ԱՐԻՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՇԻՐՎԱՆՅԱՆ
Երուսաղեմի հայոց պատրիարքության միջեկեղեցական կապերի պատասխանատու
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՅԵԼՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ Է
-Կարելի՞ է հստակեցնել. որո՞նք են Հայ Առաքելական եկեղեցու իրավասությունները, եւ ի՞նչ սեփականություն ունի եկեղեցին Երուսաղեմում:
- Սուրբ երկրի մեջ մեր Պատրիարքությունը դարերով միջազգային և ազգային սրբավայրերու տեր դարձած է սկսյալ չորրորդ դարեն` Հայաստանի քրիստոնյա դառնալեն անմիջապես հետո: Յոթերրորդ դարում ունեցած ենք յոթանասուն վանքեր` Անաստաս Վարդապետի վկայության համաձայն: Այժմ սակայն ունինք միայն 6 վանքեր, որոնցմե երեքը Երուսաղեմի Մեյսիոն լեռան վրա, Սուրբ Հակոբի մայրավանքու, Սուրբ Հրեշտակապետաց և Սուրբ Փրկչի վանքերու, Բեթղեհեմին մեջ Սուրբ Ծննդյան վանքը` Սուրբ Ծննդյան Տաճարին կից, Սուրբ Գեւորգի վանքը Ռամլեյի մեջ և Սուրբ Նիկողայոսի վանքը Յաֆայի մեջ:
Ունինք նաև եկեղեցիներ Յերուսաղեմում և Հայֆայի մեջ: Միջազգային սրբավայրերին մեջ շատ կարեւոր սեփականատիրության իրավունքներ և առանձնաշնորհումներ ունինք, համահավասար գետնի վրա Հույն Օրթոդոքս և Լատին եկեղեցիների հետ: Այսպես, քրիստոնեական ամենասուրբ վայրը` Սուրբ Հարության Տաճարը, ուր կգտնվի Քրիստոսի Սուրբ Գերեզմանը, հավասարապես կպատկանի հայոց, հունաց և լատինաց: Այս Տաճարեն ներս մենք նաև ունինք 2 եկեղեցիներ և երեք այլ մատուռներ: Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան Տաճարին մեջ մենք ունինք մեր եկեղեցին և Ծննդյան Սուրբ Այրը հավասարապես կու պատկանի մեզի, հունաց և լատինաց: Երուսաղեմի Գեթսեմանի Սուրբ Աստվածածնի Տաճարը, ուր կու գտնվի Սուրբ Կույսին Գերեզմանը, հավասարապես կու պատկանի միայն մեզի և հունաց, բայց ոչ լատինաց: Իսկ սուրբ Համբարձման սրբավայրին մեջ եւս մենք ունինք մեր ավելի մեծ բաժինը քան մյուս հարեւանությունները:
Մեր Մայրավանքի մեջ շատ կարևոր ազգային սրբավայր մըն է Սրբոս Հակոբյանց Տաճարը, ուր 2 Սրբերի, սուրբ Հակոբ Թյանեղբոր և սուրբ Հակոբ Զեբեթյան Առաքյալներու մասունքները թաղված են: Այս Սրբավայրերու մեջ մենք կկատարենք ամենօրյա պաշտամունքներ, սուրբ պատարագներ Քրիստոսի Գերազմանին և Սուրբ Աստվածածնի գերեզմանին վերա, Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան Այրին մեջ անխափան կերպով: Իսկ Սրբոց Հակոբյանց Տաճարի մեջ նույնպես ամենօրյա արարողություններ կունենանք:
Սրբոց Հակոբյանց Մայրավանքում մեր պատրիարքության կենտրոնն է, ուր ունինք մեր պատրիարքարանը, Սրբոց Թարգմանչաց երկրորդական վարժարանում եւ մեր Ալեքս եւ Մարիե Մանուկյան ժառանգավորաց վարժարանն ու Ընծայարանու, երկու մատենադարաններ, Գյուլբենկյան եւ Սուրբ Թեոդորոսի ձեռագրատունը, տպարան, երկու ակումբներ, Էդվարդ և Հելեն Մարտիկյան թանգարանը, բազմաթիվ բնակարաններ:
