«Խոստացել է դուրս բերել հայկական զորքերը»

«Սարդարապատ» նախաձեռնության հիմնադիր անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը գտնում է, որ Մյունխենում Սերժ Սարգսյանը խոստացել է հայկական զորքերը դուրս բերել ազատագրված տարածքներից:
«Հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ եթե հայկական կողմը, իրենց բառապաշարով, «գրավյալ տարածքներից» դուրս չբերի հայկական զորքերը, ապա մենք կդադարեցնենք բանակցությունները: Փաստորեն հանդիպումից հետո Ադրբեջանը չդադարեցրեց բանակցությունները: Ադրբեջանցիները ինչ-որ խոստումներ ստացել են հայկական կողմից եւ համանախագահներից, որ մնում են բանակցություններում»,- «Ա1+»-ին ասաց Սեֆիլյանը:

Նա գտնում է, որ բանակցություններում այսօր Ադրբեջանն առաջնորդվում է շանտաժով եւ դարձել է թելադրող. «Անպայման պետք չէ, որ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, որ մենք համոզվեք, որ այս ռեժիմի պարագլուխները պատրաստ են զիջել մեր հողերը: Խնդիրն այն է, որ օր-օրի հայկական կողմը դիվանագիտության մեջ պարտություններ է կրում, որի շտկումը շատ դժվար է լինելու»:

Ի լուր Ադրբեջանի եւ առաջին հերթին Ադրբեջանի իշխանությունների, որոնք պարբերաբար հանդես են գալիս ռազմատենչ հայտարարություններով` Ժիրայր Սեֆիլյանն ասաց. «Ադրբեջանցիները պետք է շատ լավ հասկանան, որ եթե նորից պատերազմ սկսվի, այն լինելու է վերջինը եւ ավարտվելու է Ադրբեջանի կապիտուլյացիայով: Եթե ադրբեջանցիներն իրենց հույսը դրել են այսօրվա մեր խեղկատակ քաղաքական ղեկավարության եւ նրանց մանկլավիկ գեներալիտետի վրա, հույս ունենալով, որ նրանք զուրկ են մարտական ոգուց, ապա չարաչար սխալվում են: Մենք` հայերս, պահպանում ենք այն ներուժը, որն ունեինք 1994թ.»:

Սեֆիլյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը գիտակցում է, որ իր քայլերը դավաճանական են եւ հայտնվել է, մեղմ ասած, ոչ ցանկալի վիճակում. «Նա գիտի, որ հայերիս համար ազատագրված տարածքները սրբավայր են եւ դրանից վախենում է: Մյուս կողմից` նա ծանր վիճակում է միջազգային հանրության առաջ, քանի որ նա խոստացել է օտարի կամակատարը դառնալ: Սերժ Սարգսյանն այսօր երկու քարի արանքում է եւ ոչ մի կողմին չի կարողանալու բավարարել` ոչ հայ ժողովրդին, եւ ոչ էլ օտարին»: Սերժ Սարգսյանի միակ ճանապարհը Սեֆիլյանը համարում է նրա հեռացում, իսկ հեռացման ձեւի ընտրությունը թողնում է նրան:

Սեֆիլյանը շարունակում է, պնդել, որ եւ հայ-թուրքական հարաբերություններում եւ թե ԼՂ հարցում ՀՅԴ-ի պայքարն ազնիվ չէ: Նրա կարծիքով ՀՅԴ-ն միայն մի դեպքում կարող է վերականգնել իր նկատմամբ հավատը. «ՀՅԴ-ի ղեկավարությունը նախ պետք է ընդունի, որ այս 10-11 տարիների ընթացքում կատարվածը հանցագործություններ են մեր ժողովրդի դեմ, եւ այն ՀՅԴ-ականները, որոնք ներգրաված են եղել այդ հանցագործություններում, պետք է հեռացվեն: ՀՅԴ-ն այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրում է իշխանությունների հետ համագործակցելու համար: Տեղին է հիշել Կտակարանի հետեւյալ տողերը` ավելի լավ է իրենց աչքի գերանը տեսնել եւ ոչ թե ուրիշի աչքում փուշ փնտրել»:

Սեֆիլյանը «Ա1+»-ին հայտնեց, որ հիասթափություն է սպասվում բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ նա կհեռանա Հայ Ազգային Կոնգրեսից. «Մենք այդ մարտնչող դաշտը երբեք չենք լքելու: Մենք երբեք չենք խաթարելու տասնյակ հազարավոր մարդկանց միակամությունը, որը ստեղծվել է Համաժողովրդական շարժման շնորհիվ: Մենք միշտ լինելու ենք մեր ժողովրդի կողքին: Մեր նպատակները նույն են: Պարզապես մենք գտնում ենք, որ ավելի կարճ ճանապարհով կարելի է հասնել այդ նպատակին, որը շատերն անվանում են հեղափոխական»:

Չե՞ք կարծում, որ այդ կարճ ճանապարհում կորուստներն ավելի մեծ կլինեն. «Ա1+»-ի հարցին` Սեֆիլյանը պատասխանեց. «Այդ երկար ճանապարհի ընթացքում ավելի հեշտ է մոլորվելը եւ հավատացեք այդ ժամանակ կորուստներն ավելի մեծ կլինեն:
Ես համոզված եմ, որ մեր երկրի բնակչության մեծամասնությունը մտահոգված է երկրում տիրող իրավիճակով: Ո՞վ է հետաքրքրվել, թե ինչ է մտածում այն մարդը, ով թեկուզ հանրահավաք չի գնում, ինչ հոգեվիճակում է: Ես համոզված եմ, որ անհրաժեշտ պահին մեր ժողովուրդը համախմբվելու է»: http://a1plus.am/am/politics/2009/11/25/sefilyan