ԹՈՒՐՔԻԱՆ ՍՏԱՑԱՎ, ԻՆՉ ԻՐԵՆ ՊԵՏՔ ԷՐ
Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ:
Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները: Ընդ որում, այդ արարողությունը տեղի ունեցավ նախատեսվածից ավելի քան երեք ժամ ուշացումով: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ երեւույթը:
Հիմնականում ուշադրություն սեւեռվեց այս ուշացման վրա, սակայն կարծում եմ` ամենակարեւորը ցյուրիխյան գործարքն էր: Սրանով, ըստ էության, Թուրքիան պետք է ստանա ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցումը, իսկ ՀՀ-ն` բաց սահմաններ: Այստեղ, ցավոք սրտի, երկու խնդիր կա: Առաջին` սա բարոյապես անընդունելի գործարք է. բաց սահմանները` ցեղասպանության ուրացման գնով, անընդունելի է: Եվ երկրորդ խնդիրն այն է, որ անգամ ձեւականորեն ձեւակերպված այդ գործարքը չի գործելու: Թուրքիան ստանալու է այդ գործարքի` իրեն բաժին հասած մասը, իսկ Հայաստանը` ոչ: Թուրքիան նույնիսկ արձանագրությունների ստորագրումից հետո շատ հստակ հայտարարեց, որ սահմանը չի պատրաստվում բացել, մինչեւ առաջընթաց գրանցված չլինի ԼՂ խնդրում: Ցեղասպանության ուրացման դիմաց Հայաստանը ստացել է ընդամենը թղթի վրա ամրագրված խոստում` սահմանը բացելու մասին եւ մշուշոտ հեռանկար, որը Թուրքիան հստակորեն կապում է ԼՂ խնդրի հետ: Փաստորեն, իշխանությունները ստել են երկու հարցում. միջկառավարական պատմական ենթահանձնաժողովն ուսումնասիրելու է Ցեղասպանության հետ կապված հարցեր, եւ Թուրքիան էլ հարցին մոտենալու է “արդյո՞ք ցեղասպանություն եղել է, թե ոչ” ենթատեքստով: Այնպես որ, Հայաստանի իշխանությունները ստել են` ասելով, որ պատմական հանձնաժողովը չի ուսումնասիրելու ցեղասպանության հարցը: Հայաստանի իշխանությունները նաեւ ստել են, երբ հայտարարել են, թե այս համաձայնագրով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցն անջատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից: Համաձայնագրերը վավերացնելու մասին դրույթը հատուկ գրված է այս նպատակով, որը Թուրքիային թույլ կտա իրար կապել այդ երկու հարցերը, եւ Թուրքիան հստակ հայտարարել է, որ սահմանը բացվելու է միայն ԼՂ խնդրում առաջընթացից հետո:
Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք արձանագրությունները ստորագրման ուշացումը:
Սա ընդամենը ՀՀ-ի իշխանությունների համար PR նշանակություն ուներ: Եթե Թուրքիան աներ իր հայտարարությունը, ապա ակնհայտ էր դառնում, որ Հայաստանի իշխանությունները ստել են սեփական ժողովրդի առաջ: Այսինքն` Հայաստանի իշխանության պայքարը եղել է ոչ թե արձանագրություններում փոփոխություններ կատարելու համար, այլ` իր սեփական սուտը չբացահայտվելու համար: Սրա համար են պայքարել Հայաստանի իշխանությունները եւ Էդիկ Նալբանդյանը: Եվ Նալբանդյանը հասել է նրան, որ Հայաստանի իշխանությունների սուտը բացահայտող հայտարարությունը չի արվել: Սակայն կարծում եմ, որ դա մեծ նշանակություն չունի, քանի որ այդ ամենին հետեւած Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները բացահայտել են սուտը:
Իշխանությունները չե՞ն հասկանում այս ամենը, չե՞ն հասկանում, թե ինչ են անում, թե՞ ստիպված են գնում այդ քայլերին:
Իշխանությունները ստանում են այս 11 տարիների ընթացքում իրենց վարած քաղաքականության հետեւանքները, այս կոռումպացված, օլիգարխիկ ռեժիմի հետեւանքները, քաղաքական համակարգի աղճատման հետեւանքները: Նրանք ստեղծել են մի Հայաստան, որն ըստ էության չունի կամք, չունի զարգացման ռեսուրսներ, եւ այսօր ստիպված է սեփական իշխանությունը պահպանելու նպատակով ենթարկվել միջազգային ճնշումներին:
Սակայն Սերժ Սարգսյանն իր ուղերձում հայտարարեց, թե ինքը երբեք չի գնա միակողմանի զիջումների, որ նախապայմաններ չկան արձանագրություններում, որ ԼՂ խնդիրը չի շաղկապվում հայ-թուրքական հարաբերությունների հետ: Իսկ մեկ այլ առիթով էլ նա հայտարարել էր, թե ինքը մեկ-մեկ մենակ մնալուց քահ-քահ ծիծաղում է, երբ մտաբերում է, որ իրեն մեղադրում են Ղարաբաղը ծախելու մեջ:
Եթե երկու կարեւորագույն հարցում մենք արդեն տեսնում ենք, որ իշխանությունները ստում են, ի՞նչ երաշխիք ունենք, որ ԼՂ հարցի հետ կապված իրենց պնդումներում էլ չեն ստում: Եթե նրանք չեն արձանագրում առաջընթաց Ղարաբաղի հարցում, այլընտրանքը լինելու է փակ սահմանները: Իսկ այստեղ ձախողումը լինելու է կատարյալ: Ցեղասպանության հարցի վերաբերյալ Թուրքիան ստացել է այն, ինչ իրեն պետք էր, եւ անկախ վավերացնելու հանգամանքից, Թուրքիան իր նպատակին հասել է. Ցեղասպանության ճանաչման կասեցումը կայացած փաստ է: Իսկ եթե ՀՀ-ն չգնա ԼՂ խնդրի կարգավորմանը, ունենալու է փակ սահմաններ:
Այս ընթացքում ՀՅԴ-ն էր բավական արմատական կեցվածք ընդունել, 12 կուսակցություններ համատեղ հայտարարությամբ հանդես եկան, միավորում են կազմավորում: Մինչդեռ Հայ ազգային կոնգրեսը կարծես թե պասիվ է, ավելին, Կոնգրեսին մեղադրում են իշխանությունների հետ նույնակարծիք լինելու մեջ: Ինչո՞ւ Կոնգրեսն էլ ՀՅԴ-ի նման լայնածավալ բողոքի ակցիաներ չարեց:
Լեւոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 18-ի իր ելույթում հայտարարեց, որ ասպարեզը ժամանակավորապես թողնում է քաղաքական այլ ուժերին: Երկու տարի այս վտանգավոր զարգացումների դեմ պայքարելուց հետո արձանագրում ենք, որ Կոնգրեսը միայնակ չի կարող կատարել ռեժիմի տապալման գործընթացը: Ուրեմն` այսօր մենք պետք է տեսնենք` արդյոք հայ հասարակությունը, այլ քաղաքական ուժեր պատրաստվում են ընդվզել այս գործընթացների դեմ, արդյո՞ք պատրաստվում են պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Երբ այն ուժերը, որոնք սատարում էին Սերժ Սարգսյանին, սկսեն պահանջել նրա հրաժարականը, այդ դեպքում հնարավոր է համաժողովրդական ընդվզման ալիքով հասնել այդ նպատակին: Հիմա մենք տեսնում ենք, որ որոշակի ակտիվացում ու գործընթաց գնում է այդ ուղղությամբ: Դեռեւս հրաժարականի պահանջին չեն հասել, սակայն հնչում են խոստումներ ու սպառնալիքներ, որ Սերժ Սարգսյանի կողմից ստորագրելու դեպքում նրանք պատրաստ կլինեն նրա հրաժարականը եւս պահանջել: Սա գործընթաց է, որի սկիզբը մենք ենք դրել: Եվ երբ տեսնում ենք, որ սկսվում է իրական պայքար ռեժիմի դեմ, ապա այդ դեպքում մենք կողջունենք, եւ այդ դեպքում մեր հռչակած նպատակի իրագործումը հնարավոր կդառնա:
Էջանիշներ