշահար ընկերոջը նայեց իր երկար թարթիչներով զարդարված գեղեցիկ աչքերով, ապա կեղծ բարեպաշտությամբ փորձեց վերականգնել հրեայի սասանված հեղինակությունը. ՙՃիշտն ասած, դա այնքան էլ կարևոր չէ,- ասաց,- մի±թե հնարավոր է իմանալ կրոնական բոլոր առակներն ու ավանդապատումները՚: Ինքն, օրինակ, միայն այդ մեկը գիտե:
Վերջնականապես ինքնատիրապետումը կորցրած Արիստոբուլը մոլեգին կատաղությամբ պահանջում էր երկրորդ մասի պատմությունն անել:
- Տերը երկրորդ անգամ է ուղևորության գնում դեպի սուրբ վայրեր,- իր պատմությունն սկսելով` ասաց Բաբելոնի սատրապը,- Այս անգամ ևս կանչում է ծառաներին և կրկին նրանց տնօրինությանը հանձնում իր սեփականությունը: Առաջին ծառային տալիս է տասը տաղանդ: Ծառան արդեն փորձառու և գիտուն վաճառական էր, և տերն իր քայլը լիովին խելամիտ ու արդարացված էր համարում: Երկրորդ ծառային նա տալիս է չորս տաղանդ: Սա արդեն բանիմաց դրամափոխ էր, և նրան նույնպես, առանց վարանելու կարելի էր շրջանառու միջոցներ վստահել: Երրորդ ծառային տերը սկզբում ոչինչ չէր ուզում տալ, բայց չտեսնված բարության տեր մարդ էր և արդեն հասցրել էր ներել ծույլ ու չար ծառայի աններելի վարքը: Մյուս կողմից` մի տեսակ անբացատրելի ցանկություն ուներ բաժանվելու իր այդ վերջին տաղանդից և, շոյելով երրորդ ծառայի դատարկ ու նախաձեռնությունից միանգամայն զուրկ գլուխը, նրան հանձնեց այդ տաղանդը: Այս բոլորն անելով` տերը մեկնեց: Առաջին ծառան, որի գլուխը սկսել էր պտտվել սկզբնական հաջողություններից, մեծ գործ ձեռնարկեց: Սակայն դժբախտություն պատահեց: Ավազակները հարձակվեցին նրա քարավանի վրա ու մինչև վերջին թելը կողոպտեցին: Նա ինքը մեռած ձևանալով` հազիվ խուսափեց հաշվեհարդարից: Երկրորդ ծառան, որն իր գործունեության սկզբում դրամը հանձնում էր փոքր տոկոսներով, սակայն` վստահելի և ազնիվ մարդկանց, չդիմացավ գայթակղությանը և ունեցած չորս տաղանդը մեծ տոկոսով տվեց քաղցրալեզու մի մարդու, որին բնավ չէր ճանաչում, և ում մասին ասում էին, թե կասկածելի անցյալ ունի: Վերցրեց քաղցրալեզու անծանոթը երկրորդ ծառայի չորս տաղանդը և հաջորդ օրն իսկ ընդմիշտ չքացավ:
Երրորդ ծառան սկզբում վճռականորեն էր տրամադրված ու հաստատապես որոշել էր խուսափել սիրելի տիրոջ ՙչար՚ և ՙծույլ՚ որակումներից: Գիշեր ու զօր մտածում էր, թե ինչպես տնօրինի ունեցած տաղանդը, հազար ու մի ծրագիր մշակում, բայց այդպես էլ ոչ մի հարմար բան չգտնելով` կրկին հողի մեջ թաղեց ունեցած ոսկին և ահը սրտում սպասեց տիրոջ վերադարձին: Վերադառնալով` տերը մեծ ոգևորությամբ իր մոտ կանչեց ծառաներին: Առաջին երկուսը մազերը փետելով` պատմեցին պատահած դժբախտության մասին և աղիողորմ լաց եղան: Ի լրումն ՙչար՚ և ՙծույլ՚ որակումների տերը նրանց ուրիշի ունեցվածքի անհագ հափշտակիչներ և անխիղճ մսխողներ անվանեց և անձամբ փետեց մազերը, որ դեռ մնացել էին դժբախտների գլուխներին: Աղիողորմ լացուկոծն ու անկեղծ խոստովանությունն օգուտ չտվեցին: Տրտմությունը սրտում և առանց որևէ հույսի` նա կանչեց երրորդ ծառային, որը դողդոջուն ձեռքերով բերեց այն, ինչ չունեին առաջին երկու ծառաները, և ում, փաստորեն, պետք էր գովել մի բանի համար, որի համար մի ժամանակ առաջ փնովել էին...
Զարմանքից աչքերն անբնականորեն չռած Արիստոբուլ Բեն Հյուռկանը միայն այդ պահին նկատեց, որ Նիկոնիդես Թեսսալացին, Ամֆիկրատես Աթենացին ու Բագարատ Բագրատունին արդեն կես ժամ ծիծաղում են իր վրա, և ստիպված ինքն էլ միացավ նրանց:
Տիգրանը Զարեհ անունով մի մտերիմ էլ ուներ: Վաթսուն տարեկան բարձրահասակ ու նիհար կազմվածքով ծերունի էր, շատ հայտնի մի աստղագետ, ով որդու հետ Բաբելոն էր եկել երկու տարի առաջ, որպեսզի լրացնի աստղագիտական գիտելիքները:
Էջանիշներ