Նախ Ձեր սուբյեկտիվ կարծիքի վրա հիմնված փաստերի մասին. Ս. Կլեմենտը հայերեն Կղեմեսն է, բայց որ մեկին ի նկատի ունեք? Կղեմես Ալեքսանդրացուն, Կղեմես Հռոմեացուն, թե մեկ ուրիշի? Եւ կոնկրետ որ գործում են թվարկված այդ սուրբ ատրիբուտները? Այս հարցերը հստակեցնենք, որպեսզի ավելի ճշգրիտ լինի հարցի պարզաբանումը: Gospel of Barnabas-ի կամ ավելի ճիշտ` Բառնաբբասի նամակի պարագան հանենք, ես անգամ անիմաստ եմ գտնում նայել այդ հատվածը, որպեսզի պարզեմ, թե կոնկրետ որ դրվագի մասին է խոսքը: Պատճառը շատ պարզ է. այդ գործը գրված է Պողոս առաքյալի գործակից Բառնաբբասի անունով, բայց վաղուց արդեն ապացուցված է, որ այն կեղծ է և գրվել է ուշ շրջանում ու վերագրվել Բառնաբբասին: Այլ խոսքով ասած` այն պարականոն գործ է, ապոկրիֆ: Իսկ Պողոս առաքյալի` Եբրայեցիներին ուղղված թղթի Ձեր նշած կոնկրետ հատվածը հետևյալն է. <Նայենք Հիսուսին` հավատի զորագլխին, այն կատարելագործողին, որն իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը և նստեց Աստծու աթոռի աջ կողմում>: Կներեք, Մոգուս ջան, բայց ինչ կապ այս հատվածը Ձեր ասածի հետ? Բացառությամբ այն բանի, որ պարունակում է խաչ բառը: Ինչ վերաբերում է Կոստանդիանոս կայսեր տեսիլքին. այդ տեսիլքի համաձայն Կոստանդիանոս Մեծը Միլվիայի կամրջի մոտ ճակատամարտից առաջ տեսիլք է տեսնում, համաձայն որի երևում է Խաչի նշանը ու պատգամ. <Սրանով կհաղթես>: Հաջորդ օրը Կոստանդիանոսի բանակը ճակատամարտի մեջ է մտնում դրոշներով, որոնց վրա պատկերված էր Խաչի նշանը, և հաղթանակ է տանում: Այդ իրադարձություններից հետո Կոստանդիանոսը 313թ. Միլանյան էդիկտով քրիստոնեությունը հռչակում է թույլատրելի կրոն Հռոմեական կայսրության մյուս կրոններին հավասար: Բայց նախքան այդ ամենը քրիստոնյաներն արդեն երեք դար ամենադաժան ձևերով հալածվում էին կայսրության մեջ և ստիպված էին գաղտնի պայմաններում իրականացնել իրենց պաշտամունքային կարգերը: Այն, որ Կոստանդիանոսից առաջ արդեն քրիստոնյաների համար սրբազան խորհրդանիշ էր խաչը, շատ օրինակներ բերելու կարիք չկա. բավական է տեսնել միայն Հռոմի կատակոմբաներում (ուր գաղտնի հավաքվում էին քրիստոնյաները) պահպանված խաչի նշանները: Իսկ Կոստանդիանոսի զինվորների խաչազարդ դրոշներից եկեղեցական ծեսի մեջ է մտել խաչվառը. հավանաբար սա է շփոթության պատճառ դարձել Ձեզ համար կամ այն աղբյուրի, որտեղից քաղել եք այդ ինֆորմացիան: Խաչվառը ամեն կիրակի կարող եք տեսնել Ս. Պատարագի ժամանակ, երբ եկեղեցականների թափորը Խորանից իջնում և պտտվում է ժողովրդի մեջ. առջևից տարվող խաչազարդ դրոշն է, որի վրա կարող են պատկերված լինել նաև Աստվածամոր, Հարության, Խաչելության կամ այլ պատկերներ:
Անցնենք առաջ. Մոգուս ջան, ոչ մեկ չի էլ պնդում, որ խաչի ձևը քրիստոնեության գյուտը կամ մենաշնորհն է: Եթե քրիստոնեության խորհրդանիշը լիներ, ասենք, շրջանի կամ եռանկյան տեսքով, էլի կարելի կլիներ բազմաթիվ նմանօրինակ զարդեր, սիմվոլներ ու պաշտամունքային ատրիբուտներ հայտնաբերել նախաքրիստոնեական շրջանից: Կարող ենք այդքան հեռուները չընկնել. խաչը Քրիստոսից առաջ էլ ահագին ժամանակ Հռոմեական կայսրության մեջ արդեն հայտնի էր իբրև մահապատժի գործիք, որի վրա մահապատժի էին ենթարկվում հիմնականում ստրուկները, քանի որ այն համարվում էր մահապատժի անարգ միջոց. Հռոմի քաղաքացիներին չէին խաչում: Քրիստոնյաները կարիք չունեին ընկնել դարերի խորքը, պարզել, թե Ասորեստանում, Հնդկաստանում կամ էլ Ամերիկայում (որի գոյության մասին թերևս դժվար էլ թե իմանային) հորիզոնական և ուղղահայց գծերի խաչաձևումն ինչ սրբազան իմաստներ է պարունակել, որ մի հատ էլ որոշեին այն դարձնել կամ չդարձնել իրենց կրոնի խորհրդանիշը: Կա որոշակի իրողություն. Հիսուս Քրիստոսին խաչել են: Ու վերջ. սա է քրիստոնյաների ելակետը: Իսկ այ թե ոնց է պատահում, որ կրոնի հիմնադրի ու առանցքային դեմքի մահապատժի գործիքը վեր է ածվում տվյալ կրոնի խորհրդանիշի ու պաշտամունքային արժեքի, սա արդեն այլ հարց է: Այստեղ ավելի լավ կլինի մի քիչ ավելի խորամուխ լինել տվյալ երևույթի բովանդակության մեջ` նախքան վստահությամբ պնդելը, որ սիմվոլիկայի, փիլիսոփայության կամ ուրիշ առումներով նոր բան ասում է կամ յուրահատկություն ունի, թե ոչ? Կարող եք ինձ ցույց տալ որևէ կրոն, որտեղ Աստված Իր ստեղծած մարդու փրկության համար վճարում է նրա մեղքի վարձը Իր Միածին Որդու Խաչելությամբ, որով Խաչը դառնում է Աստծո անսահման սիրո և փրկության ճանապարհի խորհրդանիշը? Գիտեք ուրիշ որևէ կրոն, որ ունի Խաչյալ Աստծո գաղափարը? Իսկ այն, որ քրիստոնյաների համար խաչն իր սրբազան արժեքն ուներ ի սկզբանե, արտացոլված է հենց Սուրբ Գրքում, այն էլ Նոր Կտակարանի վաղագույն գրվածքներից Պողոս առաքյալի նամակներում: Բերում եմ մեկ օրինակ. <Քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ` աշխարհի համար> (Գաղատ. 6.14):
Հ.Գ. Հարգելի Մոգուս, կներեք, բայց Ձեր գրառման շարունակությանը կանդրադառնամ ավելի ուշ: Պարզապես այնքան շատ գործ կա անելու, որ կամ ժամանակ չեմ ունենում ֆորում մտնելու, կամ էլ մտնելուց այնքան հոգնած եմ լինում, որ երկար գրառումներ անելը դժվարանում է:Բայց անպայման կանդրադառնամ:
![]()
Էջանիշներ