Իրավիճակը լիակտար պատկերացնելու համար ավելացնենք, որ արդեն VI դարի սկզբներից մինչ այդ էլ Հայաստանի հյուսիսային նահանգներում հսկայական ազդեցություն ունեցող Բագրատունիները առավել ուժեղացրին իրենց դիրքերը, իսկ 570 թ-ին Իբերիայի թագավորության վերացումից հետո, ժառանգականորեն վարելով Վրաստանի էրիսմտավարի պաշտոնը, մինչև VIII դարի կեսերը (Արմենիայի II ապստամբություն (736-737)) փաստացի դարձան Վրաստանի լիիրավ տերեր: Սակայն 737 թ-ից Հյուսիսային Բագրատունիները կորցրեցին գերիշխանությունը Վրաստանի տարածքում, իսկ նրանց տիրույթները սկսեցին սահմանափակվել Գուգարքի որոշ գավառներով: Եվ միայն 782 թ-ին, երբ Հայաստանի հյուսիսային գավառներում հաստատվում է Աշոտ Կուրացյալ Բագրատունու որդի Վասակ Բագրատունու սերունդը, Հյուսիսային Բագրատունիների նորացված ճյուղը կրկին ձեռք է բերում 737 թ-ից հետո կորցրած իր դիրքերը:
դ) Արտանուջի թագավորության արքաները 888-980 թվականներին կրում էին <<Թագավոր Վրաց և Հայոց>> տիտղոսը: Խիստ ուշագրավ այս փաստը ևս անտեսվել է և դրա փոխարեն առաջին պլան է մղվել միայն տիտղոսի մի մասը` <<թագավոր Վրաց>>-ը: Սակայն իրականում, ինչպես արդեն նշեցինք, Արտանուջի արքաների տիտղոսում առկա է նաև երկրորդ տեղում հիշատակվող <<թագավոր Հայոց>> բանաձևը: Ի՞նչը կարող էր ստիպել Հայաստանի տարածքում իշխող, որպես հպատակներ հիմնականում հայեր ունեցող և իրենց հայ համարող Հյուսիսային Բագրատունիներին ոչ միայն հռչակվել նաև <<թագավոր Վրաց>>, այլև տիտղոսային բանաձևում <<թագավոր Հայոց>>-ի նկատմամբ վերջինիս հատկացնել առաջնային տեղ:
Սա ևս ունի շատ ուշագրավ բացատրություն.
- բանն այն է, որ Արտանուջի արքաները իրենց թագավորությունը հռչակեցին 888 թ-ին: Իսկ մինչ այդ իրենց գլխավոր ճյուղը` Անիի Բագրատունիները, արդեն կրում էին <<Հայոց թագավոր>> տիտղոսը: Այս պայմաններում բնական է, որ համահայկական գերիշխանության ձգտող Բագրատունիները չէին կարող ունենալ երկու <<Հայոց թագավոր>>-ներ, մանավանդ որ Հյուսիսային ճյուղը քաղաքականապես ավելի թույլ էր և կախված էր իր գլխավոր ճյուղից` Անիի Բագրատունիներից,
- տիտղոսային այս բանաձևով Հյուսիսային Բագրատունիները, որոնք եռանդուն կերպով պայքարում էին Վրաստանի ողջ տարածքում գերիշխանություն ձեռք բերելու համար, ստեղծում էին <<իրավաբանական հիմք>> հավակնելու ողջ Վրաստանի տարածքին,
- նման ձևակերպմամբ Հյուսիսային Բագրատունիները, անմիջական կոնֆլիկտի մեջ չմտնելով իրենց գլխավոր ճյուղի հետ, համենայն դեպս ապահովում էին իրենց պահանջները նաև Հայոց գահի նկատմամբ: Ինչպես ցույց տվեց կյանքը, սա այնքան էլ տեսական դրույթ չէր, քանի որ 1044 թ-ից սկսած մինչև 18-րդ դարի վերջը Քարթլիի թագավորությունում իշխող արքայատոհմը հարմար առիթի դեպքում անմիջապես անդրադառնում էր համահայկական գահի նկատմամբ իր հավակնություններին և ձգտում գրավել Հայաստանի տարածքը:
