Ողջույն
Հերթական «Մութ պատմություն» խաղը համարում եմ սկսված:
-------------------------------------------------------------------------------------------------------
Ներկայացվում է մութ պատմություն, որը խաղի մասնակիցները պետք է բացահայտեն՝ խաղի վարողին-հեղինակին տալով հարցեր:
Հարցերը պետք է լինեն այնպես, որ վարողը կարողանա պատասխանել միայն «Այո», կամ «Ոչ»:
Ուրիշ տեսակի հարցերին պատասխաններ չեն տրվի:
Խաղի մասնակիցները, բացահայտելով պատմության մութ հանգամանքները, վերջիվերջո ամբողջությամբ կբացեն այն՝ քողազերծելով ամեն մի մանրուք և հայտնի դարձնելով դրանք բոլորին:
Մասնակիցները իրենց գրառման մեջ իրավունք ունեն գրելու ոչ ավել քան երկու հարց:
Հ.Գ. Խաղի ընթացքում, մասնակիցներին կխնդրեմ ուշադիր լինել, որպեսզի արդեն իսկ գրված հարցերը նորից չկրկնեն:
Բարի ժամանց:
Հ.Գ.Գ. Այսուհետ, պատմությունները գրվելու և տեղադրվելու են սցենարային ֆորմատով:
Հարգելի նոր անդամներ,
Խաղի ընթացքի և էության մասին առավել լայն պատկերացում կազմելու համար սեղմեք այստեղ:
-------------------------------------------------------------------------------------------------------
Ներկայացվող պատմությունը
Տեսարան 1
Կեսգիշեր: Փողոցի անկյուններից մեկում:
Գետնին պառկած է 40-ամյա Վիկտորը, որը հազիվ է շնչում: Դեմքն ամբողջովին պատված է արյունով: Վախեցած աչքերով նայում է առջևում կանգնածին:
Առջևում կանգնածը անհայտ մի կին է, որի դեմքն էկրանին չի երևում:
Էկրանին երևում են անձի կոշիկները, որոնք մեծահասակ, տարեց կնոջ կոշիկներ են:
Կինը լուռ, անշարժ կանգնած է Վիկտորի դիմաց:
Վիկտոր (տագնապահար) - Ես գիտեի...
Ոչ մեկ ինձ չէր հավատում, բայց բոլորն էլ հոգու խորքում զգում էին, որ ես ճիշտ եմ...
Անհայտ կինը, ավելի մոտանելով գետնին ընկածին, դանդաղորեն բացում է կանացի պայուսակը և միջից հանում մի դանակ:
Կնոջ ձեռքերը կնճռոտ են և նման պառավ կնոջ ձեռքերի:
Վիկտոր - Սա էսպես չի մնա: Դու շատ լավ գիտես, որ բոլորը վաղ թե ուշ կիմանան...
Անհայտ կինը, դանակը ձեռքում, մոտենում է Վիկտորին: Վերջինս տագնապահար նրան է նայում:
Վիկտոր - Դե... ես ամբողջությամբ քոնն եմ: Ես մահից չեմ վախենում:
Կինը, մոտեցնելով դանակը Վիկտորին, կտրում է վերջինիս վիզը՝ սպանելով նրան:
Որից հետո, դանակը նետելով հեռու, դանդաղորեն հեռանում է այդ վայրից:
4 ժամ անց:
Տեսարան 2
Քաղաքային գերեզմանատուն - Կեսգիշեր
Գերեզմանատան դարպասի մոտ իրարանցում է:
Ոստիկանության մեքենա է կանգնած: Գետնին ինչ-որ բան է ընկած: Զննում են:
Ոստիկանության աշխատողներից մի քանիսը գերեզմանատան ներսում են:
Քիչ անց, տաքսի է ժամանում:
Միջից դուրս են գալիս մայր ու աղջիկ: Աղջկա անունը Քեյթ է:
Տագնապահար դուրս են գալիս տաքսիից:
Մոտենում են ոստիկանության աշխատողին:
Քեյթ - Բարև ձեզ:
Ոստիկան - Բարև ձեզ, դու՞ք եք Քեյթը:
Քեյթ - Ը... այո...
Ի՞նչ է պատահել:
Ոստիկանը ցույց է տալիս շանը, որը դանակահարված, սատկած վիճակում է՝ արյունլվա ընկած գետնին:
Ոստիկան - Սա ձե՞ր շունն է:
Քեյթն ու մայրը տեսնելով տեսարանը՝ շոկի մեջ են հայտնվում:
Քեյթը սկսում է լաց լինել: Կռանում է դեպի շունը:
Ոստիկան - Տեղյա՞կ եք, թե ինչպես է այս կեսգիշերին հասել էստեղ:
Քեյթը մոտիկից ուսումնասիրում է շանը, և տեսնում, որ այն իսկապես իրենն է:
Շոկի մեջ է:
Քեյթ - Գաղափար անգամ չունեմ:
Մայր - Էս ինչ է կատարվել, Աստված իմ: Ո՞նց կարող էր էսպիսի բան լինել:
Ոստիկան - Դա երևի թե մենք պիտի հարցնենք:
Քեյթ - Մի քանի ժամ առաջ տանն էր...
Ախր ինչպես...
Քեյթը լաց է լինում:
Քեյթ - Չէ...
Իմ Սփոթ...
Ինչի՞ համար...
Մայր - Քեյթ, հանգստացիր:
Քեյթ (ոստիկանին) - Որտեղի՞ց եք իմացել մեր հեռախոսի համարները: Եվ ընդհանրապես, որտեղի՞ց իմացաք, որ սա ի՛մ շունն է:
Ոստիկան - Մի քանի ժամ առաջ ահազանգ ստացանք՝ գերեզմանատանը լսվող ինչ-որ կրակոցների վերաբերյալ:
Քեյթի ու մոր քարացած հայացք:
Ոստիկան - Զանգողի անունը Ռոջեր էր:
Նա ինձ ձեր հեռախոսի համարը տվեց և ասաց, որ դարպասի դիմաց սպանված մի շուն կա ու որ այն ձեզ է պատկանում:
Քեյթ - Ռոջե՞ր:
Ոստիկանը գլխով է անում:
Մայր ու աղջիկ քարացած իրար են նայում:
Տվյալ անունը կարծես իրենց ավելի շա՛տ շոկի մեջ գցեց:
Ոստիկան - Ի՞նչ պատահեց: Ծանոթ չե՞ք այդ մարդուն:
Քեյթ - Ը...
Հանկարծ, գերեզմանատան ներսից, ոստիկանության մի քանի աշխատողները, շտապ, գոռալով ձայն են տալիս գործընկերներին՝ կանչելով նրանց էնտեղ: Կարծես ինչ-որ բան է պատահել:
Ոստիկան - Մնացեք էստեղ: Հանկարծ չհեռանաք:
Մայր - Ի՞նչ է կատարվում:
Ոստիկան - Հարցեր մի տվեք:
Ոստիկանության երկու աշխատողները գնում են դեպի գերեզմանատուն:
Քեյթի ու մոր մոտ ևս մեկ ոստիկան կա կանգնած:
Մայր (Քեյթին` կասկածելի հայացքով) - Ռոջե՞ր...
Քեյթ - Նույնն ես մտածում, ինչ ե՞ս:
Մայր - Իսկ ուրիշ էլ ի՞նչ կարող եմ մտածել:
Քեյթ - Բայց չէ՞ որ երկու տարի առաջ փոխել էր անունը: էլ ի՞նչ Ռոջեր...
Մայր - Երևի իր նախկին անունն է ասել, որ խուսափի ինչ-որ բանից...
Քեյթ - Բայց ինչի՞ց…
Չէ՞ որ ամեն ինչ արդեն բացահայտված էր:
Չեմ հասկանում տրամաբանությունը:
Ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ է տեղի ունենում:
Ո՞վ է սպանել Սփոթին: Ինչի՞ համար:
Մայր - Հիշու՞մ ես Ռոջերը հորդ մահվան հետ կապված դեպքերից հետո ինչեր էր խոսում:
Քեյթ - Հա, հիշում եմ:
Ցնդաբանություններ էին: Ոչ մի լուրջ բան:
Մայր - Համոզվա՞ծ ես:
Քեյթ - Հա, համոզված եմ, մամ:
Հոգեբուժարանում էդ կինը ինքնասպան եղավ...
Հերիք է էդ ամեն ինչի վրա ինչ-որ առեղծվածներ հորինենք:
Մայր - Իսկ եթե Ռոջերը ճի՞շտ էր:
Քեյթ - Անհնար է:
Դա հնարավոր բան չէ:
Հայրիկի մահը ցնցեց բոլորին, որովհետև հանգամանքներն անսպասելի էին ու շոկային: Հասկանու՞մ ես, հարազատ կինը...
Մայր - Ու այն էլ ինչի համար...
Ոսկիների...
Քեյթ - Վերջ: Էլ չեմ ուզում խոսել էս թեմայով:
Էդ անիծյալ ոսկիները, որոնք խլեցին հորս կյանքը, թաղված են նրա իսկ հետ:
Մայր - Քեյթ, ասում ես՝ չեմ ուզում խոսել էս թեմայով, բայց մենք պետք է հասկանանք թե ո՞վ է սպանել շանը: Ու ինչի՞ համար:
Քեյթ - Մամ, մինչ դա, արի փորձենք հասկանալ, թե Սփոթը ոնց է տանից դուրս եկել ու հասել էստեղ:
Մայր (մտորումների մեջ) - Չգիտեմ Քեյթ...
Վախենում եմ:
Քեյթ - Ինչի՞ց ես վախենում, մամ:
Մայր - Զգում եմ, որ ինչ-որ բան է սպասվում:
Քեյթ - Ի՞նչ:
Մայրը լռում է:
Քեյթն ինչ-որ դրվագ է հիշում իր կյանքից:
Հիշողություն
Flashback
Ինչ-որ հիվանդանոց:
Նստարաններից մեկին նստած են Ռոջերն ու Քեյթը:
Զրուցում են:
Քեյթը լաց է լինում:
Ռոջեր - Լաց լինելով ոչինչ չես փոխի:
Պետք էր ավելի շուտ կանխել այն ամենն ինչ պատահեց:
Քեյթ - Ի՞նձ ես մեղադրում:
Ռոջեր - Մեղադրել-չմեղադրելն հիմա արդեն ոչ մի նշանակություն չունի:
Չպետք է թողնեինք, որ էդ հոգեկան հիվանդն իր արածն աներ:
Քեյթ - Ինքդ արդեն անցյալում եղած դեպքերից ես խոսում: Էլ ի՞նչ կարիք կա, եթե ամեն ինչ արդեն ետևում է:
Մենք էստեղ ենք, որպեսզի վերցնենք հայրիկի մարմինը: Հասկանու՞մ ես:
Վերջ: Ամեն ինչ արդեն անցյալ է:
Ռոջեր - Նա ինքնասպան չի եղել, Քեյթ:
Էդ հոգեկանը դեռ ապրում է:
Քեյթ - Դու ինքդ էլ չես հասկանում, թե ինչ ես խոսում հիմա:
Ես ի՛նքս եմ տեսել նրա մարմինը:
Ռոջեր - Դեմքը տեսե՞լ ես:
Քեյթը լռում է:
Քեյթ - Իրեն ճանաչելու համար դեմքն այդքան էլ կարևոր չէր, հավատա:
Լուռ տեսարան:
Ռոջեր - Էն զարդերն ու ոսկիները, որոնք թաղվելու են հայրիկի հետ...
Շատ մարդիկ կան, որ աչք ունեն դրանց վրա...
Քեյթ - Զարդերը հայրիկի հետ միասին թաղելու գաղափարը մերն է, Ռոջեր:
Բացի մեզնից, ոչ մի կենդանի շունչ անգամ չգիտի դրա մասին:
Ռոջեր - Ինքդ էլ շատ լավ հասկանում ես, որ նման ինֆորմացիան երկար չի կարող գաղտնի մնալ: Կապված տարբեր հանգամանքների հետ...
Քեյթ - Ես էլ չեմ ուզում խոսել դրա մասին:
Ռոջեր - Հայրիկն իմ պատճառով մեռավ...
Քեյթ - Ոչ մեկ դրանում մեղավոր չէր...
Ռոջերը բռնում է գլուխը:
Ռոջեր - Ես զգում էի, որ նա վտանգավոր է ու...
Ու հայրիկի կյանքին վտանգ է սպառնում: Ես զգում էի էդ ամեն ինչը, բայց ոչ մի քայլ չէի ձեռնարկում:
Լաց է լինում:
Քեյթը լուռ նրան է նայում:
Ռոջեր - Ուզում եմ անհետանալ:
Քեյթ - Քո դեպքում միակ ճիշտ տարբերակը դա է: Ներկա դրությամբ, հայրիկի սպանության միակ կասկածյալը, փաստացի տվյալներով, դու ես:
Ռոջեր - Կհեռանամ...
