Ընտրությունները կկեղծեն ՀՀ քաղաքացիները
Երեւանի ավագանու ընտրությունների օրինական անցկացումը կանգնած է լուրջ վտանգի առջեւ",-ահազանգում է ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող Հայաստանի պառլամենտարիզմի Կենտրոնը:
Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ ԿԸՀ-ն, հիմք ընդունելով օրենքին հակասող իր պարզաբանումները, հնարավորություն է ստեղծել, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցեն Հայաստանի բոլոր ընտրողները:
"Այսինքն, ի հակասություն ՀՀ օրենսդրության պահանջների, ԿԸՀ-ը որոշել է, որ սույն ընտրություններում Երեւանի համայնքում 1 տարվա հաշվառվում ունենալը և փաստացի բնակվելը ընտրելու իրավունքի անհրաժեշտ պայմաններ չեն":
Ի դեպ, կենտրոնը նաեւ նկատում է, որ սահմանադրական կարգի այս խախտմանը արձագանքել են միայն ՙԳերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ՚ հասարակական կազմակերպությունը և ՙՀայ ազգային կոնգրես՚ նախընտրական դաշինքը, որը դիմել է նաեւ դատարան:
"ԿԸՀ ավագանու թեկնածուների ցուցակ ներկայացրած մնացած 6 սուբյեկտներից ոչ մեկը դեռեւս չի անդրադարձել այս խնդրին: Ավելին, ԿԸՀ-ում նրանցից չորսի ներկայացուցիչները, ՀՀ Նախագահի, Դատարանների նախագահների խորհրդի և ՙԺառանգություն՚ կուսակցության ներկայացուցիչների հետ միասին, ընդունել են ԿԸՀ հիշյալ պարզաբանումները եւ նրանց վրա հիմնված օրենքին հակասող իրավական ակտերը:Իսկ ՙՀՅԴ՚-ն անգամ օրենքի այդ կոպիտ խախտումներով քաղաքապետի թեկնածու է առաջադրել Երեւանում հաշվառում չունեցող անձի:
"Ընտրական օրենսգրքի" 2-րդ հոդվածի1-ին կետի 1-ին պարբերությունը սահմանում է' ՙՀայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, իսկ ՏԻՄ ընտրությունների ժամանակ նաև համապատասխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող եւ փաստացի բնակվող յուրաքանչյուր ոք:
ՏԻՄ ընտրությունների ժամանակ սույն օրենսգրքով ՀՀ քաղաքացիների համար նախատեսված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաեւ ՀՀ քաղաքացիություն չունեցող' ընտրական իրավունքով օժտված անձանց վրա՚: ԿԸՀ-ի պարզաբանումները այս խնդրի կապակցությամբ ՙՕրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին նախադասության 2-րդ մասը վերաբերվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունքին՚:
Իսկ 2009 թվականի փետրվարի 26-ին ԿԸՀ-ն սահմանել է ՙԵրեւանի Ավագանու ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույց՚-ը, որի 10-րդ կետում ասված է' ՙՀաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ հայտ կարող են ներկայացնել .......՚
2009 թվականի մարտի 10-ին ԿԸՀ-ն որոշում-պարզաբանում է կայացրել համաձայն որի' ՙ...ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ԸՕ 2-րդ հոդվածի համաձայն,
ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ինչպես նաեւ ընտրություն անցկացվող համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող եւ փաստացի բնակվող 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիություն չունեցող յուրաքանչյուր ոք՚:
Եզրափակելով Հայաստանի պառլամենտարիզմի Կենտրոնը առաջարկություններ է ներկայացնում ԿԸՀ ձեւավորող սուբյեկտներին' համապատասխան միջոցների ձեռնարկում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, ԵԽ հայաստանյան գրասենյակին' ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի 8.2. կետի պահանջ-առաջարկությունների չկատարման բարձրաձայնման վերաբերյալ, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին' հրատապ միջոցների ձեռնարկումը Երեւանցու քաղաքական իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Էջանիշներ