«Պատասխանատու են նաեւ Քոչարյանն ու Օսկանյանը»
15:15 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Հրապարակված մադրիդյան սկզբունքներում որեւէ ակնարկ չկա ժողովրդի ինքնորոշման սկզբունքի փաստացի կիրառման վերաբերյալ»,- «Ա1+»-ին տված հարցազրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀ առաջին նախագահի ԼՂՀ գծով հատուկ հանձնարարությունների նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը:
Նախ նա զրույցում ընդգծեց, որ համանախագահող երկրների նախագահների հայտարարության հետ հրապարակված 6 սկզբունքները բոլորը չեն. «Փաստաթղթում գրված է, որ սրանք սկզբունքների միայն մի մասն են»,-հիշեցնում է Շահնազարյանն ու հաշվի առնելով հատկապես ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը եւ թե ինչպիսի հրճվանքով են խոսում այս սկզբունքների վերաբերյալ իշխանության ներկայացուցիչները, եզրակացնում, որ «հրապարակվել են ամենայն հավանականությամբ այն սկզբունքները, որոնց առնվազն հայկական կողմը տվել է իր համաձայնությունը»:
Դավիթ Շահնազարյանը մեկ առ մեկ բոլոր 6 սկզբունքների վերաբերյալ իր տեսակետն արտահայտեց: Եվ այսպես,
1.ԼՂՀ հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի հսկողությանը:
«Երբ սկսվել էր Պրագայի պրոցեսը, հետո Մադրիդյան սկզբունքներն ի հայտ եկան, որպես կանոն օգտագործվում էր «հայկական զինված ուժերի դուրս բերումը գրավյալ տարածքներից, Լեռնային Ղարաբաղի շրջական տարածքներից»:
Հիմա շատ ավելի կոշտ ձեւակերպում է տրվում' բոլոր տարածքների վերադարձ Ադրբեջանի հսկողության տակ: Ինչ վտանգ եմ տեսնում. նախկինում, երբ օգտագործվում էր վերը նշված ձեւակերպումը, անմիջապես ենթադրվում էր, իսկ հաճախ ուղղակին նշվում, որ այդ տարածքները պետք է լինեն ապառազմականացված: Այդ նոր ձեւակերպումից չի բխում, որ այդ տարածքների ապառազմականացված լինելը»,-ասում է Դավիթ Շահնազարյանն ու անցնում հաջորդ կետին:
2.ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակ, որը անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի:
«Չափազանց անորոշ ձեւակերպում է. ինքնակառավարման խոսքը անվտանգության հետ միասին նույնպես թափանցիկ ակնարկ է, որ այդ անվտանգությունը վերաբերվելու է ոչ միայն այն մարդկանց, որոնք այսօր ապրում են ԼՂՀ-ում, այլեւ ադրբեջանական համայնքին' Լեռնային Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիներին»: Դավիթ Շահնազարյանը հիշեցրեց, որ վերջերս Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նոր վարչակազմ է ստեղծել: «Որեւէ ակնարկ անգամ չկա,որ նույնիսկ տնտեսական առումով Լեռնային Ղարաբաղը հնարավորություն կունենա ինքնուրույն արտաքին կապեր հաստատել, նծված է միայն անվտանգություն եւ ինքնակառավարում, նույնիսկ ինքնքվարության մասին խոսք չկա, ընդամենը ինքնակառավարում: Համենայն դեպս, լայն դաշտ է ստեղծվում այսօրվա ԼՂ իշխանություններին եթե ոչ փոխարինելու, բայց առնվազն զուգահեռ ինչ-որ վարչական մարմիններ ստեղծելու առումով»:
3.Հայաստան-Լեռնային Ղարաբաղ կապող միջանցք:
Դավիթ Շահնազարյանը հիշեցնում է, որ ներկա իշխանությունը խոսում էր ցամաքային սահմանի մասին, այնուհետեւ սահուն անցավ «ցամաքային կապ» ձեւակերպմանը: «Եթե ՀՀ ԱԳ նախարարը չի տարբերում այդ երկուսն իրարից, ապա նրան կարելի է միայն խղճալ, ուրիշ ոչինչ»,-նկատում է Շահնազարյանն ու ընդգծում, որ այստեղից ուղղակիորեն բխում է' «միջանցքի վրա չի լինելու ոչ Հայաստանի, ոչ Ղարաբաղի վերահսկողությունը, լինելու է ընդամենը մի տարածք, ցամաքային, տրոնսպորտային կապ, իսկ թե ում վերահսկողության տակ է լինելու' Ադրբեջանի՞, թե՞ միջազգային, դա արդեն հետագայի հարց է, բայց ակնհայտ է, որ ոչ Ղարաբաղի, ոչ Հայաստանի իրավազորության տակ չի լինելու»: Սա, ըստ Դավիթ Շահնազարյանի, կարող է նշանակել ընդհուպ մինչեւ ազատ տրանզիտ. ենթադրենք, Հայաստանից ինչ-որ բեռներ են գնում Ղարաբաղ ու մաքսային զննության չեն ենարկվում, ազատ անցնում են: «Այսինքն, ոչ միայն Լաչինն է շրջանը վերադարձվում /նշեմ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերում, ի տարբերություն ԼՂՀ-ի անվտանգության գոտի հանդիսացող մնացած 6 շրջաններիորի, ակնարկ անգամ չկա Լաչինի շրջանի վերադարձի մասին/, այլեւ միջանցք ասածը չի լինում մեր' Հայաստանի կամ Արցախի, վերահսկողության տակ»:
