«ԺԱՌԱՆԳՈւԹՅԱՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն նպատակով նախաստորագրված արձանագրությունների մասին
Կողմ լինելով Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու դրանց հետագա բնականոն զարգացմանը` նախ և առաջ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակմանը, մենք` ներքոստորագրյալներս հայտարարում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններից անհրաժեշտ է բացառել բոլոր այն կետերը, որոնք վերաբերում են`
- գոյություն ունեցող այսպես կոչված ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչմանը, քանի որ այդպիսի ճանաչմամբ Հայաստանին պարտադրվում է ճանաչել նախկինում կնքված հակաօրինական և հակահայկական պայմանագրերը:
- պատմական փաստաթղթերի և արխիվների ուսումնասիրության նպատակով միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծմանը, քանի որ սրանով կվիճարկվի Թուրքիայի կողմից պետական մակարդակով ծրագրված և իրականացված հայության եղեռնն ու հայրենազրկումը և աշխարհի գրեթե երկու տասնյակ պետությունների կողմից որպես մարդկության դեմ հանցագործություն ճանաչված հայոց ցեղասպանությունը:
Միաժամանակ հաստատում ենք, որ. հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը չի կարող ուղղակի կամ քողարկված առնչվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացմանն ու նրա ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների օրինականությանը, ինպես նաև Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենսդրությամբ հռչակված սահմաններին և տարածքային ամբողջականությանը:
Կոչ ենք անում համայն հայությանը համախբվել այս կարևորագույն քաղաքական և պատմական նշանակություն ունեցող խնդրի շուրջ և այդպիսով նպաստել հայոց պետականության հիմնարար սկզբունքերի ու համազգային նպատակների իրագործմանը` ապահովելով հայրենիքի հզորացումը: