Հայաստանի ճակատագիրը Ռուսաստանի համար մանրադրամ է. Ալեքսանդր Արզումանյան
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված է ԼՂ հարցի կարգավորմամբ»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր ևս մեկ անգամ իր մոտեցումը պնդեց Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Բանախոսի կարծիքով՝ թուրքական մեջլիսը հայ-թուրքական Արձանագրությունները կվավերացնի այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի հարցում կլինի նշանակալի առաջընթաց` Թուրքիայի տեսանկյունից:
Արզումանյանը նաև պնդում է, որ ի սկզբանե Հայաստանի իշխանությունները պատրաստ են եղել զիջելու ԼՂ հարցում` հանուն հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման։ Բանախոսը համոզված է, որ այս իշխանությունը պատրաստ է ցանկացած բան ուրանալ, միայն թե պահի իր աթոռը:
«Ռուսաստանի ձեռքում է ԼՂ հարցի կարգավորման բանալին: Ցավոք՝ ո'չ Հայաստանի, ո'չ Ադրբեջանի ձեռքում չի ԼՂ կարգավորման հարցը: Եվ Հայաստանը այսօր, հանդիսանալով վասալային պետություն Ռուսաստանի համար, անում է այն, ինչ ասում է Ռուսաստանը: Ռուսաստանը շատ կարևորագույն ստրատեգիական խնդիրներ է լուծում այս տարածաշրջանում Թուրքիայի հետ: Հայաստանի ճակատագիրն այս հարաբերությունների կոնտեքստում ընդամենը մանրադրամ է, որը Ռուսաստանը օգտագործում է: Ամենավտանգավորն այն է, որ Հայաստանի անկախ պետությունը դառնա սակարկման առարկա»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը:
Էջանիշներ