13. Խաղի ավարտի ազդարարում
Աշխարհն աշխարհով, մնաց բոլոր փոխհարաբերությունները մի կողմ դրած, բայց զինծառայողները հարգում են միմյանց սրբությունները, չեն կարող իրենց թույլատրել վիրավորել դիմացինի սրբությանը...
- Հովո, - ձայնում է զինվորներից Հարութը:
- Ասա, - պատասխանում է Հովոն:
- Գլուխդ 10 անգամ ուժեղ պատին խփիր:
- Հո չես գժվել ա՛յ ... – կետերի փոխարեն հանգիստ կարող եք յոթ հարկանի հայհոյանք կարդալ:
- Հովո, հորս արև, գլուխդ 10 անգամ ուժեղ պատին խփիր:
Հովոյի հայհոյանքը սառում է շուրթերին: Խոսքը գնում է Հարութի սրբության, Հարութի հոր արևի մասին: Հովոն առանց տատանվելու պտտվում ու գլուխը 10 անգամ ուժեղ պատին է խփում: Հետո գլուխը բռնած նստում է, զգացվում է, որ ուժեղ գլխացավ ունի, բժժած է: Հինգ րոպե նստում է ապա դառնում Հարութին.
- Հարութ, արածիդ համար ինքդ քեզ պատժիր:
- Հա՛, բա ո՞նց:
- Հարութ, հորս արև պատժիր քեզ:
Այս անգամ երկընտրանք չունի Հարութը, քանի որ հիմա էլ խոսքը իր բանակային ընկերոջ սրբության մասին է գնում:
- Ինչպե՞ս պատժեմ, - խեղճացած հարցնում է Հովոյին:
-Հորս արև, տասնհինգ անգամ ինքդ քեզ ուժեղ ապտակիր, - չի հապաղում Հովոն:
Սրան հաջորդում է ննջասենյակում տարածվող տասնհինգ ապտակների ձայնը, որից հետո Հարութի այտը կարմրում է:
Այս խաղը մեր ննջասենյակում, որտեղ երեսուն հոգի են քնում, արդեն լայն տարածված է: Խաղին չենք մասնակցում չորս հոգով: Մեզ ոչ մեկն այդպիսի առաջարկ չի անում, երևի հասկանալով, որ եթե անգամ նրա սրբությունը հարգելով ասածն անենք, հետո շանսատակ կանենք:
Զինվորների երևակայությունը, պարզվում է, բավական ուժեղ է: Ննջասենյակից «հորս արև» արտահայտությունից հետո լսվում է աքլորի ծուղրուղուն, շան հաչոցը, ձիու խրխինջը, գնացքի ձայնը, մեկը մի ոտքի վրա կանգնում է մի քանի ժամ, մյուսը դուրս է գալիս բակ և քացով խբում բանից անտեղյակ ընկերոջը, երբ վերջինս գալիս է երդվողի հետ հաշվեհարդար տեսնելու, դեռ չի հասցնում մոտենալ, երբ այդ նույն մարդը երդվում է.
- Հորս արև, ինձնից վրեժդ չլուծես, Ստեփանին խփիր:
Կյանքը բավական ուրախ ու զվարթ է անցնում այս խաղի շնորհիվ, չնայած զինվորների հաճախակի ստացած վնասվածքներին: Բայց ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ այս խաղը մի օր պետք է մոռացվեր ու այդ օրն եկավ:
Գիշեր էր, հանգիստ քնած էի: Ժամը մեկին զարթնում եմ ուժեղ գմփոցներից: Աչքերս բացում ու տեսնում եմ, որ Տիգրանը գլուխը ուժգին պատին է տալիս, ինձնից երկու քայլի վրա: Զինվորների ծիծաղից հասկանում եմ, որ մեկն ու մեկն էլի երդել է: Ի՞նչ անել: Ասել. «մի արա՛», կնշանակի վիրավորել երդվողի սրբությունը: Բայց չէ որ լուծումն ակնհայտ է: Պետք է երդվել, առաջին ու վերջին անգամ:
- Տղերք, - ձայնում եմ, - մի րոպե ուշադրություն:
Բոլորը շրջվում են իմ կողմը:
- Տղերք, - ասում եմ, - հորս արև, էլ «հորս արև» երդվելով իրար ինչ-որ բան անել չտաք:
Ննջասենյակում քար լռություն է: Մեկ րոպե հետո մեկը կամացուկ ասում է.
- Վա՛յ քո...
Արդեն երկու շաբաթ է անցել: Կարծես թե այս խաղն արդեն մոռացվել է:



Մեջբերել
Նման բաներ մեր դպրոցում էլ են անում… Մի բան հաշվի չես առել՝ միայն հայրը չի սրբություն… կարող են հիմա էլ մոր արև երդվել… Դրա հաամր էլ, եթե նման փորձ լինի, երդում կեր, որ էլ ոչ ոք սրբության արև երդում չուտի





Էջանիշներ