Պլուտարքոսի բերած տվյալներին ընդհանրապես և թվական տվյալներին հատկապես, որոնք գրված են ռասիստական դիրքերից և նպատակ ունեն ամեն կերպ փառաբանել հռոմեական պետությունը և բանակը, պետք է վերաբերվել չափազանց զգուշորեն ու դեն նետել նրանք, որոնք չեն տեղավորվում հստակ տրամաբանական շրջանակներում:
Ավելին, Պլուտարքոսի ակնհայտ հորինված թվերը պարզորեն երևում են հետևյալից:
Ըստ Պլուտարքոսի Լուկոլլոսը. ‘‘… Սոռնատիոսին թողնելով 6.000-անոց զորամասով Պոնտական մարզը պահպանելու, ինքը 12.000 հետևակով և 3.000-ից էլ պակաս հեծյալներով մեկնեց հաջորդ պատերազմը մղելու’‘: Այսինքն արշավանքի սկզբում Լուկոլլոսը, ըստ վերջինիս, ուներ 15.000-ից մի քիչ էլ քիչ ռազմիկ:
Սակայն արդեն մ.թ.ա. 69 թ-ի հոկտեմբերի 6-ի Տիգրանակերտի ճակատամարտում ըստ նույն Պլուտարքոսի. ‘‘Մուրենային 6.000 հետևակով նա (Լուկոլլոսը – Մ.Հ.) թողեց պաշարումը շարունակելու, իսկ ինքը վերցրեց իր հետ 24 կահորտ, որը կազմում էր ոչ ավել, քան մեկ բյուր ծանրազեն հետևակ, ինչպես նաև ամբողջ հեծելազորը (3.000 – Մ.Հ.) և շուրջ 1.000 պարսատիկավոր ու աղեղնավոր և նրանց հետ շարժվեց թշնամու վրա…’‘: Այսպիսով ինչ-որ մի հրաշքով Տիգրանակերտի տակ հռոմեական 15.000-անոց բանակը հանկարծ դառնում 20.000, չհաշված դեռ այն, որ թշնամական երկրում խորացող հռոմեական բանակը իր կոմունիկացիաները ապահովելու համար պետք է գոնե մի քանի կարևոր վայրերում կայազորներ թողներ, այսպիսով ավելի քչացնելով, այլ ոչ թե շատացնելով իր թիվը:
Պլուտարքոսի բերած տվյալների անիրականությունն իր գագաթնակետին է հասնում Տիգրանակերտի ճակատամարտի մասին պատմելիս, թե իբր Մեծ Հայքի բանակի հետևազորից սպանվել է 100.000 մարդ, իսկ հեծելազորից շատ քչերն են ազատվել, այն դեպքում, երբ հռոմեական բանակը կորցրել է ընդամենը… 5 հոգի (քիչ է մնում մեր կողմից ավելացնենք, թե այդ 5 հոգուն էլ ամենևին հայերը չսպանեցին. նրանք, որ ունեին մի քանի հազարամյա ռազմական ավանդույթներ, բազմիցս տարածաշրջանում ընդհարվել էին աշխարհակալ պետությունների հետ ու ետ մղել նրանց ոտնձգությունները, մի քանի անգամ հասել էին գերիշխանության ու հենց նոր էլ ստեղծել էին մի հսկայական կայսրություն, դրանում լրիվ անընդունակ էին, ուղղակի հռոմեական բանակի զինվորներից մեկը ընկավ ձիուց, մյուսը մահացավ սրտի կաթվածից, երրորդին սխալմամբ հենց հռոմեացիները նետահարեցին, չորորդին օձը կծեց, իսկ վերջինին հարվածել էր իր անձնական թշնամին և ընդհանրապես նա միայն ծանր վիրավորված էր…):
Էջանիշներ