Մայրավանքեն դուրս եւ անմիջապես կից կա հայոց թաղը, ուր կբնակին հայ ընտանիքներ դարեր ի վեր: Մեր հիշյալ երեք վանքերը եւ հայոց թաղը կգրավեն Երուսաղեմի հին քաղաքի 1/6 տարածությունը` Սիոն լեռան վրա:
Բացի հիշյալ եկեղեցիներեն և հաստատություններեն, Հայֆայի (Իսրայել) և Ամմանի (Հորդանան) մեջ ունինք համայնքներ և եկեղեցիներ:
Իսկ մեր պատրիարքությունը նաեւ սեփականատեր է առեւտրական եւ բնակարանային կալվածքներու եւ հողատարածքներու, որոնցմե կապահովի պատրիարքության եկամուտը:
Հայոց պատրիարքությունը միջազգային ճանաչում վայելող հաստատություն մըն է հունաց և լատինաց պատրիարքություններեն զատ: Հայոց պատրիարքի ընտրությունը կու վավերացվի Իսրայելի, Պաղեստինի և Հորդանանի Կառավարությանց կողմե:
-Սուրբ ծննդյան արարողության հետ կապված (մասնավորապես Բեթղեհեմում)` ինչպիսի՞ արարողակարգ ունի Հայ Առաքելական եկեղեցին:
- Սուրբ ծնունդը Բեթղեհեմում տոնվում է տարին երեք անգամ. դեկտեմբերի 24-25-ին` Կաթողիկե եկեղեցվո կողմե, հունվարի 6-7-ին` հույն, ղուփթի, ասորի և հապեշ եկեղեցիներու կողմե եւ հունվարի 18-19-ին` Հայ Առաքելական եկեղեցվո կողմե: Հունվարի 18-ի առավոտյան հայոց պատրիարքը և Սրբոց Հակոբյանց Միաբանություն Երուսաղեմեն ինքնաշարժի հսկա տապարով և իսրայելյան ոստիկաններու ուղեկցությամբ կուղեւորին դեպի Բեթղեհեմ: Ճանապարհին իսրայելյան ձիավոր ոստիկաններ կառաջնորդեն պատրիարքական ինքնաշարժու մինչև պաղեստինյան սահման ուր պաղեստինցի ձիավոր ոստիկաններ կփոխարինեն իսրայելացիներուն: Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան Հրապարակին մեջ հայոց պատրիարքին կողջունեն Բեթղեհեմի և շրջակա քաղաքներու քաղաքապետեր, պաղեստինյան ոստիկանապետը եւ երեւելիներ: Այսպես հանդիսավոր թափորով պատրիարքը և հայոց միաբանությունը ՙՀրաշաբար՚ շարականի երկխոսությամբ մուտք կգործեն հայոց Սուրբ Ծննդյան Վանք: Այնտեղ Պաղեստինի նախագահին ներկայացուցիչը ողջունի խոսք կուղղե Պատրիարքին: Պատրիարքը շնորհակալություն կհայտնե: Նույն կեսօրե յետքը ՙՀրաշաբար՚-ով պատրիարքը մուտք կգործե Սուրբ Ծննդյան Տաճար եւ Սուրբ Այրին մեջ իր ուխտը կատարելեն յետքը հայոց եկեղեցվո մեջ Ճրագալույցի ժամերգություն, Սուրբ Պատարագ և Սուրբ Ծննդյան նախատոնակ կկատարվի:
Դադար կտրվի: Այդ միջոցին հյուրասիրություն տեղի կունենա հայոց վանքի ներքնասրահին մեջ, ուր ներկա կլլան Պաղեստինի ինքնավար իշխանության նախագահն ու պետական անձնավորություններ հայկական համայնքի անդամների հետ միասին:
Գիշերային ժամերգությունը կսկսի ժամը 10:00-ին: Կեսգիշերին Պատրիարքը Սուրբ Այրին մեջ կկարդա Սուրբ Ծննդյան Ավետարանը, կտա իր պատգամը, կերգվին «Խորհուրդ Մեծե շարականը եւ այլ երգեր: Ժամերգությունն անընդմեջ կշարունակվի մինչեւ հաջորդ առավոտ` երկու Սուրբ Պատարագներու մատուցմամբ եւ Ջրօրհնեք կատարելով: Ապա Միաբանությունը կվերադառնա Երուսաղեմ:
[I]
-Սուրբ ծննդյան ուխտին ուխտավորներ լինո՞ւմ են սփյուռքից եւ Հայաստանից, եւ տարիների ընթացքում աճո՞ւմ է արդյոք նրանց թիվը:[/I]
