ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ԵՎ ԻՆՔՆԱՎԱԽԵՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ
Սկզբում եղել է խոսքը` Լավ չենք ապրելու, Սերգո ջան, մինչև ՀԱՐՑԸ չլուծվի: Ճիշտ դուրս չեկավ խոսքը: ՀԱՐՑԸ չլուծվեց, բայց Սերգոն այդ արանքում սկսեց շատ լավ ապրել և հիմա էլ, ոնց որ թե, չի բողոքում:
Հետո եղավ միտքը: Ավելի ճիշտ` մտքերի շարան: Մեկը մեկից վախենալու, ինչպես նաև` մեկը մեկից գայթակղիչ: Եկեք մեկ անգամ ևսª «ազգի համար բախտորոշ այս օրերին», կրկին վախենանք և գայթակղվենք բոլորս միասին: Ասել է, թե` ազգովին: Զի հայրենի իշխանություններն արդեն որերորդ տարին է, որ զբաղված են մեզ «ի շրջանս յուր» դարձնելու ազգանվեր գործով: Ասել է թե` վախկոտն ու ստրուկը որպես հայի միակ հոմանիշներ մեր մեջ կրկին արմատավորելու տքնանքով: Եկեք բայց սկզբից վախենանք, հետո նոր գայթակղվենք: Այդպես երևի թե ավելի թեթև կտանենք: Զուր չի ասված ինչ-որ մի մեծ հայի շուրթերով. «վերջը լավ ըլնի…»:
ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ ՍԱՐՍԱՓԵՑՄԱՆ
1. «ԱՌԱՆՑ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄՆ ԱՆՀՆԱՐ Է»
Բայց չեն ասում, թե ում համար: Մենք մեր հարցերը լուծել ենք, թերևս դեռ կիսատ: Ով որ Ղարաբաղի վերաբերյալ ինչ-որ խնդիր ունի, թող ինքը մտածի: Այն փիլիսոփայությունը, որը դրված է այսօրվա բանակցային գործընթացում, «փոխզիջման» բառի տակ հասկանում է հենց ամենախաս զիջում զուտ հայկական կողմից: Ով քաղաքական և դիվանագիտական մտքի հայոց տիտաններ, բացատրեք նվաստիս, վերջապես, թե այս պահին հատկապես ինչն է մեզ զիջելու Ադրբեջանը: Բարդան, Եվլախը, Կիրովաբադը: Ինչի դիմաց ենք Ադրբեջանին հող նվիրելու: Արդյոք Ղարաբաղի անկախության ճանաչման դիմաց: Է թող չճանաչի: Որ մինչև հիմա չի ճանաչել, ինչ է, անկախ չենք եղել և ինչով ենք տուժել:
2. «ԵԹԵ ՀՈՂԵՐԸ ՉՏԱՆՔ, ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԿՍԻ ՄԵՐ ԴԵՄ»
Վախցանք, ապե: Է, քսան տարի առաջ էլ սկսեց: Տո երանի չէ, որ մեր հարցերը հենց զուտ պատերազմով լուծվեին, ու էլ չընկնեին տարբեր բենզա-քյաբաբային և նմանատիպ այլ ոլորտների ծնունդ քաղաքական կոչվող գործիչների ձեռքը: Եվ բերեք գեթ մեկ օրինակ, երբ մի ազգը հարևանին հող է տվել` հանգիստ ապրելու երաշխիքների դիմաց: Չկա այդ օրինակը, որովհետև աշխարհում չկա այդչափ հիմար մի ազգ, որ հավատա նման անհեթեթության: Մեզանից շատ ավելի հաջողակ ազգերը, կարծես, առաջնորդվել են շատ ավելի նվազ մարդասիրական սկզբունքով` «խաղաղություն ես ուզում` պատրաստվիր պատերազմի»: Ու չեն տուժել:
3. «ԵԹԵ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՉԳՆԱՆՔ, ԱՇԽԱՐՀԸ ՄԵՐ ԴԵՄ ԿՍԿՍԻ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼ»
Այդ առումով մտահոգվելու բացարձակապես առիթ չունենք: Նախ անհասկանալի է, թե ինչպես է աշխարհը պատժում մի ինչ-որ ժողովրդի: Պատժում է սովորաբար պետությանը, ի դեմս նրա իշխանության: Բայց դա էլ բացառվում է այն դեպքում, երբ իշխանությունը արտահայտում է իր ժողովրդի տեսակետն ու կամքը: Վատագույն դեպքում, եթե այդ ազգն ու նրա իսկական ընտրյալները, համենայնդեպս, աշխարհի դուրովը չեն, ազգն ու ղեկավարը պատժամիջոցները կրում են միասին և ի վերջո դուրս գալիս ինչ-որ բան շահած ու պահպանած: Մեր մոտ ամեն ինչ հակառակն է. մեր ղեկավարությունը աշխարհի դուրովն է, բայց մեր դուրովը չէ: Մենք էլ մեր ղեկավարության դուրովը չենք ու չենք էլ եղել` հա էլ մեր վրա տանկ ու զորք է հանել: Այնպես որ, աշխարհը դժվար թե մեր դեմ ավելի դաժան պատժամիջոցներ հնարի և կիրառի, քան արդեն քանի տարի օրն ի բուն կիրառում են մեր հայրենի, հարազատ իշխանությունները, աշխարհի թողտվությամբ: Կկրճատվեն դրսի ֆինանսական ներարկումները: Իսկ էսօր որ կան, մեզ ինչ: Օգտվողների աչքը լույս: Դուք չեք թողնում, որ դրսում աշխատող մեր հարազատների վաստակը լրիվ մեզ հասնի, դրամը խաղացնելով քամում եք, դրսի վարքերից եք արդյոք մեզ բաժին հանելու: Իսկ թե դրսի հոպարները ինչ դաստիարակչական ապտակներ են նախատեսնում իրենց կամքը չկատարողների համար, մենք, հասարակ մահկանացուներս, կներեք, ինչ կապ ունենք այդտեղ: Մենք ով ենք:
ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ ԳԱՅԹԱԿՂՄԱՆ
Դրանք բոլորը եթե միավորենք, կունենանք հետևյալ փայլուն մի բանաձև. «Եթե հողերը տանք, ճանապարհները կբացվեն, Հայաստանը կներգրավվի տարածաշրջանային տարբեր նախագծերի մեջ, կսկսի հզորանալ, և բոլորս կսկսենք լավ ապրել»:
Հավատում ենք մեծ սիրով: Բայց այդ հանճարեղ բանաձևը երկրի և ժողովրդի վրա կիրառելուց առաջ կիրառեք նախ ձեր վրա, պարոնայք ազգի հայրեր: Ամեն մեկդ, ձեր ունեցած սեփականությունից մի աննշան մաս զիջեք որիշի և տեսնենք, թե դրանից ինչքան ժամանակ հետո դուք կսկսեք ավելի հարստանալ ու զարգանալ: Հենց որ դա տեսանք, պատրաստ ենք հանձնել ոչ միայն Աղդամը, այլ նաև Երևանը:
Իսկ ինչ վերաբերում է ապաշրջափակմանն ու ճանապարհների բացմանը, ապա սա նույնպես հարց չէ: Նախ, գոյություն ոնեցող իրականությունն այնպիսին է, որ այդ ամենից օգուտ կսկսեն քաղել մի քանի անհատներ, և ոչ թե ամբողջ բնակչությունը: Թալանի ձևը կգտնվի, եթե արդեն իսկ գտած ու պատրաստած չէ: Իսկ ամենակարևորը` նույնիսկ շրջափակման պայմաններում Հայաստանում առկա է երկնիշ թվերով նկարագրվող տնտեսական աջ: Պատկերացնում եք ինչ տեղի կունենա, եթե հանկարծ ճանապարհները բացվեն: Կովկասյան վագրը կարձանագրի տնտեսության մեջ աննախադեպ մի թռիչք` երևի արդեն եռանիշ թվերով նկարագրվող տնտեսական աճ: Հաշվի առնելով մեզ հետ չառնչվող աշխարհում մոլեգնող այսօրվա տնտեսական ճգնաժամը, այդ բանը չարժի որ թույլ տրվի: Չարժի էլի, որ մեր բարեկեցության պատճառով առկա ճգնաժամը վերածվի համաշխարհային տնտեսական աղետի: Այնպես որ, քանզի Հայաստանի ապաշրջափակումը այսօր օրակարգի խնդիր չէ, չարժե շտապել և հողերը հետ տալ: Մի քիչ էլ էստեղ-էնտեղ բազար արեք, պարոնայք: Որիշին տալը հա էլ կա: Հայերիս մոտ դա շատ հեշտ է ստացվում:
ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՍԵՆՑՅԱՆ
Էջանիշներ