Մանուշի աղբյուրը
Ոչ ոք չգիտեր, թե որտեղից էր հայտվել Մանուշն իրենց գյուղում: Որբ մի աղջնակ էր, երբ ցնցոտիներով գյուղ մտավ: Ավդալը ամին Մանուշին իր տունն առավ: Պահեց սեփական երեխու պես, իր հեռուներում ապրող երեխեքի կարոտը նրանից առավ: Գյուղը սիրեց Մանուշին:
Հենց գարնան հալը սկսվում էր Մանուշը վազում էր սարերը, մանուշակներից պսակ էր հյուսում, դնում գլխին ու երգելով գյուղ էր գալիս: Գյուղի ջահելներն էլ խելքահան էին լինում Մանուշի տեսքից:
Մի անգամ երբ Մանուշը աղջիկների հետ դաշտ էր գնում, Վանիկը կանգնեցրել էր նրան:
- Մանուշա՜կ,- հուզմունքից դողացող ձայնով դիմել էր նա:
- Չէ մի` Մանուշակ: Ես Մանուշն եմ , բոլորն էլ Մանուշ են ասում ինձ, - նրա խոսքը չարաճճիորեն կտրել էր Մանուշը:
- -Լավ, թող Մանուշ լինի,- հնազանդվել էր Վանիկը և հուզված վրա բերել,- երեկոյան տուն գալուց աղբրի մոտով արի, բան ունեմ ասելու
Մանուշը չէր պատասխանել, բայց չէր էլ փորձել այդ պահին իմանալ: Լուռ շրջվել էր ու ընկերուհիների հետևից կամաց գնացել, որ հուզմունքն անցնի: Երեկոյան մի պատրվակով բաժանվել էր ընկերուհիներից ու հասել աղբրի մոտ:
- Էկա՞ր Մանուշակ ջան, - Ուրախացել էր Վանիկն ու դողդողացող ձեռքերով բռնել էր Մանուշի բարալիկ մատները
- Ես քեզ չասի`ինձ Մանուշ ասա, ոնց որ բոլորը:
- Չէ, դու իմ Մանուշակն ես, ուզում եմ իմը լինես ու ես, մենակ ես, քեզ Մանուշակ ասեմ:
Մանուշը զգացել էր, թե ինչպես են դողում Վանիկի ձեռքերը: հասկացել էր որ Վանիկը սիրում է իրեն ու ձեռքը չէր քաշել նրա լայն ափից:
- Սիրողը հորս մոտ մարդ կուղարկի,- ասել էր նա Վանիկին:
- Ցանքսը պրծնենք, կուղարկեմ,- ասել էր Վանիկն ու կարծես աշխարհն իրեն էին տվել: Դողդողացող ձեռքերով ամուր գրկել էր մանուշին ու համբուրել:
Ցանքսը պրծան, բայց Վանիկը չհասցրեց մարդ ուղարկել Մանուշենց տուն: Պատերազմը Վանիկին ֆրոնտ տարավ:
Չգիտես ինչի գյուղը Վանիկի ու Մանուշի սերը վերջնական համարեց: Ու թեև Վանիկը հեր ու մեր ուներ, բայց գյուղը նրան սկսեց Մանուշի մեջ տեսնել: Մանուշին գյուղը դասակարգեց էն կանաց ցուցակում, որոնք ամուսին ունեին ֆրոնտում: Մանուշը լռելյան ընդունեց էդ կարգավիճակը և սպասեց Վանիկին: Աղջիկներից շատերի ընկերները գնացին, բայց Մանուշը ընտրեց կանանց, նրանց հետ ըկերացավ: Կանայք իրենց ամուսիններին էին սպասում իսկ Մանուշը դեռ չամուսնացած` իր Վանիկին: Ինքն էլ չհասկացավ թե ինչպես եղավ, որ սկսեց բարձրաձայն խոսել Վանիկի մասին, նրանից լուր հարցնել պատերազմից ետ եկողներից:
Պատերազմը մի օր վերջացավ, բայց Վանիկը հետ չեկավ: Ցանկացողներ էղան, որ Մանուշն էլ բախտավորվի, ամուսնանա պատերազմից եկած ջահելներից մեկի հետ:
Սակայն Մանուշը սպասում էր: Ամեն օր գնում էր իրենց աղբյուրի մոտ, նստում էր ու լալիս: Ամեն օր ամեն ժամ սպասում էր, որ Վանիկը հետ կգա, իր ձեռքվ կարած սպիտակ շապիկը կհագնի ու ժամ կտանի իրեն….
Մի օր ելավ, թե`
- Կարող է հիմա Վանիկը երկնքում ինձ է սպասում, գնա՜մ նրա մոտ….
Գնաց: Գնաց իրենց աղբրի մոտ լացեց ու ու լվացք անող կանաց աչքի առջև իրեն ձորը նետեց:
Գյուղը շանթահար էղավ:
Մանուշին թաղեցին աղբրի մոտ, որ Վանիկից հեռու չմնա: Աղբյուրին էլ Մանուշի աղբյուր կոչեցին:
****
Գարուն էր: Լուր տարածվեց թե Վանիկը հետ է էկել: Վանիկը եկավ, բայց ամաչեց Մանուշի մասին բան հարցնի: Դե հինգ տարի է անցել, կարող է կարգվել է, ուրիշի կնոջ մասին ի՞նչ հարցնի:
Երբ իմացավ ողջ պատմությունը, դաշտ գնաց, մի փունջ մանուշակ ձեռքին գյուղ էկավ, տարավ, մի մասը աղբրի մեջ լցրեց, մի մասն էլ դրեց Մանուշի գերեզմանին ու գլխիկոր տուն էկավ:
Վանիկը չամուսնացավ: Հոր` ամուսնանալու հորդորին մի օր կտրուկ պատասխանեց.
- Ապրում եմ, որ Մանուշակիս մանուշակ տանեմ, որ իմանայի, թե մի տանող կլինի, վաղուց գնացած կլինեի մոտը:
Վանիկը ծերացել էր արդեն, բայց դարձյալ դաշտի առաջին մանուշակներն ինքն էր փնջում, գյուղ բերում ու դնում Մանուշի գերեզմանին: Վերջին ձմեռն անընդհատ պատուհանից նայում էր ձյան խոշոր փաթիլներին ու մտածում. “տեսնես գարունը ե՞րբ կգա, մանուշակները ե՞րբ կբացվեն, կդիմանա՞մ, կապրե՞մ մինչև գարուն…”:
Վանիկն ապրեեց ու գարնան էլի դաշտ գնաց : Երբ ցեխոտ ու թրջված ոտքերով տուն եկավ, քույրը` Նազոն, հասկացավ էր, որ էլի դաշտ է գնացել:
- Վանիկ ջան, ախր կմրսես: Համբերեիր մինչ օրերը բացվեին:
Վանիկը մեղավորի նման ժպտաց ու լռեց: Երեկոյան սովորականից շուտ խնդրեց անկողինը գցել:
Առավոտյան, երբ գյուղացիք գնացին Մանուշի գերեզմանի կողքին փոս փորելու, թարմ մանուշակների մի փունջ գտան այնտեղ: Վանիկին հողին հանձնելուց հետո մանուշակների ծաղկեփունջը բաժանեցին երկու մասի, սփռեցին նրանց զույգ գերեզմանաթմբին` ասելով.
- Երանի ձեր սիրուն….
Մինչ էսօր էլ գյուղի սիրահարների հանդիպման տեղն է Մանուշի աղբյուրը, իսկ մանուշակների առաջին փունջը նրանց գերեզմանին է հայտնվում….…
Էջանիշներ