- Ուրախ ենք, որ վերջին մի քանի տարիներուն Սուրբ ծննդյան տոնի առթիվ Սուրբ Երկրի մեջ ապրող հայ հավատացյալներեն զատ ուխտավորներ կունենանք Սփյուռքեն եւ մանավանդ Հայաստանեն: Եվ սա մեզի գոհունակություն կպատճառե: Անոնք հոգեւոր իրենց սնունդը կստանան, եւ մենք կզգանք, որ մենակ չենք այստեղ, եւ որ օտարներն ալ կտեսնեն, որ հայ ժողովուրդ կա, որ տերն է իր սրբավայրերուն: Կամաց-կամաց հայ ուխտավորներու թիվը կավելանա, երբ պատերազմական գործողություններ տեղի չեն ունենար շրջանին մեջ:
-Վերջերս բոլորս ականատես եղանք հունական եկեղեցու հետ հարաբերությունների սրմանը: Ի՞նչ իրավիճակ է այսօր: Կա՞ն բանակցություններ երկու եկեղեցիների միջեւ, խնդրի լուծման տարբերակներ ի հայտ գալի՞ս են արդյոք:
- Սրբավայրերու մեջ երբեմն երբ հարցեր կու ծագին երկու հարեւանություններու միջեւ, թեպետ խռովություններ անմիջապես վերջ կգտնին, բայց հարցերու քննարկումը կողմերու միջեւ կրնա երկար ժամանակ պահանջել: Պատճառն այն է, որ սրբավայրերուն գոյավիճակի պահպանման խախտումներն լուրջ ուսումնասիրության կկարոտին, եւ եթե բանավեճին մեջ գտնվող կողմերը համաձայնության չի գան, շրջանի իշխող կառավարության իրավարարությանը կդիմվի` համաձայնության եզր գտնելու համար: 9 նոյեմբերու 2008-ի հույներու հետ ունեցած մեր Գյուտ Խաչի Տոնի արթիվ ցավալի բախումին կապակցությամբ, որի ընթացքին հույները նախահարձակ եղան մեր վրա ու մեր արարողությունը խանգարեցին, մենք բողոքներ ներկայացրած ենք իսրայելյան կառավարությանը եւ կպասինք վերջինիս իրավարարության մեր եւ հույն Օրթոդոքս պատրիարքության միջեւ վեճի հարց լուծելու համար:
-Ձեր կարծիքով` ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն խնդիրը վերջնական լուծելու համար:
- Սրբավայրերու մեջ ծագած, վերջին 6 տարիներու մեր ունեցած փորձը հույներու հետ մեր ունեցած վիճելի հարցերուն մեջ մեզի բերած է այն եզրակացության, որ իսրայելյան իշխանությունը չի կամենար մեր եւ հույն պատրիարքարանի միջեւ իր իրավարարի պատասխանատվությունը ի գործ դնել` կրավորական կեցվածք բռնելով եւ թույլ տալով, որ հարցեր սրվին: Մենք թեպետ միշտ խաղաղ գոյակցության կողմնակից ենք, բայց նաեւ նախանձախնդիր ենք մեր միջազգային եւ ազգային սրբավայրերու եւ իրավունքներու արդարացի պաշտպանության` պահպանության համար մեր Հայաստանյաց Առաքելական Եկեղեցվո եւ մեր հայ ազգին պատկանող Սուրբ Երկրի մեջ մեր բազմադարյան ժառանգությանց, որոնց այսօրվան պահապաններն ենք այնտեղ` որպես Սրբոց Հակոբյանց զինվորյալ Միաբանության: Հիմա որ մենք ունինք անկախ Հայաստանի Հանրապետություն, կակնկալենք, որ մեր պետությունը զորավիգ կանգնի Երուսաղեմի մեր պատրիարքությանը եւ իր դիվանագիտական միջոցներով պաշտպան հանդիսանա մեր միջազգային եւ ազգային սրբավայրերու, այլ սեփականությանց եւ իրավունքներու:
“ԱՐՄԵԴԻԱ” տեղեկատվական,
վերլուծական գործակալություն
09.01.2009
Էջանիշներ