Բայց լավ իմացիր. ես իմ սեփական ձեռքերով եմ մոռթելու էդ անիծյալին...
Քեյթ - Ինչի՞ մասին ես խոսում: Նա մեռած է, Ռոջեր, հասկացիր…
Ռոջերը մի պահ լուռ նայում է Քեյթին, որից հետո վեր է կենում տեղից ու գնում դեպի բժիշկը, որը միջանցքով քայլելով գալիս էր դեպի նրանց:
Flashback-ի ավարտը:
Գերեզմանատան հարևանությամբ:
Կանգնած են Քեյթն ու մայրը:
Քեյթը լուռ է:
Հանկարծ, գերեզմանատնից, ոստիկանության աշխատողները վազելով գալիս են դարպասի մոտ: Խառնված են իրար:
Քեյթ - Ի՞նչ է կատարվում:
Ոստիկան - Մի բան պետք է հայտնեմ ձեզ...
Խնդրում եմ սառը դատեք ու իրարանցում չսարքեք...
Քեյթ - Ի՞նչ է պատահել:
Ոստիկան - Ձեր հոր գերեզմանը բաց է:
Մայր (վախեցած) - Ի՞նչ...
Քեյթ - Այս ի՞նչ եք ասում...
Ոստիկան - Հանգստացեք: Հիմա պետք է մեզ հետ գաք, որովհետև այնտեղ ինչ-որ բան կա...
Մայր - Աստված իմ... չի կարող պատահել...
Ոստիկան - Եկեք մեզ հետ:
Շտապ:
Ոստիկանները, Քեյթի ու մոր հետ մասին, գնում են դեպի գերեզմանատուն:
Մոտենալով Քեյթի հոր գերեզմանին, տեսնում են, որ գերեզմանը ամբողջությամբ փորված է, ու հոր դագաղն այնտեղ չէ:
Միաժամանակ նաև ցնծվում են մեկ ուրիշ տեսարանից:
Գերեզմանի մեջ, այլանդակված մի մարմին կա, որին կարծես բերել ու դիտմամբ գցել են էդտեղ:
Տեսնելով դիակի դեմքը, Մայրը ուշագնաց է լինում:
Ոստիկան (գոռալով) - Տիկին...
Քեյթը շոկի մեջ է:
Արնաշաղախ դիակը դրված է գերեզմանափորում՝ հայացքը դեմքով դեպի իրենց:
Քեյթի սարսափած հայացք:
Անցնում է կես ժամ: Քեյթի մորը մի կերպ ուշքի բերելուց հետո, ոստիկաններից մեկը գալիս է և հայտնում նրանց, որ երկու ժամ առաջ, գերեզմանատան հարևանությամբ ապրող բնակիչներից մեկը տեսել է, թե ինչպես է դարպասների մոտից ինչ-որ մեքենա հեռացել:
Այդ մարդու ասելով, մեքենայում նստած են եղել 4 հոգի:
-------------------------------------------------------------------------------------------------------
Բացահայտեք՝
1. Ո՞վ էր Վիկտորը:
2. Ու՞մ կողմից սպանվեց նա և ինչու՞:
3. Ո՞վ էր սպանել գերեզմանատան դիմացն ընկած շանը:
4. Ինչպե՞ս էր շունը փախել տանից:
5. Խոսվում էր հոգեբուժարանում ինքնասպան եղած ոմն մեկի մասին: Ո՞վ էր դա:
6. Քեյթի հոր դագաղը գերեզմանում չէր: Ի՞նչ հանգամանքներում և ինչպե՞ս էր այդ ամենը տեղի ունեցել:
7. Ու՞մ էր պատկանում գերեզմանափորում դրված այլանդակված դիակը:
8. Սպանություններն ու պատմության մեջ տեղ գտած առեղծվածները ունեն իրար կապող ընդամենը մեկ պատճառ ու հանգամանք:
Ո՞րն է դա:
9. Ոստիկանը ու՞մ մասին է պատմում Քեյթին ամենավերջում:
Ի՞նչ կապ կա դրա ու տեղի ունեցածի միջև:
-------------------------------------------------------------------------------------------------------
Բացահայտեք պատմությունը:![]()
Էջանիշներ