4.ԼՂ-ի վերջնական կարգավիճակի հետագա որոշում' իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով:
«Իշխանությունները բարբաջում էին հանրաքվե/ռեֆերենդում, պլեբեսցիտ: Եվ հիմա էլ սա փորձել ներկայացնել որպես ժողովուրդների ինքնորոշման միջազգային սկզբունքի արտահայտում. կատարյալ կեղծիք է: Եթե այստեղ լիներ «ժողովրդի կամքի արտահայտության միջոցով», այլ հարց, բայց այս ձեւակերպումը կարող է ենթադրել ցանկացած վարչական, նույնիսկ նոր ստեղծված ինչ-որ մարմնի որոշում կամ ստորագրություն: Այս ձեւակերպումը ոչ մի կապ չունի ոչ հանրաքվեի, ոչ էլ ժողովրդի կամքի արտահայտության հետ»:
5. Ներքին տեղահանվածների եւ փախստականների իրավունքի կիրառում, որով նրանք կարող են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրը:
«Սա ուղղակի շատ թափանցիկ ակնարկ է, որ նախքան նույնիսկ կարգավիճակի հստակեցումը, ադրբեջանցիները, որոնք մինչեւ հակամարտությունը ապրում էին ԼՂԻՄ ում, կարող են վերադառնալ մինչեւ ԼՂ կարգավիճակի հստակեցումը: Եթե մինչ այդ խոսքը գնում էր ադրբեջանցիների վերադարձ այն տարածքներ, որտեղից հայկական զորքերը դուրս են բերվում, ապա այս ձեւակերպումը հնարավորություն է ստեղծում վերադարձ բուն Լեռնային Ղարաբաղ»:
6.Միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք ներառում են խաղաղապահ գործողություններ:
«Խնդրում եմ մոլորության մեջ չընկնեք,-խորհուրդ է տալիս Դավիթ Շահնազարյանը,- այստեղից չի բխում, որ լինելու են միջազգային խաղաղապահ ուժեր: Հայկական կողմը պարտավոր էր պահանջել ինչպես նախորդ դեպքում, որ լիներ «ժողովրդի կամքի արտահայտություն» ձեւակերպումը, այնպես էլ որպեսզի այստեղ լիներ «խաղաղապահ զինված ուժեր», որովհետեւ տվյալ ձեւակերպման տակ շատ հնարավոր է որ օգտագորվել ընդամենը միջազգային դիտորդներ եւ դա նույնպես, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի, կլինի խաղաղապահ գործունեություն»:
Դավիթ Շահնազարյանը վտանգ է տեսնում, որ առկա ձեւակերպման դեպքում անվտանգության որեւէ ռազմական, ռազմատեխնիկական երաշխիքներ չեն տրվի, կտրվեն միայն քաղաքական երաշխիքներ:
Ամփոփելով 6 սկզբունքները' Շահնազարյանը նկատում է եւս մեկ վտանգ. «Այդքան տարածքներ վերադարձվում է եւ ոչ մի խոսք չկա ապաշրջափակման մասին, առաջին հերթին Ադրբեջանի կողմից կիրառվող շրջափակման դադարեցման մասին, որը ՀՀ-ի համար ունի կենսական նշանակություն: Ապաշրջափակման նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձեւերի պահանջներից է»:
Մեր հարցապնդմանը, թե խոսք չկա նաեւ Արծվաշենի եւ Շահումյանի մասին, Դավիթ Շահնազարյանը ավելացրեց. «Ավելին, խոսք չկա անգամ ԼՂԻՄ-ի այն տարածքների մասին, որոնք այսօր Ադրբեջանի հսկողության տակ են»:
Դավիթ Շահնազարյանը ահազանգում է, որ սկսվել է լուրջ միջազգային պրոցես, որը շատ նման է դեյտոնյան պրոցեսին, եւ, ցավոք, թելադրողը նորից լինելու է Ալիեւը, իսկ «Սերժ Սարգսյանը չունի իմունիտետ լուրջ փոփոխություններ այս եւ ապագա փաստաթղթղերում մտցնելու համար: Շատ ծանր պրոցես է սկսվում Հայաստանի եւ Ղարաբաղի համար»:
Դավիթ Շահնազարյանը խոսելով ստեղծված իրավիճակի պատասխանատուներից, նկատում է, որ Մադրիդյան գործընթացի հիմնադիրներն ու ճարտարապետները Քոչարյանն ու Օսկանյանն են, եւ Սերժ Սարգսյանն ու Նալբանդյանն դրանց շարունակողն են, սա ընդհանուր պատասխանատվություն է եւ որեւէ մեկը թող չփորձի դրանք առանձնացնել: «Նոմենկլատուրային ընդդիմությունը խեղճուկրակ արտգործնախարարի հրաժարականն է պահանջում, դա առնվազն ծիծաղելի է: Իհարկե, Նալբանդյանը արտաքին քաղաքականությունում առնվազն թյուրիմացություն է, սակայն միայն նրա, այլ ոչ Սերժ Սարգսյանի հրաժարական պահանջողներն էլ, ներքաղաքական թյուրիմացություն են, քանի որ նրանք ուղղակի եւ ամբողջական պատասխանատվություն են կրում ողջ գործընթացի համար' սկսած 1998 թվականից»: Դավիթ Շահնազարյանն, այնուամեյանիվ, նկատում է, որ որոշիչ խոսքը պետք է լինի ԼՂՀ-ինը' թե ժողովրդինը, թե իշխանությանը:
Պատրաստեց Դիանա Մարկոսյանը
Էջանիշներ