Այսպիսով ըստ էության որևէ փաստարկ չի մնում Արտանուջի թագավորությունը համարելու վրացական և, դուրս մղելով նրա պատմությունը հայ ժողովրդի պատմության համատեքստից, մեխանիկորեն հրաժարվել նաև այս թագավորության տարածքը Հայաստանի բաղկացուցիչ մաս համարելուց:
Սակայն այս թեզը զարգացնելիս պետք չէ հետևել վրաց ազգայնամոլների օրինակին, ընկնել հակառակ ծայրահեղության մեջ և Հայկական հռչակել Արտանուջի թագավորության քաղաքական հետնորդը հանդիսացած հետագայի Քարթլիի թագավորությունը:
Պատմությունը լի է սահուն շրջադարձներով և հաճախ դժվար է ասել, թե երբ սկիզբ առավ այս կամ այն երևույթը, որը հետագայում բերեց հսկայական նշանակություն ունեցող փոփոխությունների: Օրինակ, ե՞րբ Հռոմեական կայսրությունը վերածվեց Բյուզանդիայի, իսկ հռոմեական պետությունը իր բնույթով դարձավ հունական: Պատմաբանները մինչ այժմ էլ վիճում են` առաջարկելով 330 (Կոստանդնուպոլսի հիմնումը), 395 (Հռոմեական կայսրության բաժանումը Թեոդոսիոս I Մեծի (379-394) որդիների միջև) և 476 (Հռոմի վերջին կայսեր Ռոմուլոս Ավգուստուլոսի (475-476) գահազրկումը) թվականները: Սակայն պետությունները, որպես էթնոմշակութային երևույթներ, չեն առաջանում մի քաղաքի հիմնադրումով, որևէ այլ պետության արհեստական բաժանմամբ կամ էլ ըստ էության որևէ իրական իշխանություն չունեցող ինչ-որ մի կայսեր գահազրկմամբ:
Իմ խորին համոզմամբ այսպես առաջանում է վարչա-քաղաքական միավորը, իսկ պետությունը, որպես էթնոմշակութային երևույթ, ստեղծվում է տասնամյակների, եթե ոչ հարյուրամյակների ընթացքում: Այս տեսանկյունից դիտարկելիս Բյուզանդիան առաջացել է 476 թ-ին, երբ մինչ այդ գոյություն ունեցող Հռոմեական կայսրությունը վերջնականապես կորցրեց Իտալիան: Հենց այս ժամանակից սկսած Բյուզանդիայում հունական տարրը վերջնականապես սկսեց գերիշխել հռոմեականի նկատմամբ` հետագա հարյուրամյակներում հռոմեացիների կայսրությունը աստիճանաբար վերածելով հույների կայսրության, որում արդեն հռոմեական էին թերևս միայն անցյալի խամրող հուշերը և մեկ էլ իր ուժից վեր հավակնություններ ունենալը: Այս ամենի մասին կարելի է երկար վիճել, սակայն իմ նպատակը այժմ այս հարցում վերջնական ճշմարտությանը հասնելը չէ: Ես ընդամենը ցանկացա այս օրինակի վրա ցույց տալ, որ պետությունները, որպես էթնոմշակութային երևույթներ, չեն առաջանում միանգամից:
Ո՞ր պահից հայկական թագավորությունը վերաճեց վրացականի, որ՞ն էր այն վճռական պահը, երբ հայոց այս թագավորությունը անդառնալի կերպով կանգնեց այն ուղու վրա, որը իրեն դարձրեց վրացական թագավորություն: Սա հայոց պատմության համար նույնքան կարևոր հարց է, ինչքան հունականի համար այն, թե որ պահից հռոմեացիների պետությունը դարձավ հույների պետություն:
Իմ կարծիքով որքան էլ զարմանալի է, սակայն Արտանուջի թագավորության հայականության կործանումը սկսվեց նրա ռազմա-քաղաքական ամենամեծ ձեռքբերումներից մեկից` այն պահից, երբ վերջինիս հաջողվեց իր կազմում ընդգրկել Աբխազական և Կամբեճան-Հերեթիի թագավորությունները, ինչպես նաև իրեն ենթարկեցնել Կախեթիի իշխանությունը:
Էջանիշներ